
Կրթական խորհուրդը հաշւի առնելով տարածաշրջանում ստեղծւած անվտանգային մարտահրաւէրները՝ մասնաւորապէս Իրանի եւ Իսրայէլի միջեւ սրւած 12-օրեայ հակամարտութիւնը, որոշում է կայացրել նախաձեռնել արտակարգ իրավիճակների համակարգման յատուկ շտաբի ստեղծում։ Շտաբի կազմում ներգրաււած են տեսուչներ, փոխտեսուչներ, ինչպես նաեւ հայ հոգեբան-խորհրդատուներ, որոնք ուսումնասիրել են ճգնաժամային իրավիճակների հոգեբանական եւ կազմակերպչական կառավարման ոլորտը։
Կրթական խորհրդի եւ շտաբի ջանքերով՝ սոյն թւականի չորեքշաբթի սեպտեմբերի 24-ին (մեհրի 2) եւ հինգշաբթի հոկտեմբերի 2-ին (մեհրի 10) «Արաքս» դպրոցում, կազմակերպւել էր ճգնաժամային իրավիճակի տնօրինման 12 ժամեայ դասընթացներ՝ «Նախնական բուժօգնութիւն», «Հրշէջ կենտրոնի ուսուցումներ», «Օդային յարձակումներից զգուշացում» եւ այլ թեմաներով: Դասընթացները անցկացւել են Իրանի «Կարմիր մահիկ» ընկերութեան աշխատակիցների կողմից:
Դասընթացները իրականացւել են թէ՛ թեմատիկ, եւ թէ՛ գործնական ձեւաչափերով՝ նպաստելով մասնակիցների տեսական եւ գործնական հմտութիւնների զարգացմանը։ Կրթական խորհրդից ներկայ են եղել ատենապետ՝ Կարինէ Բալըքճեանը եւ աշխատանքների համակարգող՝ Մարիա Ղազարեանը: Ընդհանուր առմամաբ, վերոնշեալ ծրագրին մասնակցել է շուրջ 62 անձ: Ցանկութեան դէպքում մասնակիցներին կը տրւի՝ դասընթացների մասնակցութեան վկայագիր:
Նոյն նախաձեռնութեան շրջանակներում, առաջիկայում դպրոցներում կիրականացւեն խորհրդատւական հանդիպումներ, մի շարք թեմատիկ դասընթացներ՝ դպրոցի ղեկավար կազմի, ուսուցչական անձնակազմի եւ ծնողների համար՝ միտւած տագնապալի իրավիճակներում արդիւնաւէտ գործելուն եւ ճգնաժամային արձագանքման կարողութիւնների պատրաստւածութեան բարձրացմանը։
Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ