Թեհրանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի

Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին գտնւում է Թեհրանի Մաջիդիէ քաղաքամասի Շահիդ Հոմայի (2-րդ 16 մետրանոց) պողոտայի Ջամշիդ Ռոյան փողոցում:

1975 թւին Թեհրանի Մաջիդիէի հայաբնակ քաղաքամասում առաջացաւ եկեղեցի հիմնելու անհրաժեշտութիւնը: Այդ նպատակով թաղամասի բնակիչների հանգանակութիւններով գնւեց հողամաս, իսկ շինարարութեան, շինանիւթերի, արհեստաւորների, շինարարի եւ վերահսկող ինժիների ծախսերը հոգաց բարերար՝ Գրիգոր Մելիքեանը:

Եկեղեցու կառուցման նպատակով ներկայացւած 18 նախագծերից ընտրւեց երիտասարդ ինժիներ՝ Ժիրայր Սիմոնեանի նախագիծը: Այս նախագիծը ի կատար ածւեց որոշ փոփոխութիւններով եւ 1983-ի Յունւարի 14-ին եկեղեցին օծւեց երջանկայիշատակ Արտակ Արքեպիսկոպոս Մանուկեանի ձեռամբ: Այդ թւից ի վեր այն գործող եկեղեցի է:

Եկեղեցու յատակագիծը եւ գմբեթի մասշտաբները նման են Էջմիածնի Սուրբ Հռիփսիմէ տաճարին: Կառոյցը երեսպատւած է ցեմենտով, հենասիւները երկաթ-բետոնից են, որոնց մէջ օգտագործւած է նաեւ աղիւս: Սանդուխքը քարից է: Եկեղեցու կմախքը շատ ամուր է եւ կարող է կայուն մնալ մինչեւ 10 բալանոց երկրաշարժի դէպքում:

Եկեղեցին կառավարւում է Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի կողմից ընտրւած եկեղեցական խորհրդի միջոցով, որի աշխատանքը կրում է բարեսիրական բնոյթ: