Թեհրանի Սրբոց Վարդանանց եկեղեցի

1956 թւին, Թեհրանի Սարդարապատ (երբեմնի Հէշմաթիէ) քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մատուռը հիմնադրւել էր ժամանակի «Շահազիզ» դպրոցի եւ համանուն միութեան վարձւած հողամասի սրահներից մէկում եւ օրհնւել էր 1957 թւականի յունւարի 4-ին, ժամանակի Թեհրանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ՝ երջանկայիշատակ Տ. Յովհաննէս աւ. քհնյ. Հաճեանի ձեռամբ:

Եկեղեցին անյայտ պատճառներով հրդեհի մատնւեց 1969 թւականի, մայիսի 18-ին: Սոյն հրդեհից յետոյ, քաղաքամասը զրկւեց եկեղեցուց: Հրդեհման ժամանակ, Սարդարապատ քաղաքամասն ունէր տասնեակ հազար հայ բնակչութիւն, որոնց համար անհրաժեշտ պահանջ էր եկեղեցու գոյութիւնը:

Վերջապէս, 1979 թւին, նկատելով քաղաքամասում Հայոց Առաքելական Եկեղեցու բացակայութիւնը, «Սահակեան» դպրոցի ծնողական խորհուրդը դիմեց թեմի ժամանակի առաջնորդ՝ երջանկայիշատակ Տ. Արտակ Ս. արք. Մանուկեանին, դպրոցի սրահը վերածելու մատուռ–աղօթատեղիի, որի սկզբնական արտօնութիւնը տւեց թեմակալ առաջնորդը:

1980 թւին, դպրոցի ծնողական խորհրդի անդամներից, լուսահոգի Հրաչ Սարուխանեանը, որ մասնագիտութեամբ հիւսն էր, սրահի դիմացի ճակատում, փայտից պատրաստեց ժամանակաւոր մի տաճար, այն զարդարելով Քրիստոնէական սիմւոլներով ու խաչով:

1983 թւականին, ժամանակի թեմակալ առաջնորդը յատուկ արարողութեամբ աղօթատեղին օրհնեց որպէս մատուռ: Նոյն օրը, պատրաստւած խաչերը օրհնւեցին և փակցւեցին պատերին:

Ի վերջոյ, 1986 թւի, յունիսի 13-ին, երջանկայիշատակ Տ. Արտակ Ս. արք. Մանուկեանի ձեռամբ եկեղեցին օծւեց «Սրբոց Վարդանանց» եկեղեցի անունով: