Ուրբաթ, 6 յունիս 2025 թւականին, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում, հովանաւութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի տեղի ունեցաւ յիշատակի արարողութիւն Ի. Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Իմամ Խոմէյնիի մահւան 36-րդ տարելիցի առիթով:
Կրօնական արարողութեան պատարագիչն էր Արժ․ Տ․ Վրթանէս քհնյ. Բաբախանեանը իսկ օրւայ առիթով Թեմակալ Առաջնորդի պատգամը ընթերցեց Թեմիս Առաջնորդի օգնական՝ Հոգեշնորհ Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը:
Սրբազան Հօր Պատգամը՝
Սիրելի հաւատացեալ քոյրեր եւ եղբայրներ,
Այս տարի լրանում է Իրանի Իսլամական Յեղափոխութեան հանգուցեալ առաջնորդ Իմամ Խոմէյնիի մահւան 36-րդ տարելիցը։
ժողովուրդների կեանքում միշտ էլ լինում են անձինք, որոնք ներշնչւած իրենց ժողովրդի վիճակից եւ պատմութիւնից, ռահվիրաների դեր են կատարում ժողովրդների կեանքում: Իրանեան մեր հայրենիքն էլ իր դարաւոր պատմութեան ընթացքում մեծ դէմքեր է ունեցել։
Իմամ Խոմէյնիի անունը, Իրանի նորագոյն պատմութեան հետ առնչւած եւ անջնջելիօրէն կապւած կը մնայ, որովհետեւ նա հանդիսացաւ այն անձնաւորութիւնը, որ կարողացաւ իր շուրջ համախմբել մի ողջ ժողովուրդ, ո՛չ միայն իրանեան տարածքում, այլեւ ողջ իսլամական աշխարհում: Մեծ է դերը այն մարդկանց, որոնք իրենց անձի հմայքով ժողովրդներին առաջնորդում են դէպի Աստւած եւ դէպի Աստւած առաջնորդելը նշանակում է դէպի խաղաղութիւն առաջնորդել: Իմամ Խոմէյնիի արժանիքներից մէկն այն է, որ նա յեղափոխութիւնը չսահմանափակեց աշխարհագրական մէկ տարածքով: Որպէս համեստ, խոհեմ եւ ժողովրդական հոգեւորական՝ Իմամ Խոմէյնին, գրաւեց Իրանի ազնիւ ժողովրդի սրտերը իր պարզութեամբ, անսասան եւ անպաճոյճ բնաւորութեամբ։
Որպէս զգօն կրօնական առաջնորդ՝ նա պայքարեց իր իրաւունքների համար՝ բողոքելով օտարերկրացիներից տրւած կապիտուլացիայի օրէնքի դեմ, որը խախտեց Իրանի ժողովրդի արժանապատւութիւնն ու իրաւունքները այդ ժամանակւայ քաղաքական ռեժիմի կողմից։
Նա սկսեց իր յայտնի ելոյթով՝ «Ով՜, Իրան, ես սգում եմ քեզ համար»։ Կո՛չ, որին ուշադրութիւն դարձրեց Իրանի արդար ազգը եւ բորբոքեց Իսլամական Յեղափոխութիւնը։ Շատերը փորձեցին ճնշել այս շարժումը, բայց ո՛չ ուժը, ո՛չ բանտարկութիւնը, ո՛չ էլ աքսորը չկարողացան յաղթահարել այն, եւ Իմամ Խոմէյնիի կողմից ազնիւ ժողովրդի օգնութեամբ վառւած կրակը բորբոքեց ամբողջ Իրանը եւ կոտրեց հին ռեժիմի թոյլ հիմքերը։
Հանգուցեալ իմամը յաղթեց, քանի որ նա ժողովրդական էր, եւ նրա շարժման հիմքը ժողովուրդն էր։ Նա յաղթահարեց ժամանակի ռեժիմին եւ նրա իշխող գաղափարախօսութեանը, քանի որ նրա գաղափարախօսութիւնն ու աշխարհայեացքը հիմնւած էին կրօնական ճշմարտութիւնների եւ անհերքելի մարդկային ու բարոյական արժէքների վրայ։ Իրանը միակ երկիրն է, որտեղ նրա ղեկավարութեամբ բոլոր փոքրամասնութիւնները, սահմանադրութեան համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութեան պաշտպանութեան ներքոյ, առաջին անգամ իրենց զգացին ազատ քաղաքացիներ։
Նրանց շնորհւեց քաղաքացիութեան իրաւունք, մի գործընթաց, որը հաւատարմօրէն շարունակւել է Այաթոլլահ Խամենէիի ղեկավարութեամբ: Իմամի հիմնական կարգախօսն էր՝ «Մեր կրօնը միակամութիւնն է, մենք մէկ ազգ ենք, եւ Իրանը մեր բոլորի հայրենիքն է»: Իմամի այս յայտարարութիւնը համապատասխանում է աւետարանական ուղերձին, որն ասում է. «Մարդիկ միմեանց եղբայրներ եւ քոյրեր են, եւ Աստւած նրանց բոլորի երկնային հայրն է»: Հայրենիքին հաւատարմութիւնը եւ Իրանի ժողովրդի տարբեր հատւածների զոհաբերութիւնը անհերքելի իրականութիւն է եւ կան այս պնդման ապացոյցները թէ՛ յեղափոխութեան ձեւաւորման եւ թէ դրա յաղթանակի ընթացքում ու նաեւ դրանից յետոյ պարտադրեալ պատերազմում։ Այսօր հանգուցեալ Իմամի ուղղու շարունակողը նրա արժանընտիր յաջորդող Այաթոլլահ Խամենէին է, ով իմաստուն, քաջարի եւ յեղափոխական առաջնորդ է, որը առաջնորդում է Իրանը իր իմաստութեամբ եւ ժողովրդին ու հայրենիքին անվերապահ նւիրւածութեամբ։ Այսօր մեր պարտականութիւնն է վառ պահել Իմամի ջահը եւ գործնականում կիրառել նրա առաջնորդութիւնը։
Այս առիթով անձամբ, մեր թեմի ողջ ժողովականութեան եւ Իրանահայ համայնքների կողմից մեր ցաւակցութիւններն ենք յայտնում երկրի հոգեւոր առաջնորդին, հանրապետութեան նախագահին, պատասխանատու պետական այրերին, իմամի թոռանը եւ ողջ Իրանի ժողովրդին, միեւնոյն ժամանակ աղօթելով որ տէրը անսասան պահի Իրանի Իսլամական հանրապետութիւնը իր ղեկավարների եւ ժողովրդի հետ միասին եւ երկար բարօր օրեր պարգեւի Իրանի մեր հայրենիքին։
Յիշատակն արդարոց յաւերժ օրհնութեամբ եղիցի։ Ամէն։
Արարողութեանը ներկայ էին՝ Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ նոյն խորհրդի ներկայացուցիչները, հանգուցեալ Իմամ Խոմէյնիի մահւան 36-րդ տարելիցը նշող կենտրոնական շտաբի կրօնական փոքրամասնութիւններին յանձնախմբի պատասխանատու Մոհամմադ Ռեզա Մովահեդին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը, Իրան-Իրաք Պարտադրեալ Պատերազմի Հայ Նահատակների եւ Անձնուրացների Արժէքների Պահպանման յանձնախմբի ներկայացուցիչները եւ նկատառելի թւով հաւատացեալներ:
Յաւարտ կրօնական արարողութեան, ազգային առաջնորդարանի դահլիճում կազմակերպւել էր հանդիպում, որի ընթացքում Հայր Սուրբը կարեւորութեամբ անդրադարձաւ Իմամ Խոմէյնիի անհատականութեանը եւ Իմամի հայ ժողովրդի նկատմամբ սիրալիր յարաբերութեանը։ Կրօնական փոքրամասնութիւններին յանձնախմբի պատասխանատու Մոհամմադ Ռեզա Մովահեդին նաեւ իր հերթին կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանի ժողովրդի միասնականութեանը եւ իր գնահատանքը յայտնեց իրանահայութեանը, որ միշտ իրենց համագործակցութիւնն են ցուցաբերել:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ