Կիրակի, 2018 թւի Նոյեմբերի 4-ին, տեղի ունեցաւ եպիսկոպոսական Ս. և անմահ պատարագ, նւիրւած Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու հիմնադրման 50-ամեակին:
Սրբոց Թարգմանչաց եկեղեցում պատարագեց և յաւուր պատշաճի քարոզեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Սրբազան հայրը քարոզի սկզբին խօսելով ընդհանրապէս եկեղեցիների մասին ասաց. «Քրիստոնէական հասկացողութեամբ եկեղեցին մենք ենք, իսկ շէնքը և կառոյցը մեզանով է, որ վերածւում է տաճարի, շնչաւորւում և դառնում մեղքերի քաւութեան վայր և սրբերի ժողովարան»:
Իր խօսքի միւս բաժնում Սրբազան հայրը հակիրճ բացատրելով եկեղեցու կառուցման պատմութեան մասին, ասաց. «1962 թւականին Իրանի կենտրոնական նահանգում ահաւոր երկրաշարժ տեղի ունեցաւ, որի հետևանքով հազարաւորներ զոհ գնացին: Մեր ժողովրդից շատերը ապաստան գտան նաև Թեհրան և իրենց հայ քոյրերի և եղբայրների, մեր համայնքի նաև արտաքին աշխարհի քրիստոնեայ հաւաքականութիւնների օժանդակութեամբ կարողացան յաղթահարել այն դժւարութիւններին, որին ենթարկւել էին: Ինչպէս Հոլանդիայի Կարմիր Խաչի Կազմակերպութիւնը, որն ամենաարագ և լաւագոյն ձևով օգնութեան հասաւ և այստեղ բնակարաններ կառուցելով օժանդակեց մեր ժողովրդին»:
Ապա անդրադառնալով եկեղեցու 50 տարիների աշխատանքներին, աւելացրեց՝ «Այսօր երբ 50 տարիների հեռաւորութիւնից դիտում ենք անցեալ տարիները, գոհութիւն և փառք ենք յայտնում Աստծուն, որ մեր ժողովուրդն իր այդ տառապալից կեանքից յետոյ կարողացաւ յաղթահարել այդ բոլորին և Աստծու օրհնութեամբ և շնչով և մեր ժողովրդի համատեղ գոյակցութեամբ ապրել իր կեանքը, ստեղծագործական իր ընթացքով»:
Քարոզից յետոյ, Սրբազան Հայրն ընթերցեց Եկեղեցու 50-ամեակին նւիրւած Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա վեհափառ Հայրապետի ոսկետառ կոնդակը:
Ապա եկեղեցու հանգուցեալ հիմնադիրների, բարերարների, 50 տարւայ ընթացքում ծառայած քահանաների- տիրացուների, եկեղեցու խորհուրդների անդամների և սոյն եկեղեցու Եկեղեցասէր Կանանց Միութեան ննջեցեալ անձանց հոգիների խաղաղութեան համար կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն։
Ս. պատարագին ներկայ էին շրջանի մի քանի պատգամաւորներ, Պատգամաւորական Ժողովի և Թեմական Խորհրդի ներկայացուցիչներ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի անդամ՝ պրն. Թովմաս Թովմասեանը, պրն. Վարդան Վարդանեանը և հոծ բազմութիւն:
Յաւարտ Ս. պատարագի, սոյն տօնի առիթով եկեղեցական խորհուրդը յոբելեանական հանդիսութիւն էր կազմակերպել, որին ներկայ եղան եկեղեցական խորհրդի կողքին թաղամասի պատգամաւորները, Կրօնական և Թեմական Խորհուրդների ներկայացուցիչները, շրջանի դպրոցների ուսուցիչներ, եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչներ եւ այլ բարերար հրաւիրեալներ։
Վերջում, Սրբազան Հայրը, եկեղեցու խորհրդին նւիրեց Վեհափառի ոսկետառ կոնդակը:
http://tehranprelacy.com/9-content-hy/news-hy/2050-2018110603?tmpl=component&print=1#sigProIdc81cf1a992