
Ուրբաթ, 13 փետրւար 2026 թւականի երեկոյեան ժամը 4-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում նշւեց, յիշատակւեց եւ հանդիսաւորապէս տօնախմբւեց Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Տէրունական եւ ամենամեծ տօներից Տեառնընդառաջի նախատօնակի արարողութիւնը եւ «Քրիստոս Փառաց Թագաւոր» տաղի երգեցողութեամբ, Ս. Խորանից իջեցւած Քրիստոսը խորհրդանշող լոյսով վառւեց ատեանում դրւած սեղանի մոմերը եւ քահանայ հայրերը կատարեցին մանուկների տաճար ընծայումը:
Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեան աւարտին քարոզեց եւ օրւայ առիթով իր պատգամը փոխանցեց Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:
Հայր Սուրբն իր քարոզի ընթացքում նշեց, որ Տեառնընդառաջը Հայ Առաքելական եկեղեցու տէրունի եւ անշարժ տօներից է, որ կը նշւի Քրիստոսի ծնունդից քառասուն օր յետոյ: Նա անդրադառնալով տօնի խորհրդին յայտնեց, որ Տեառնընդառաջի տօնը Տիրոջն ընդառաջ գնալու հրաւէր է բոլորին եւ այս խորհուրդը մեզնից իւրաքանչիւրին սովորեցնում է կեանքի մի նոր ընթացք՝ Տիրոջն երթալու՝ հաւատքով, նւիրումով, սիրով, յոյսով եւ առաքինութեամբ: Հայր Սուրբն իր քարոցի աւարտին նշեց.-«Սիրել հաւատացեալներ, սիրելի հարազատ քոյրեր եւ եղբայրներ, Տեառնընդառաջը այս օրով չի վերջանում, այլ այսօր է սկսում: Մեր կեանքում ամէն օր Տեառնընդառաջ պէտք է լինի, այսինքն մեր կեանքի բոլոր օրերին պէտք է Տիրոջ առջեւ կանգնենք, պէտք է Տիրոջ մօտ երթանք եւ ընդառաջենք նրա ձայնին: Քրիստոսի լոյսը պէտք է կրենք մեր սրտերում, հոգիներում եւ մտքերում՝ հաւատալով, որ այդ Աստծոյ են պատկանում ամէն փառք, ամէն պատիւ, իշխանութիւն, զօրութիւն եւ արքայութիւն»:
Արարողութեան աւարտին եկեղեցիների շրջափակում բոցավառւեց աւանդական խարոյկը:
Արարողութեանը ներկայ էին Թեմական խորհրդի եւ ազգ. մարմինների ներկայացուցիչները, Եկեղեցական խորհուրդների անդամները եւ նկատառելի թւով հաւատացեալ ժողովուրդ:
Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ
https://tehranprelacy.com/9-content-hy/news-hy/4911-2026021601?print=1&tmpl=component#sigProId3dabde421d