Թւականիս չորեքշաբթի 27 սեպտեմբերի առաւօտեան, Թեհրանի «Քահրիզաք » Բարեսիրական Կենտրոնի տնօրինութեան հրաւէրով, Թ.Հ. Թեմի Կարիքաւորներին Օժանդակող Մարմնի «ԿՕՄ»-ի 7 անդամները, գլխաւորութեամբ Թեմիս Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի և արժանապատիւ քահանահայրեր՝ Տ. Սահակ Խոսրովեանի ու Տ. Գրիգորիս Ներսիսեանի այցելեցին սոյն կենտրոն:
Հանդիպման սկզբում «Քահրիզաք»-ի տնօրէն՝ պրն. Սուֆինէժադը բարի գալուստ մաղթելով հիւրերին, յատուկ շեշտեց, որ պարծանք է իրենց համար Սրբազան հօր այցելութիւնը:
Պրն. Սուֆինէժադը շարունակելով, խօսեց «Քահրիզաք»-ի պատմականին և նշեց, որ այս կենտրոնի ստեղծման մտայղացումն առաջացել է հանգուցեալ իրանահայ բժիշկ՝ դոկտ. Արսէն Մինասեանի միջոցով, ով Գիլանում առաջին ծերանոցը կառուցեց, և որի արդիւնքում 1972 (1351) թւականին հիմնւեց «Քահրիզաք» Բարեսիրական Կենտրոնը:
Այժմ «Քահրիզաք»-ն ունի 1790 մահճակալ և բաժանւած է 3 կենտրոնների՝ Ծերանոց, Մարմնա-մտային խանգարումներով և MS-ից տառապող բարդ իրավիճակի հիւանդների բաժին: Նա անդրադարձաւ նաև իրենց բարեսիրական կենտրոնի սկզբունքների ու նպատակների մասին:
Այնուհետև «ԿՕՄ»-ի ատենապետ՝ պրն. Մուշեղ Ծատրեանը կարևորելով նման հանդիպումները փոխյարաբերութիւնների սերտացման գործում, շնորհակալութիւն յայտնեց հրաւէրի համար և բացատրութիւններ տւեց «Կ.Օ.Մ.»-ի աշխատանքների մասին:
Ապա Սրբազան Հայրն իր օրհնութեան խօսքն ուղղելով կենտրոնի բնակիչներին ու աշխատողներին, դրւատանքի խօսքեր ասաց նրանց, կենտրոնում գտնւող հիւանդներին ցուցաբերած խնամքի համար:
Ընդունելութեան աւարտին, բոլորը միասին այցելեցին կենտրոնի տարբեր բաժիններ, այդ թւում նաև այնտեղ բնակւող հայ ծերերին ու հիւանդներին:
Ապա տնօրինութեան կողմից գեղանկարչութիւններ նւիրւեցին Սրբազան Հօրը և միւս հիւրերին: Հարկ է նշել, որ դրանք նկարւել էին «Քահրիզաք»-ում բնակւող մի ձեռներից զուրկ երիտասարդի միջոցով, որոնք նկարել էր ոտքով:
http://tehranprelacy.com/9-content-hy/news-hy/1321-2017100501?tmpl=component&print=1#sigProId66c1a83a25