ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ՊԱՏԱՐԱԳ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ

Երեքշաբթի դեկ. 24֊ին ըստ Հայաստանեայց առաքելական Ս.եկեղեցու տօնացոյցի տօնն է Քրիստոսի եկեղեցու առաջին նահատակ եւ վկայ Ս.Ստեփանոս նախասարկաւագի։

Մեր թեմում կարգադրութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ Գեշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի այս տօնը հռչակւել է նաեւ մեր թեմում ծառայող Սարկաւագ֊ուհի, Կիսասարկաւագ֊ուհի եւ դպիրների տօնակատարութեան օր։

Այդ առիթով ամէն տարի մեր թեմի տարբեր եկեղեցիներում մատուցւում է Ս. եւ անմահ պատարագ, այս տարի Ս. Աստւածածին եկեղեցում Տ. Յակոբ քհյ. Քեշիշեանի միջոցով մատուցւեց Ս.պատարագը։

Եկեղեցում ներկայ էին քահանա հայրեր, թեմում ծառայող Սարկաւագ֊ուհի, Կիսասարկաւագ֊ուհի եւ դպիրներ, որոնք սպասարկում էին Ս. սեղանին։

Քարոզի պահին տէր հայրը անդրադարձաւ Ս.Ստեփանոսի կեանքին, գործունէութեան ու կարեւորութեամբ անդրադարձաւ նրա անյաղթ ու անկոտրուն հաւատքին, որի դաւանման եւ պահպանման համար արժանացաւ նահատակութեան աստիճանին։
Տէր հայրը անդրադարձաւ, որ մենք օրինակ ունենալով Սուրբի կեանքը պէտք է նոյն հաւատքով ու նւիրումով ապրենք, գործենք ու ծառայենք Աստծուն, եկեղեցուն եւ ժողովրդին։

Քարոզի աւարտին տէր հայրը շնորհաւորեց Սարկաւագ֊ուհի, Կիսասարկաւագ֊ուհի եւ դպիրներին եւ նրանց թելադրեց, որ օրինակ ունենալով Ստեփանոսի կեանքը, նւիրումը ու գործունէութիւնը իրենց ծառայութիւնը առաւել չափով բերեն ի պայծառութիւն եւ ի շինութիւն մեր եկեղեցու ու մեր ժողովրդի։

Պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն ի յիշատակ մեր թեմում ծառայած հանգուցեալ Սարկաւագ, Կիսասարկաւագ եւ դպիրների հոգու խաղաղութեան համար։

Վերջում եկեղեցու բակում եկեղեցական խորհրդի կողմից կազմակերպւել էր համեստ ընդունելութիւն։

Ազգային Առաջնորդարանի Հանրութեան հետ կապ