Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ`

Tuesday, 13 July 2021

Գ. օր Վարդավառի

Գ. օր Վարդավառի
Ելք 19.16‐20։ Գ Թագաւորաց 19.11‐16։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 12.18‐27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.27‐36։

ԵԼՔ

16Երրորդ օրն առաւօտեան Սինա լերան վրայ որոտներ լսուեցին, փայլատակումներ ու միգախառն ամպ երեւաց. եւ շեփորի ձայնը ուժգին հնչում էր։ Բանակատեղում գտնուող ողջ ժողովուրդը զարհուրեց։ 17Մովսէսը ժողովրդին բանակատեղիից տարաւ Աստծուն ընդառաջ եւ կանգնեցրեց Սինա լերան ստորոտի շուրջը։ 18Սինա լեռն ամբողջովին ծխում էր, քանի որ Աստուած նրա վրայ իջել էր իբրեւ հուր։ Նրա ծուխը բարձրանում էր ինչպէս հնոցի ծուխ։ Բոլոր մարդիկ խիստ զարհուրեցին, 19որովհետեւ շեփորի ձայնը տարածւում էր աւելի հեռու եւ հնչում էր չափազանց ուժեղ։ Մովսէսը խօսում էր, իսկ Աստուած որոտաձայն պատասխանում էր նրան։ 20Տէրն իջաւ Սինա լերան վրայ, լերան կատարին։ Տէրը Մովսէսին կանչեց լերան գագաթը, եւ Մովսէսը բարձրացաւ այնտեղ։

Գ Թագաւորաց

11Տէրն ասաց. «Վաղն առաւօտեան կ՚ելնես ու կը կանգնես լերան վրայ, Տիրոջ առջեւ։ Տէրը կ՚անցնի, մի սաստիկ հողմ կը բարձրանայ, Տիրոջ առաջ կը խորտակի լեռները, փուլ կը տայ ժայռերը, սակայն Տէրն այն հողմի մէջ չի լինի։ Հողմից յետոյ երկրաշարժ կը լինի, սակայն Տէրը երկրաշարժի մէջ չի լինի։ 12Երկրաշարժից յետոյ կրակ կը թափուի, սակայն Տէրը կրակի մէջ չի լինի։ Կրակից յետոյ մեղմ օդի ձայն կը լինի»։ 13Երբ Եղիան լսեց Աստծու ասածը, իր կաշուէ վերարկուով ծածկեց երեսը, եկաւ ու կանգնեց քարայրից ներս։ Եւ ահա մի ձայն ասաց նրան. «Ինչո՞ւ ես այստեղ, Եղիա՛»։ 14Եղիան ասաց. «Նախանձախնդրութիւն ունեցայ ամենակալ Տիրոջ համար, քանզի իսրայէլացիները դրժեցին քո ուխտը, քո զոհասեղանները քանդեցին, քո մարգարէներին սրակոտոր արեցին։ Միայն ես եմ մնացել, եւ ինձ էլ փնտռում են, որ սպանեն»։ 15Տէրն ասաց նրան. «Վերադարձի՛ր քո ճանապարհով, գնա՛ Դամասկոսի անապատով, եւ երբ հասնես, Ազայէլին ասորիների թագաւոր կ՚օծես, 16Ամեսսէի որդի Յէուին՝ Իսրայէլի թագաւոր, իսկ աբելմաուլացի Սափատի որդի Եղիսէէին կ՚օծես մարգարէ քո փոխարէն։

ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

18ուր փողն էր հնչում եւ պատգամների ձայնը, այնպէս որ, ովքեր այն լսեցին, աղաչեցին, որ խօսքը չկրկնուի իրենց համար, 19քանի որ չէին դիմանում այն հրամանին, թէ՝ թէկուզ եւ գազան մօտենայ լերանը, կը քարկոծուի։ 20Եւ այնպէս ահազդու էր տեսիլքը, որ Մովսէսն ասում էր. «Սարսափում եմ եւ դողում»։ 21Բայց դուք մօտեցել էք Սիոն լերանը եւ կենդանի Աստծու քաղաքին, երկնային Երուսաղէմին, հրեշտակների բիւրաւոր բանակներին, 22երկնքում գրուած անդրանիկների հանդիսաւոր ժողովին, բոլորի դատաւոր Աստծուն, կատարելութեան հասած արդարների հոգիներին 23եւ Յիսուսին՝ նոր ուխտի միջնորդին, եւ նրա արեան հեղումին, որ աւելի խօսուն է, քան արիւնն Աբէլի։ 24Զգո՛յշ եղէք, չլինի թէ հրաժարուէք Նրանից, ով խօսում է. որովհետեւ, եթէ նրանք երկրի վրայ Աստծու պատգամները տուող Մովսէսին մերժելով չազատուեցին, որչա՜փ եւս առաւել չպիտի ազատուենք մենք, եթէ թիկունք դարձնենք երկնքից խօսողին, 25որի ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ այս խոստումն է անում եւ ասում. «Մի անգամ էլ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաեւ՝ երկինքը»։ 26Եւ «մի անգամ էլ» -ը ցոյց է տալիս, որ շարժուած բաները պիտի փոփոխուեն, որպէսզի անշարժ բաները մնան հաստատուն։ 27Դրա համար, քանի որ անշարժ թագաւորութիւն ենք ընդունում, ամուր պահենք շնորհը եւ այդ շնորհով էլ ծառայենք Աստծուն՝ իրեն հաճելի ձեւով՝ ահով եւ դողով:

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

27Բայց, արդարեւ, ասում եմ ձեզ, թէ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ չտեսնեն Աստծու արքայութիւնը»։ 28Եւ այս խօսքերից մօտ ութ օր յետոյ, իր հետ վերցնելով Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին, նա լեռ ելաւ աղօթքի կանգնելու։ 29Եւ երբ աղօթքի էր կանգնած, նրա երեսի տեսքը այլակերպուեց, նրա զգեստը փոխուեց եւ փայլուն-սպիտակ դարձաւ։ 30Եւ ահա երկու մարդիկ խօսում էին նրա հետ։ Նրանք Մովսէսն ու Եղիան էին, 31որոնք փառքով երեւալով՝ խօսում էին նրա վախճանի մասին, որ տեղի պիտի ունենար Երուսաղէմում։ 32Իսկ Պետրոսը եւ նրա հետ գտնուողները քնի ծանրութեան տակ՝ արթնացան ու տեսան նրա փառքը եւ երկու մարդկանց, որոնք նրա մօտ կանգնած էին։ 33Եւ երբ դրանք նրանից հեռանում էին, Պետրոսը Յիսուսին ասաց. «Վարդապե՛տ, լաւ է, որ մենք այստեղ ենք. երեք տաղաւար շինենք, մէկը՝ քեզ, մէկը՝ Մովսէսի եւ մէկը՝ Եղիայի համար»։ Եւ չէր իմանում, թէ ինչ էր խօսում։ 34Եւ երբ այս ասում էր, մի ամպ եկաւ ու նրանց վրայ հովանի եղաւ. եւ երբ նրանք ամպի տակ ընկան, վախեցան։ 35Ամպից մի ձայն եկաւ, որ ասում էր. «Դա՛ է իմ ընտրեալ Որդին, լսեցէ՛ք դրան»։ 36Եւ մինչ խօսքի ձայնը դեռ գալիս էր, Յիսուս միայնակ գտնուեց. եւ նրանք լսեցին ու այդ օրերին ոչ ոքի չպատմեցին իրենց տեսածներից եւ ոչ մի բան։

 

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ