Sunday, 13 February 2022
Նախատօնակ Տիառնընդառաջի
Քրիստոսի Ծննդից (Յունւարի 6) 40 օր յետոյ գալիս է Տեառնընդառաջը։ Գալով Տօնի անւանման, ասենք, որ այս տօնը (40 օրւայ մանուկ Քրիստոսի տաճար ընծայումը) մեր ժողովրդի մէջ յայտնի է Տեառնընդառաջ եւ Տրնդես անւանումներով։ Ըստ աւանդութեան երբ Մարիամը Մանուկ Քրիստոսին բերեց Տաճար ընծայելու, դեռ մարդիկ քնած էին՝ լուսաբացից առաջ, անցնում էր քաղաքի փակւած Ոսկէ Դռների մօտով. Դռները բացւում են մեծ աղմուկով եւ ժողովուրդը ճրագներով գալիս է իրենց ընդառաջ... այս պատճառով էլ Տօնը կոչւում է Տեառնընդառաջ՝ Տիրոջը ընդ առաջ։ Իսկ Տրնդեսի իմաստը հետեւեալն է։
Սուրբ Գրիգոր Տաթեւացիի մօտ կը գտնենք բառի իմաստը՝ Տէրը ընդ էս դուռը անցաւ, որ զարմանք էր պատճառել թէ փակ դռնից ինչպէս էր անցել։ Չմոռանանք, որ Տաթեւացի Եռամեծ սուրբը յայտնի է նաեւ որպէս լեզւաբան, կը հանդիպենք բառերի բազում վերլուծումների իր գործերի մէջ։
Տեառնընդառաջը անւանակոչութեան տօնն է՝ Սիմոն , Սիմէոն, Ծերուն, Հրաչ, Հրաչուհի , Հրանդ, Հրանդուհի, Հրայր, Փայլակ, Կայծակ եւ Շանթ անունը ունեցողների:
Տեառնընդառաջը (Տրնդեզը) ամենատարածւած եւ ժողովրդականութիւնը վայելած տօներից է: Այս տօնը յատուկ են նշւում այն ընտանիքներում, որոնք նշանւած, նոր ամուսնացած կամ նորածին զաւակներ ունեն:
Տօնի ժողովրդական աւանդոյթներից այսօր պահպանւել են՝ խարոյկավառութիւնը, փոխինձի, բուրսաղի եւ տօնի յատուկ նպարեղէնների պատրաստումը, որը իւրայատուկ բոյր ու գոյն է պարգեւում տօնական սեղանին :
Առաքելական եկեղեցում այդ օրը Տեառնընդառաջի տօնը, տօնն է նաեւ ՀԱՅ ՄԱՆԿԱՆ եւ ծնողները իրենց նորածին զաւակներին եկեղեցի են բերում որպէսզի յընթացս եկեղեցական արարողութեան նորածինների տաճարն ընծայման խորհրդաւոր կարգն ընդունեն: