Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Իրանահայերը՝ Մշակոյթի, Արւեստի եւ Համակեցութեան Առաջնորդները Իրանում

Իրանագիտութեան հիմնարկի, «Արտակ Մանուկեան» ազգ. թանգարանի եւ «Նեգար» հրատարակչութեան նախաձեռնութեամբ՝ երեքշաբթի թւականիս հոկտեմբերի 7-ին, Իրանագիտութեան կենտրոնում տեղի ունեցաւ Իրանահայ Հասարակական եւ Մշակութային Գործիչների մեծարման եւ «آبرنگسازان ارمنی ایران» (Իրանի հայ գեղանկարիչների) գրքի շնորհանդէսի միջոցառումը:

Սոյն ծրագրի նպատակն էր արտացոլել հայ ժողովրդի եւ Իրանի պատմական ու մշակութային վաղեմի կապը եւ գնահատել իրանահայութեան դերը՝ Իրանի մշակոյթի, արւեստի եւ հասարակական կեանքի զարգացման գործում նաեւ ներկայացնել նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել երկրի մշակոյթի, գեղարւեստի, գիտութեան եւ հասարակական աշխատանքների բնագաւառներում:

Ծրագրի սկիզբին՝ Իրանագիտութեան հիմնարկի տնօրէն դկտր. Սալեհին միջոցառումը բնութագրեց, որպէս «գեղեցիկ համակեցութիւն», ինչը դարեր շարունակ եղել է Իրանի հոգեմտաւոր կապիտալներից մէկը: Նա շեշտեց.-«Իրանը մեր բոլորի ընդհանուր տունն է. Երկիր, ուր գոյութիւն ունի տարբեր ազգութիւնների ու կրօնների բազմազանութիւն եւ հայերը ոչ թէ հիւրերն են իրանում, այլ՝ ընտանիքի տան անդամները»։ Դկտր. Սալեհին անդրադարձաւ հայ ժողովրդի եւ Իրանի անքակտելի պատմական կապերին՝ սկսեալ Աքեմենեան շրջանից մինչեւ այսօր, եւ նշեց նրանց առաջատար դերը՝ առաջին տպարանի հիմնադրման, առաջին թերթի հրատարակութեան, ինչպէս նաեւ երաժշտութեան, ճարտարապետութեան, լուսանկարչութեան, արհեստների ու արւեստների, գիտութեան ու հասարակական, տնտեսութեան եւ բարերարութեան ոլորտների զարգացման մէջ։ Նա յաւելեց.-«Իրանագիտութեան հիմնարկը, որպէս գիտահետազօտական մի կենտրոն լաւատեղեակ է իրանահայութեան անմնացորդ դերակատարութեան մասին եւ բարձր գնահատելով այն համոզւած ենք, որ հայ ժողովրդի հարուստ պատմութիւնն ու մշակոյթը միաձուլւած է իրանական պատմութեանը եւ մշակոյթին եւ Իրանը ճանաչելը առանց նրանց ճանաչելը կատարեալ չի լինելու»:

Օրւայ բանախօսներից էր Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Յակոբեանը: Իր ելոյթի ընթացքում դեսպանը շնորհակալութիւն յայտնեց Իրանագիտութեան հիմնարկի հիւրընկալութեան համար եւ բարձր գնահատեց Իրանի ժողովուրդի յարգալից վերաբերմունքը հայ համայնքի հանդէպ։ Նա կարեւորութեամբ ընդգծեց իրանահայութեան դերը Իրանում՝ նշելով, որ այդ ներդրումը ոչ միայն իր ուրոյն դերն է ունեցել բարեկամ Իրանի մշակութային ու գիտական կեանքում, այլեւ անժխտելի նշանակութիւն է ունեցել Իրան-Հայաստան յարաբերութիւնների գծով: Դեսպանը նշեց.«Իրանում գտնւող հայկական եկեղեցիների գրանցումը «ԻՒՆԵՍԿՕ»-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում, վառ ապացոյցն է իսլամի եւ քրիստոնէութեան խաղաղ համակեցութեան մասին»։

Իրանի Իսլամական Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը նաեւ իր ելոյթի ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ հայ եւ իրանցի ժողովրդի դարաւոր խաղաղ գոյակցութեանն ու փոխյարաբերութեանը եւ նշեց. «Իրանի հետ կապերի հէնց առաջին իսկ օրւանից իրանահայերը այս երկրում ոչ թէ իրենց համարել են օտարերկրացիներ, այլեւ Իրանի մեծ ընտանիքի անդամը, եւ չեն խնայել իրենց կարելին երկրի վերելքի եւ տարածքային ամբողջականութեան պահպանման ճամբին»: Պատգամաւորն ընդգծեց, որ Իրանում, հայերը բազմաթիւ բնագաւառներում եղել են առաջինները, ինչպէս Իրանի աստղաֆիզիկայի մայր՝ Ալենուշ Տէրեանը, Իրանի ռոբատիկի հայր՝ Կարօ Լուկասըեւ բշատ ուրիշները՝ տարբեր ոլորտներում»:

Միջոցառման ընթացքում ելոյթներով հանդէս եկան նաեւ Ամիրքաբիր համալսարանի էլետկրաէնէրգիայի ամբիոնի դասախօս, եւ աշխարհի մէկ տոկոս գիտնականների ցուցակում իր ուրոյն տեղը զբաղեցնող պրոֆ. Գէորգ Կարապետեանը, Իրանցի Շահնամէագէտ եւ համալսարանի դասախօս դոկտ. Ջալալէդդին Քազազին, համալսարանի դասախօս, գեղանկարիչ, արւեստագէտ, ճարտարապետ դոկտ. Սիմոն Այւազեանը, «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի յանձնախմբի ներկայացուցիչ Իռէն Աբնուսեանը, «Նեգար» հրատարակչութեան տնօրէն դոկտ. Ամիր Մոհամմադ Դաւուդի փուրը: Օրւայ բանախօսներից էր նաեւ Իրանի մատեմատիկայի ազգային ակադեմիայի նախագահ պրոֆ. Մկրտիչ Թումանեանը, որը առողջական պայմաններից ելնելով նրկայ չէր եւ նրա խօսքը փոխանցեց որդին դոկտ. Արա Թումանեանը: Յատկանշական է, որ միջոցառումը զուգորդւած էր գեղարւեստական կատարումներով:

Վերջում «Նեգար» հրատարակչութեան տնօրէն դոկտ. Ամիր Մոհամմադ Դաւուդի փուրը մանրամասն կերպով ներկայացրեց «آبرنگسازان ارمنی ایران» (Իրանի հայ գեղանկարիչների) գրքի պատրաստութեան քսանամեայ գործընթացը։ Նա նշեց.«Գիրքը ներառած է 114 նմուշ պատկեր՝ 20 հայ արւեստագէտների կողմից ստեղծւած՝ սկսեալ Մարգար Կարապետեանից մինչեւ դոկտ. Այւազեանը»։

Ապա կատարւեց գրքի շնորհանդէսը ձեռամբ դոկտ. Սալեհիի, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան եւ Սպահանի ու հարաւային իրանահայութեան պատգամաւորներ Արա Շահվերդեանի եւ Գեղարդ Մանսուրեանի, դեսպան Գրիգոր Յակոբեանի, գրքի մեկենաս Սմբատ Յակոբեանի, դոկտ. Սիմոն Այւազեանի, Իրանագիտութեան կենտրոնի հիմնադիր հանգուցեալ Հասան Հաբիբիի տիկնոջ եւ այլ հիւրերի:

Միջոցառմանը ներկայ էին՝ Իրանում Սաուդեան Արաբիայի, Քուվէյթի, Ուզբեկստանի, Ճապոնիայի եւ Ռումինիայի դեսպանատների դիւանագիտական ներկայացուցիչները, Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու համայնքապետ վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետներ՝ դոկտ. Սեւակ Հաթամեանը եւ Վարուժ Յովհաննիսեանը եւ արւեստագէտներ, համալսարանների դասախօսներ եւ հրաւիրեալներ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ