Հարցազրոյց՝ Ծանօթանաք «Ակունք» Կենտրոնի աշխատանքների հետ

Ազգային Առաջնորդարանի Յարաբերական Մարմինը, Մարմնամտային Խանգարումներով Հայ Երեխաներին ու Պատանիներին Օժանդակող «Ակունք» Կենտրոնը մեր համայնքին աւելի լաւ ծանօթացնելու նպատակով, հարցազրոյց է ունեցել կենտրոնի տնօրէն՝ Տկն. Անգինէ Մարգարեանի հետ:

«Ակունք» Կենտրոնը ի՞նչ թւականից է սկսել իր աշխատանքը:

«Ակունք»-ն իր աշխատանքն սկսել է դկտր. Ալիս Յովսէփեանի առաջարկութեամբ:  Նախ եղել են միայն 6 ընտանիքներ, և քանի որ հայկական ոչ մի կենտրոն այդ խնդրի համար գոյութիւն չի ունեցել, դասընթացները տեղի են ունեցել տկն. Մարթա և պրն. Շահէն Յովսէփեանների բնակարանում, սկսւած 1998 թւի յունիսի 2-ից:  Դրանից երեք տարի անց, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի առաջարկով և ժամանակի Թեմական Խորհրդի վաւերացմամբ, ներկայ շէնքը տրամադրւեց կենտրոնին:  Այստեղ ևս կեանքի կոչւած յանձնախմբի կազմում՝ տկն. Մարթան և պրն. Շահէնը երկար տարիներ հոգատար աշխատեցին, կենտրոնի գործերը վարելու համար:

Ի՞նչ աշխատանքներ էք կատարում «Ակունք»-ում:

Կենտրոնիս հիմնական աշխատանքներն են՝ զարգացնել աշակերտների խօսելը և մտային կարողութիւնները, ֆիզիօթրափիներ կատարելը և նրանց տարբեր արհեստերին և արւեստներին ծանօթացնելը:  Սովորեցնում ենք խեցագործութիւն, նկարչութիւն և ձեռագործներ:  Պարապում ենք նաև պար, երաժշտութիւն, թատրոն և բառերի ճիշտ արտասանելը:  Իրենց հետ պարապում ենք նաև պարսկերէն առարկաներ ըստ Բացառիկ Կրթադաստիարակչական Կենտրոնի (آموزش و پرورش استثنایی) ծրագրի:  Երբ պարսկերէն տառերը իւրացնում են, սկսում ենք պարապել հայերէն այբուբէնը՝ Թ. Հ. Թեմի Կրթական Խորհրդի դասագրքերով և ըստ սոյն խորհրդի դասաւանդման ծրագրի:

Տարւայ ընթացքում կազմակերպում ենք բազար, ուրախ երեկոներ, Նոր Տարւայ առթիւ ձեռնարկներ:  Նաև տարբեր տօների և աշակերտների ծննդեան առիթներով ունենում ենք ծրագրեր:  Ունենում ենք արշաւներ՝ զբօսայգիներում, կենդանաբանական այգի և այլ տեղեր:

Ի՞նչ նոր ծրագրեր ունէք ապագայի համար:

Ծրագրում ենք Կենտրոնը պաշտօնապէս գրանցենք և տարածքը մեծացնենք:  Կը ջանանանք կարողութիւն ունեցող սաներին ինքնուրոյն աշխատնքի ասպարէզ ներմուծենք:  Կը ջանանք համագործակցել արտադրական ընկերութիւնների հետ, որպէսզի մեր սաների ձեռքի աշխատանքներն արտադրենք:

Սաների խնամելու հարցի դժւարութեան և որոշ ծնողների տարիքը բարձր լինելու պատճառներով մտածում ենք ապագայում կենտրոնը գիշերօթիկ դարձնել:

Ի՞նչ դժւարութիւնների դիմաց էք կանգնած:

Մեր ամենակարևոր դժւարութիւնը նիւթականի խնդիրն է:  «Ակունք»-ին լրիւօրէն հայ ժողովուրդը և համայնքն է պահում:

 

Արդեօ՞ք ունէք նոր առաջարկներ ձեր բնագավառի աշխատանքների վերաբերեալ:

Մտածում ենք, շատ լաւ կը լինի եթէ երիտասարդ զոյգերն ամուսնութիւնից առաջ այցելեն Կենտրոն և խորհրդակցեն կենտրոնիս մասնագէտների հետ, որպէսզի ծանօթանան մարմնամտային խանգարումների տարբերակների և պատճառների մասին, որպէսզի կարողանան առողջ ընտանիք ունենալ ապագայում: