ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՕՐԱՎԱՐԱՑ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Ամէն տարի, Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը, Հայոց եկեղեցին եւ ժողովուրդը ոգեկոչում է յիշատակը «Սուրբ Վարդանանց» Զօրավարների:

Այս տարի՝ Սրբոց Վարդանանց տօնի առիթով հինգշաբթի, փետրւարի 12-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Սրբոց Վարդանանց եկեղեցում, Նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Թեմակալ Առաջնորդի օգնական՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը։

Հայ Սուրբն իր քարոզի սկզբին Սուրբ Վարդանանց Զօրավարների օրւայ խորհրդին անդրադառնալով յայտնեց.-«Այսօր Հայ Առաքելական Ս. Եկեղեցին յիշատակում եւ տօնախմբում է Հայոց պատմութեան եւ հաւատքի ամենափառաւոր էջերից մէկը, որ գրւել է Ս. Վարդան Մամիկոնեանի եւ Աւարայրի ճակատամարտի մասնակից սուրբերի անարատ արեամբ։ Այս տօնը ո՛չ միայն անցեալի յիշատակ է, պատմական մի իրողութիւն է, յիշարժան մի դէպք է, այլ կենդանի հաւատքի վկայութիւն եւ ճշմարտութեան յաղթանակ»:
Նա նշեց.-«Ե. դարուն հարցը շատ յստակ էր: Հայ ազգից պահանջւում էր ուրանալ քրիստոնէական հաւատքը։ Այդ ժամանակ, Վարդան Մամիկոնեանն ասաց իր պատմական խօսքը․ «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է»»։
Հայր Սուրբը յաւելեց.-«Աւարայրի ճակատամարտը միայն քաղաքական կամ ազգային պայքար չէր։ Այն առաջին հերթին հաւատքի պատերազմ էր։ Վարդանանք հասկացան որ հաւատքը զիջելի արժէք չէ: Վարդան Մամիկոնեանը իր զինակիցներին ասաց. «Եթէ թողենք այս հաւատքը, ապա մենք ո՛չ կեանք ունենք, ո՛չ էլ պատիւ»։ Այս խօսքը այսօր եւս զարմանալիօրէն այժմէական է։ Այս օրերին շատերը փորձում են կեանք կառուցել առանց Աստծոյ, արժէք՝ առանց ճշմարտութեան, ազատութիւն՝ առանց պատասխանատւութեան։ Վարդանանցը մեզ յիշեցնում է, թէ կեանքը առանց հաւատքի դատարկութիւն է, իսկ պատիւ առանց ճշմարտութեան՝ կեղծիք։ Ճիշդ է, որ այս օրերին ոչ ոք սուր չի պարզում մեր առջեւ, որպէսզի մեր հաւատքից հրաժարւենք, բայց այսօրւայ աշխարհի մեղմ եւ խորամանկ ճնշումը նոյն նպատակն ունի՝ հաւատքը դարձնել անձնական, լուռ եւ անկենսունակ: Այսօր աշխարհը մեզ հրաւիրում է յարմար կեանք ապրելու, բայց ոչ հաւատարիմ կեանք։»։
Հայր Սուրբը շարունակեց.-«Այս պահին, եկէ՛ք բոլորս մեր հոգիների մէջ ծնկի գանք, մեր սրտերի ձեռքերը բանանք եւ մեր աչքերը յառենք Տիրոջ Ս. Խորանին եւ աղօթենք ասելով.- «Ո՜վ մեր Տէր եւ Փրկիչ՝ Յիսուս Քրիստոս, շնորհակալութիւն ենք յայտնում Քեզ, որ Ս. Վարդան Մամիկոնեանի եւ Վարդանանց սուրբ նահատակների օրինակով մեզ սորվորեցրիր հաւատարիմ մնալ ճշմարտութեան մինչեւ վերջ։ Տո՛ւր մեզ ուժ ու քաջութիւն, որպէսզի մեր կեանքում չուրանանք Քեզ, չզիջենք մեր հաւատքը յարմարութեան կամ վախի պատճառով եւ մեր գործերով միշտ վկայենք Քո սիրոյ մասին։ Թող Վարդանանց սուրբ նահատակների արիւնը մեզ յիշեցնէ, որ եկեղեցին կառուցւել է ոչ թէ միայն քարով, այլ՝ նահատակների արիւնով, եւ թէ քրիստոնեայ լինելը կոչում է՝ ո՛չ միայն խօսքով, այլ՝ կեանքով։ Ո՜վ Տէր, Ս. Վարդան Մամիկոնեանի եւ Վարդանանց սուրբ նահատակների բարեխօսութեամբ, մեր եկեղեցին անսասան պահի՛ր, մեր ժողովուրդը՝ հաւատարիմ, եւ մեր մէջ առատացրո՛ւ եկեղեցւոյ, ազգի եւ հայրենիքի հանդէպ սէրն ու զոհողութիւնը: Փառք Քեզ ամէն ժամանակ եւ ամէն օր»»։

Հայր Սուրբն իր քարոզի աւարտին, Սրբ. Վարդանանց եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթով, շնորհակալութիւն յայտնեց եկեղեցու ներկայ հոգեւոր հովիւին՝ Արժ. Տ. Մաշտոց Քհնյ. Խաչատրեանին եւ նրա երէցկնոջ, Ս. Խորանին սպասարկող նախկին թէ ներկայ սարկաւագներին, կիսասարկաւագներին եւ դպիրներին, անցեալի թէ ներկայի դպրաց երգեցիկ դասերին եւ եկեղեցական խորհուրդներին, որոնք իրենց հաւատքով, ծառայութեամբ ու սիրով միշտ պայծառ պահեցին ու տակաւին պահում են Սրբ. Վարդանանց եկեղեցին:

Կրօնական արարողութեան աւարտին Սրբ. Վարդանանց եկեղեցու խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր ընդունելութիւն:

Արարողութեանը ներկայ էին Թեմական խորհրդի փոխատենապետուհի Արմինէ Սէթխանեանը, ատենադպիր Հայրիկ Աղանեանը եւ նոյն խորհրդի անդամ՝ պրն. Ժորժ Հայրապետեանը, ազգ. մարմինների եւ եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները ու նկատառելի թւով հաւատացեալներ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ