
Իրանի եւ Իսրայէլի միջեւ շարունակուող ռազմական գործողութիւնները բնականաբար երկու երկիրներուն մէջ հաստատուած հայ համայնքներուն մօտ յառաջացուցին լուրջ մտահոգութիւններ:
Արդարեւ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը այս առաւօտ, Երկուշաբթի, 16 Յունիս 2025-ին, դժուարութեամբ կարողացաւ կապ հաստատել Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեանի եւ հայ համայնքի պատասխանատուներուն հետ եւ իմացաւ, որ հայ համայնքը չէ ենթարկուած որեւէ վնասի եւ մօտէն կը հետեւի տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներուն՝ իր կրօնական ու համայնքային կառոյցներուն ու պատասխանատուներուն ճամբով: Ինչ կը վերաբերի Երուսաղէմի եւ շրջակայքի հայ համայնքին, Նորին Սուրբ Օծութիւնը դարձեալ մօտէն կը հետեւի անոր ապահովական կացութեան:
Մեծի Տանն Կիլիկիոյ մամլոյ ծառայութիւն

Կիրակի, 15 յունիս 2025 թւականին, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում, կիրակնօրեայ պատարագի ընթացքին, հովանաւրութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի տեղի ունեցաւ զօրակցութեան աղօթք եւ զգաստութեան եւ դատապարտման կոչ ուղղւեց՝ վերջին օրերի ընթացքին սիոնիստական ռեժիմի Իրանի դէմ ահաբեկչական բնոյթի յարձակումների եւ նաեւ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարութեան կողմից եկեղեցւոյ դէմ դրսեւորած անյարիր կեցւածքի առիթով:

Թեհրանահայ համայնքի անունից խստօրէն դատապարտում ենք սիոնիստական ռեժիմի ահաբեկչական յարձակումները Իրանի վրայ։
Այս յարձակումները երիցս փաստեցին, որ թշնամին չի հետեւում քաղաքակիրթ մարդկութեան կողմից ընդունւած բարոյական նորմերին, ինչպէս նաեւ միջազգային իրաւունքի սկզբունքներին եւ օրէնքներին ու գործում է բացառապէս բռնութեան, սպանութեան եւ աւերածութեան տրամաբանութեան սահմանում` հատելով բոլոր կարմիր գծերը։ Հետեւաբար այս յանցաւոր արկածախնդրութեան բոլոր հետեւանքների անմիջական պատասխանատւութիւնը կրում է հէնց այս յանցագործ ռեժիմը։
Ցաւակցելով երկրի Զինւած ուժերի հրամանատարների, միջուկային գիտնականների, ինչպէս նաեւ միւս անմեղ հսյրենակիցների նահատակութեան առիթով, օրհասական այս պահին մեր լիակատար աջակցութիւնն ու զօրակցութիւնն ենք յայտնում երկրի ղեկավարութեանն ու Զինւած ուժերին, եւ վստահ ենք, որ սիոնիստական ռեժիմի այս յանցագործութիւնը կարժանանայ համարժէք եւ համաչափ պատասխանի։
Միեւնոյն ժամանակ, կոչ ենք անում մեր համայնքի սիրելի անդամներին` չտրւել թշնամու սադրանքներին, չտարածել հակաիրանական ուժերի կողմից տարածւող ապատեղեկատվութիւնը, եւ հետեւել միայն պաշտօնական տեղեկատւութեանը։
Սոյն գրութեամբ, մեր ցաւակցութիւնը յայտնելով Գերագոյն Առաջնորդին եւ նահատակների ընտանիքներին, մաղթում ենք տոկոնութիւն ու համբերութիւն սիրելի ժողովրդին եւ առ Աստւած հայցում ենք շուտափոյթ ապաքինում վիրաւորներին, ու յայտարարում ենք` մեր համերաշխութիւնն ու աջակցութիւնը բոլոր պետական եւ ռազմական պաշտօնեաներին։
Թող, որ ամենակարող Աստւածը պահի եւ պահպանի Իրանը, եւ Իրանի ժողովրդին բոլոր տեսակի փորձութիւններից ու արհաւիրքներից։
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Հետեւելով մեր երկու Վեհափառ Հայրապետների կոչերին, մենք էլ միանում ենք նրանց եւ յայտնում մեր ժողովրդի զաւակներին, որ դժբախտաբար հայրենի պետութեան բարձրաստիճան ղեկավարութիւնը, արհամարհելով մեր ամէն տեսակի սրբութիւն, առանց նւազագոյն խղճահարութեան, անտեղի պայքար են տածել մեր եկեղեցւոյ դէմ:
Ի տես եւ ի լուր այս դժբախտ կացութեան, կոչ ենք անում մեր ժողովրդին, որ զգաստութեամբ հետեւին դէպքերի զարգացման ընթացքին:
Այս առիթով, մեր թելադրութիւնն է մեր ժողովրդի զաւակներին, որ առանց առաւել գրգռութեան դիմագրաւել այս փորձանքը եւ աղօթենք միաժամանակ, որ Տէրը լուսաւորէ այդ ղեկավարութեան միտքը, որպէսզի չշարունակեն անյարիր, շինծու եւ անպատասխանատու յայտարարութիւններով, մեր հաւատացեալ ժողովրդի միտքը ապակողմնորոշել:
Յայտնենք նաեւ, որ կիրակի թւականիս յունիսի 15-ին, Ս. Սարգիս մայր եկեղեցում թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր պատգամը եւ զգաստութեան կոչը պիտի ուղղէ մեր ժողովրդի զաւակներին:
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

2018 թւականից ի վեր Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւններն ընդգծւած թշնամական վերաբերմունք են դրսեւորում հայ ժողովուրդի էութեան եւ ինքնութեան առանցքը կազմող բոլոր յենասիւնների, այդ թւում՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ, որը հարիւրամեակներ շարունակ եղել է հայ ժողովրդի ապաւէնն ու պահապանը պատմութեան յորձանուտներում։
Հայոց եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՀ գործող իշխանութիւնների գործողութիւններն ու յայտարարութիւնները, որոնք հատել են բարոյականութեան բոլոր հնարաւոր ու անհնար սահմանները ոչ այլ ինչ են, քան ազգադաւ փորձ՝ հարւածելու հայ ժողովրդի հոգեւոր աշխարհընկալման հաստաբուն կաղնու արմատներին, որը լի է կործանարար եւ անդառնալի հետեւանքներով։
Խստօրէն դատապարտելով այս եղկելի յայտարարութիւնները, մեր ամբողջական զօրակցութիւնն ենք յայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Ամենայն հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսին եւ Եկեղեցու միւս բոլոր սպասաւորներին։
Թող, որ ամենակարող Տէրը պահպանի ու պաշտպանի մեր Եկեղեցուն երեւելի եւ աներեւոյթ բոլոր չարքերից ու փորձութիւններից։
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ուրբաթ, 6 յունիս 2025 թւականին, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում, հովանաւութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի տեղի ունեցաւ յիշատակի արարողութիւն Ի. Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Իմամ Խոմէյնիի մահւան 36-րդ տարելիցի առիթով:

Կիրակի, 1 յունիս 2025 թւականին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում Ս. եւ Անմահ Պատարագի մատուցմամբ, Հանրապետական Մաղթանքի կատարումով եւ Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ Ապարանի ճակատամարտերին զոհւած հերոսների հոգիների հոգեհանգստեան կարգով, յիշատակւեց Հայաստանի առաջին հանրապետութեան հիմնադրութեան 107-ամեակը:

Թեհրանահայ համայնքի պատւիրակութիւնը մասնակցութեամբ՝ Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի, Արժ. Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանի, Արժ. Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի, Հայ Աւետարանական եկեղեցու համայնքապետ Վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանի եւ ազգային մարմինների, միութիւնների ու եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչների, Իմամ Խոմէյնիի մահւան 36-րդ տարելիցի առիթով, չորեքշաբթի մայիսի 28-ին, ներկայ գտնւեց Իրանի Իսլամական յեղափոխութեան Հիմնադիր Առաջնորդ հանգուցեալ Իմամ Խոմէյնիի դամբարանում, Իրանի կրօնական փոքրամասնութիւնների համար կազմակերպւած ծրագրին:

Օրերս ՀՅԴ Բիւրոյի անդամ Սեւան Դանիէլեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Գարօ Յովհաննիսեանը, Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանն եւ Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը այցելել են Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատուն, եւ հանդիպել են արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Յակոբեանի հետ։