Արցախի ազատագրական պայքարի եւ Բաքւում ու Սումգայիթում նահատակւած անմեղ զոհերի Հոգեհանգստեան արարողութիւն՝ Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում

Կիրակի, 18 փետրւար 2024 թւականի առաւօտեան Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կիրակնօրեայ Ս. պատարագից յետոյ կատարւեց Հոգեհանգստեան արարողութիւն՝ Արցախի ազատագրական պայքարի եւ յատկապէս Բաքւում եւ Սումգայիթում նահատակւած մեր անմեղ զոհերի, ինչպէս նաեւ քառօրեայ եւ 44-օրեայ պատերազմների նահատակների հոգիների խաղաղութեան համար:

Սուրբ Պատարագը նախագահում էին Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը եւ Հայոց Առաքելական Եկեղեցու Տաւուշի Թեմի Առաջնորդ գերշ. Տ. Բագրատ Ս. Արք. Գալստանեանը: Պատարագի ընթացքում Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ողջունելով Սրբազան Հօրը ներկայացրեց Բագրատ Սրբազանին:

Ս. Պատարագի ընթացքում Տ. Բագրատ Ս. Արք. Գալստանեանը իր քարոզում ասաց. «Այսօր մեր ժամանակաշրջանը, գողացւած ուրախութեան ժամանակներն են, ոչ միայն մտահոգութիւնների, ոչ միայն որոշակի բարձր աստիճանի անհանգստութիւնների, ոչ միայն անորոշութեան, որ չգիտենք, որպէս հաւաքական ազգ մեր ճանապարհները որտե՞ղ են յանգում, ո՞ւր ենք գնում ընդհանրապէս եւ ի՞նչ ենք փնտրում այս կեանքում, ո՞վ ենք մենք այս աշխարհի թոհ ու բոհի մէջ: Կարծես ապրում ենք արտաքսւած, ապրում ենք մեր բուն կոչումից դուրս եկած լինելու դժբախտութեան մէջ եւ ապրում ենք անպատիւ ժամանակների մէջ»: Սրբազան Հայրը իր քարոզի ընթացքում անդրադարձաւ գիտակցւած մահւան կարեւորութեանը եւ մեծարեց հայ նահատակների յիշատակը, ընդգծելով, որ անհրաժեշտ է դուրս գալ վախի մէջ ապրած ժողովրդի կերպարանքից: Ս. պատարագի աւարտին Բագրատ Սրբազանի միջոցով կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն:

Արարողութեանը ներկայ էին՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը, ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը, ՀՅԴ Արցախի եւ ԿԿ ներկայացուցիչ, Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը, ՀՀ Ազգային ժողովի «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր, Հայաստանի «Հանրապետական» կուսակցութեան անդամ եւ քաղաքական վերլուծաբան Տիգրան Աբրահամեանը, Հայաստանից ժամանած «5-րդ ալիք» հեռուստաընկերութեան լրագրող Յասմիկ Սերոբեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ Յովսէփ Աւետեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը եւ հայրենակիցներ:

Կրօնական արարողութեան աւարտին յարգոյ հիւրերը հիւրընկալւեցին Ազգ. Առաջնորդարանի դահլիճում: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. Արք. Չիֆթճեանը: