
Չորեքշաբթի, թւականիս փետրւարի 25-ին Թեհրանի հայկական համայնքը իր խուռներամ մասնակցութեամբ վերջին հրաժեշտը տւեց Իրանահայ համայնքի Անկեղծ զինւորներից՝ Վարդան Վարդանեանին, ով իր գիտակցական կեանքը նւիրաբերեց իր ազգի զաւակներին՝ կատարելով իր ուխտը՝ Երկար ժամանակ ծառայել իր ազգին:
Ճրտ. Վարդան Վարդանեանի դին իր գաղափարակից ընկերները ուսամբարձ տեղափոխեցին Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ թաղման կրօնական արարողութիւնը կատարւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի միջոցով, որից յետոյ Սրբազան Հօր օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը ընթերցեց Սրբազան Հօր ցաւակցագիրը: Թաղման կրօնական արարողութիւնից յետոյ հանգուցեալ Վարդան Վարդանեանի դագաղը ՀՅԴ-ի դրօշով ծածկւած տեղափոխւեց եկեղեցու բակը: Բակում շարունակւեց դամբանականների փոխանցումը. ՀՅԴ Իրանի Հիւսիսային շրջանի Կենտորնական կոմիտէի անունից դամբանական փոխանցեց Դերենիկ Մելիքեանը, անդրադառնալով Վարդան Վարդանեանի ազգային ու համայնքային եւ գաղափարական կեանքի իւրայատկութիւններին, ընդգծելով. «Լիարժէք ընկերվարական, զուգակցւած Ազգային գաղափարախօսութեան պատասխանատու հաւատարմութեամբ: Այս բոլորի ապացոյցն է ա՛յն, որ չորս շրջան անընդմէջ, ամբողջ 16 տարի, վայելել է իրանահայութեան ժողովրդական լայն խաւերի կողմից իրեն վստահւած պատւաւոր մանդատը»:
Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի կողմից դամբանական ընթերցեց ՊԺ-ի ատենադպիր Արտոյտ Զոհրաբեանը նշելով. «Հանգուցեալ Վարդան Վարդանեանի հարուստ վաստակը, երախտագիտութեամբ է նշւելու միշտ եւ իր բարի յիշատակը՝ իր բացառիկ եւ անկրկնելի անհատականութեամբ, վեհ արժանիքներով եւ իր եզակի պահւածքով ու գործերով ընդմիշտ վառ է մնալու բոլորիս սրտերում»: Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան ժամանակի պատգամաւոր Գէորգ Վարդանը իր աւագ գործընկերոջ յիշատակին ներկայացրած դամբանականում վեր հանեց Վարդան Վարդանեանի 16 երկար տարիների խորհրդարանական կեանքում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան շրջաններում կատարած աշխատանքները, որոնք ի դէպ զուգորդւած էին Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ամենաթէժ ժամանակաշրջանով: Նա ներկայացրեց Վարդան Վարդանեանի անմնացորդ դերը պատերազմական թոհուբոհի տարիներին եւ անդրադարձաւ նրա կողմից ընդունւող մանրակրկիտ ու ճիշտ որոշումներին:
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ դոկտ. Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի կողմից ուղարկւած ցաւակցագիրը ընթերցեց խորհրդարանից պրն. Ֆազելին:
Իսլամական խորհրդարանի ժամանակի պատգամաւորներից հոջ. Մոնթաջաբնիան համապարփակ գծերով անդրադարձաւ իր ժամանակի գործընկեր Վարդան Վարդանեանի աշխատանքներին եւ նրա անհատականութեանը:
Վերջում իր դամբանականը փոխանցեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Իր խօսքի ընթացքում պատգամաւորը ընդգծեց. «Իրանում ութամեայ պարտադրեալ պատերազմի ճակատներում որոտում էր ռումբերի ձայնը եւ Իրանի համայն ժողովուրդը մէկ մարդու պէս կանգնած էր թշնամու դիմաց, իսկ Վարդան Վարդանեանի ձայնը որոտում էր խորհրդարանում: Խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների ներկայութիւնը ապացուցում է այս երկրում բոլոր կրօնական ու էթնիկ փոքրամասնութիւնների խաղաղ գոյակցութիւնը»:
Կրօնական թաղման արարողութիւնից եւ դամբանականներից յետոյ հանգուցեալ Վարդան Վարդանեանի դին տեղափոխւեց Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատուն, ուր եւ ամփոփւեց:
Ապա ներկաները ի մի եկան Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհ. Թումանեան» սրահում, որտեղ ցաւակցական խօսքեր հնչեցին:
Իրանի Իսլամական Մշակոյթի եւ առաջնորդութեան ԶԼՄ-ների եւ քարոզչական հարցերի գծով տեղակալ՝ Մոհամմադ Ռեզա Նորուզփուրի յղած խօսքը ներկայացւեց եւ նոյն կենտրոնից ներկայ էր դոկտ. Սորուշը:
Իր ցաւակցականը ներկայացրեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը ընդգծելով. «Հանգուցեալ Վարդան Վարդանեանը հետեւողականօրէն եւ սկզբունքօրէն պաշտպանեց իրանահայութեան իրաւունքները, աջակցեց հայկական կրթական, հոգեւոր եւ մշակութային հաստատութիւնների ամրապնդմանը եւ կարեւոր ներդրում ունեցաւ հայ-իրանական բարեկամութեան եւ փոխադարձ յարգանքի խորացման գործում։ Նրա գործունէութիւնը հիմնւած էր երկխօսութեան իմաստութեան, ազգային ինքնութեան պահպանման գիտակցութեան եւ հանրային ծառայութեան բարձր պատասխանատւութեան վրայ»։
Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանը ներկայացնելով իր սրտի խօսքը, որպէս Վարդան Վարդանեանի գաղափարակից ընկեր ներկայացրեց մի քանի յուշեր եւ ընդգծեց. «Թէեւ Վարդան Վարդանեանը, որպէս երկրորդ շրջանի խորհրդարանի պատգամաւոր միայն 16 ժամ ժամանակ ունէր համայնքին ներկայացւելու, յետ այնու երբ մերժւեց Նորայր Էլսայեանի թեկնածութիւնը, սակայն այդ 16 ժամերը հետագային դարձան 16 տարիներ, որ ինքը ծառայեց մեր համայնքին եւ մեր համայնքի ճամբով մեր ազգին»: Նա նշեց. «Թէեւ օրւայ ղեկավարութեան կազմակերպչական աշխատանքի շնորհիւ եւ վերջին հաշւով ՀՅԴ-ի աւանդի շնորհիւ էր, որ Վարդան Վարդանեանը դարձաւ պատգամաւոր, բայց որպէս անհատ հեղինակութիւն, եւ հեղինակութեան հզօր ընկեր Վարդան Վարդանեանի այդ կարողականութիւնը ոչ թէ պաշտօնն էր, այլ իր ինքնուրոյն-ինքնապիտ, գիտական եւ գաղափարական նկարագիրը: Չի կարելի չընդունել, որ աշխարհաընկալումը գալիս է մարդակային աշխարհայեացքից եւ դաշնակցականի աշխարհայեացքը չի կարող անջատ լինել իր անհատական աշխարհաընկալումից»:
Եզրափակիչ ցաւակցական խօսքը Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի յղած ցաւակցագիրն էր, որը ներկայացրեց Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը:
Օրւայ կրօնական, թաղման եւ արարողութիւններին ներկայ էին՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ Սեւան Դանիէլեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Գառօ Յովհաննիսեանը, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ Յովսէփ Աւետեանը, Իրանի Իսլամական խորհրդարանի ներկայի եւ անցեալի ու կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորներ, պետական տարբեր շրջանակների պատասխանատու դէմքեր, Թեհրանի Հայ Կաթողիկէ համայնքի առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ դոկտ. Սեւակ Հաթամեանը եւ պատգամաւորներ, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, դիւանը եւ անդամներ, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Կարինէ Բալըքճեան եւ անդամներ, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսակ Իւնանէսեանը, ակադեմիկոսներ, Կրօնական խորհրդի, Հաշւեքննիչ մարմնի, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, գաղափարակից ընկերներ եւ մեծ թւով հայրենակիցներ:
Լուրը՝ «Ալիք»-ից
Լուսանկարները՝ Հատիսի
https://tehranprelacy.com/9-content-hy/news-hy/4913-2026022801?print=1&tmpl=component#sigProId6affbe2bbe