Յեղափոխութեան յաղթանակի տարեդարձի առիթով՝ միաստւածային կրօնների նահատակների շիրիմների օծման եւ խնկարկման արարողութիւնը՝ Նոր Բուրաստան գերեզմանատանը

Հինգշաբթի՝ փետր. 8-ին, Վարդանանց տօնի խորհրդանշական օրւան զուգահեռ, Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատանը տեղի ունեցաւ 8-ամեայ պատերազմի միաստւածային կրօնների նահատակների շիրիմների օծման եւ խնկարկման արարողութիւնը:

18-րդ համազգային ոգեկոչման արարողութիւնը, որի ընթացքում նահատակների շիրիմներին խոնարհւում են ծաղիկներ, ինչպէս նաեւ տեղի է ունենում ինքնաթիռից ծաղիկների յորդում, իրականացւում էր «Բոլոր կրօններն ընդդէմ սիոնիզմի» կարգախօսով, որի ընթացքում միաստւածային կրօնների ներկայացուցիչներն ու առաջնորդները լրագրողներին տւած առանձին հարցազրոյցներում հանդէս եկան Պաղեստինի ժողովրդին աջակցելու կոչերով:

Միջոցառումը տեղի ունեցաւ Թեհրանի նահանգապետ Ալիռեզա Ֆախարիի, կրօնական փոքրամասնութիւնների հարցերով Նախագահի խորհրդական մամուստա Աբդոլսալամ Քարիմին, Իրանի միաստւածային կրօնների առաջնորդների, Իսլամական խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների, Թեհրան նահանգի Նահատակների հիմնարկի տնօրէնի, Ղիամդաշտի քաղաքապետի եւ իրանահայ, զրադաշտական, ասորական, եւ հրէական համայնքների նահատակների ընտանիքների ներկայութեամբ:

Իրանի Իսլամական Հանրապետութեան օրհներգով մեկնարկւած միջոցառմանը Հայոց Առաքելական Եկեղեցու կարգով եւ նահատակների հոգու խաղաղութեան համար տեղի ունեցաւ կրօնական արարողութիւն:

Արարողութիւնից անմիջապէս յետոյ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի միջոցով ընթերցւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը, որտեղ «Բահման 22»-ը շնորհաւորելով Իսլ. յեղափոխութեան գերագոյն առաջնորդին եւ համայն Իրանի ժողովրդին, Սրբազան Հայրն ընդգծւած նշել էր, որ պարտադրւած պատերազմին Իրանի ժողովուրդն իր ամուր հաւատքով մէկ բռունցքի պէս կանգնեց թշնամիների դէմ եւ պաշտպանեց իր հայրենիքն ու յեղափոխութիւնը։ «Աւելի քան հազար տարի Իրանի հողում ապրած հայ ազգը եւս մեծ ներդրում ունեցաւ հայրենիքի եւ յեղափոխութեան պաշտպանութեան գործում»,- նշւած էր պատգամում։

Ապա ելոյթ ունեցաւ Թեհրանի Նահատակների հիմնարկի գլխաւոր տնօրէն Աբբաս Ալի Ռեզային, ով անդրադառնալով միաստւածային կրօնների նահատակների անուրանալի դերին Իսլ. յեղափոխութեան յաղթանակի եւ 8-ամեայ պաշտպանութեան շրջանում, նշեց. «Իսլամական յեղափոխութեան յաղթանակից մինչ այսօր միաստւածական կրօններն աւելի քան 184 նահատակ եւ 606 հաշմանդամութիւն ունեցող վետերան են նւիրել երկրին: Այս թւին պէտք է յաւելել նաեւ շուրջ 44 ռազմագերիների, որոնք նոյնպէս միաստւածային կրօնների համայնքներից են»:

Թեհրանի նահանգապետ Ալիռեզա Ֆախարին եւս ելոյթ ունենալով անդրադարձաւ Իրանի ժողովրդի բազմազանութեանն ու խաղաղ համակեցութեան փաստին եւ նշեց, որ այն առաւել ընդգծւած դրսեւորում ստացաւ, երբ բոլորը վտանգի պահին ուս-ուսի դուրս եկան պաշտպանելու Հայրենիքի սրբազան հողն ու յեղափոխութեան արժէքները:

Ընթացքում մուրշիդ Միրզա Ալին «Շահնամէ»-ի ընթերցումներով խաղարկեց Իրանի էպիկական պատմութիւններից մէկը։

Միջոցառմանը ելոյթ ունեցաւ նաեւ Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Պրն. Շահվերդեանն անդրադառնալով, որ անմահացած այս հերոսներն իրենց կեանքը զոհաբերեցին յանուն մեր ազատութեան պահպանման եւ պաշտպանութեանը, յաւելեց. «Գտնւում ենք Իսլամական յեղափոխութեան տարեդարձի շեմին: Յեղափոխութեան վեհ իդէալներն ու դրա արմատները համախմբում են հասարակութեան բոլոր խաւերին, անկախ իրենց դաւանանքից կազմելով համահունչ ամբողջութիւն»:

Արա Շահվերդեանը նշելով, որ Իրանի կրօնական փոքրամասնութիւնները, իրենց մուսուլման հայրենակիցների հետ միասնաբար են մտածում Իսլամական յեղափոխութեան առաջընթացի մասին, յաւելեց, որ միասնութիւնն է հասարակութեանը դէպի առաջընթաց ուղեկցողը, իսկ Իրանում միասնութիւնը միայն կարգախօս չէ, այն հազարամեակների ապրելակերպ է:

Միջոցառման աւարտին խորհրդանշական միասնութեան լուսանկարից յետոյ նախաձեռնող կողմը նահատակների ընտանիքներին յուշանւէրներ յանձնեց, որոնց թւում գնահատւեցին նաեւ նահատակներ՝ Ռազմիկ Խաչատրեանի եւ Ալֆրէդ Գաբրիի ընտանիքները:

Լուրը՝ «Ալիք»-ից
Գլխաւոր լուսանկարը՝ ՀԱՏԻՍԻ
Լուսանկարները՝ Ժուաննա եւ Ժենիա Աւետեանների