ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԹԵՀՐԱՆ ՆԱՀԱՆԳԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Կիրակի, 24 դեկտեմբեր 2023 թւականին, Թեհրան նահանգի քաղաքների Նահատակների Հիմնարկի (Բոնեադ Շահիդ) տնօրէն՝ Աբասալիէ Ռէզայի հրաւէրով, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի մասնակցել է յիշեալ Հիմնարկի կենտրոնում կազմակերպւած հանդիպմանը, որտեղ նաեւ ներկայ են եղել Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները:

Հանդիպումը հիմնականում առնչւած է եղել Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 45-րդ տարեդարձը մեծարելու ծրագրերի շարանում կրօնական փոքրամասնութիւնների նահատակների յիշատակին կազմակերպւող յարգանքի միջոցառմանը, որն այս տարի նախատեսւել է այն կազմակերպել Նոր Բուրաստան գերեզմանատան նահատակների բաժնում:

Հանդիպման ընթացքում խորհրդակցութիւն է տեղի ունեցել կազմակերպչական աշխատանքների եւ միջոցառումը լաւագոյն կերպով կազմակերպելու վերաբերեալ:

Հարկ է նշել, որ յիշեալ ծրագիրն ամէն տարի կայանում է կրօնական փոքրամասնութիւններից մէկի գերեզմանատան նահատակների բաժնում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ