ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՀԱՄԱՏԵՂ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹԻՒՆ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՆԱԵՒ ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ

Կիրակի, 23 յուլիս 2023 թւականի երեկոյեան, Սաման ընկերութեան շէնքում կայացաւ միաստւածեան կրօնների մամլոյ ասուլիսը, որի ընթացքին դատապարտւեց կեղծ խօսքի ազատութեան պիտակի տակ կրօնների սրբութիւնների հանդէպ անյարգալից վերաբերմունքը ու նաեւ Պաղեստինում եւ Արցախում Սիոնիստական վարչակարգի անմարդկային վարած քաղաքականութիւնը։

Հանդիպմանը ներկայ էին իսլամ, քրիստոնեայ, զրադաշտ եւ հրեայ համայնքների հոգեւոր առաջնորդներ ու քահանաներ։
Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի կողմից իրենց մասնակցութիւնն էին բերել Արժ.Տ. Գրիգորիս քահանայ Ներսէսեանը եւ Արժ. Տ. Արիստակէս քահանայ Շահմիրեանը։

Ներկաները՝ իւրաքանչիւրն իր հերթին արտայայտւեցին խօսքի ազատութեան պիտակի ներքոյ կրօնների սրբութիւնների հանդէպ անյարգալից վերաբերմունքի մասին։
Տէր Գրիգորիս քահանայ Ներսէսեանը անդրադառնալով կրօնների էութեան ասաց.-«Բոլոր կրօնների Սուրբ գրքերը Աստւածային ակունք ունեն եւ տրւել են, որպէսզի մարդուն դէպի ճշմարտութիւն եւ յաւիտենական կեանք ուղղորդեն»:
Նա յաւելեց, եթէ քննենք բոլոր կրօնները, կը տեսնենք, որ դրանց բոլորի հիմքը ոչ այլ ինչ է, քան սէրը։

Աստւած Աստվածաշնչում ասում է՝ «Սիրիր քո Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով եւ քո ամբողջ էութեամբ» եւ աւելացնում է՝ «Սիրիր մերձաւորիդ քո անձի պէս»։ Աստւած նաեւ ասում է, որ այն, ինչ ուզում էք, որ մարդիկ անեն ձեզ հետ, նոյնը արէք նրանց հետ, քանի որ սա է օրէնքի ու մարգարէութեան լրումը։ Այս օրէնքը յայտնի է որպէս ոսկէ կանոն։

Բայց ցաւօք այսօր բոլորս ականատես ենք լինում, որ մի շարք անխոհեմ մարդիկ մարդկութեան, ռացիոնալութեան եւ աստւածային սրբութիւնների թշնամիների գերին դառնալով` նրանց կողմից դրդւած աստւածային սրբութիւնները ոտնահարելով, փորձում են աշխարհում անկարգութիւնների եւ պատերազմների առիթ ստեղծեն։
Նա յաւելեց, որ մեր պարտքն է սիրոյ եւ փոխադարձ յարգանքի սերմեր սերմանել աստւածային կրօնների հետեւորդների միջեւ եւ քաջալերել նրանց, որպէսզի վարելով չորացնել թշնամիների որոմների սերմերը։ Այսպիսով, եկէք յարգենք միմեանց համոզմունքներն ու սրբութիւնները եւ սիրենք միմեանց։
Յիսուս Քրիստոսն ասում է, որ վերջին ժամանակներում մենք ականատես ենք լինելու տարբեր ազգերի մէջ սիրոյ չորացմանը, որի պատճառը Աստւածային արժէքներից հեռացումն է ու մեղքերի բազմացումը։

Այսօր սոցիալական ցանցերը, որոնց հետ ժամանակ են անցկացնում մեր երիտասարդներից շատերը, պարունակում են Աստծուն ուրացող յօդւածներ եւ հոլովակներ։ Ուստի մենք պարտաւոր ենք մեր երեխաներին կրթել կրօնի ճշմարիտ ուսմունքներով եւ առաջնորդել նրանց դէպի Աստւածային լոյս։

Դասախօսութիւններից յետոյ ընթերցւեց բանաձեւը եւ հաստատւեց ներկաների ստորագրութեամբ։ Նշելի է բանաձեւում նաեւ դատապարտւեց թշնամու կողմից Արցախի նկատմամբ կիրառած անմարդկային քաղաքականութիւնը։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ