ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԿՈՉ

Իրանի Քերմանշահ նահանգում տեղի ունեցած աւերիչ երկրաշարժի տուժած մեր հայրենակիցներին օգնելու համար, մասնակցեն ընդհանուր օգնութեան շտապներին, կատարելով իրենց քաղաքացիական պարտականութիւնը նիւթական եւ անհրաժեշտ իրերի տրամադրութեամբ, մարդասիրական օժանդակութիւններով։

Զօրակցենք մեր աղէտահար հայրենակիցներին մեր օժանդակութիւնները կատարելով պետութեան կողմից առաջադրւած եւ յայտարարւած հնարաւորութիւնների միջոցով։

Նիւթական նւիրատւութեան պարագային հաճեցէք բանքային հետեւեալ հաշւեհամարին մուծել ձեր գումարները`

0110547278004

شورای خليفه گری ارامنه تهران – بانک ملی شعبه اردشير کد 690

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՍԱՐԿԱՒԱԳՈՒՀԻՆ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒՄ

՛՛Որովհետեւ բոլորդ էլ Աստծու որդիներ եղաք՝ հաւատալով Յիսուս Քրիստոսին։ Մի անգամ որ Քրիստոսին միանալով մկրտւեցիք, այլեւս Քրիստոսն է, որ ապրում է ձեր մէջ։ Այլեւս խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ստրուկի եւ ո՛չ ազատ մարդու, ոչ էլ արուի եւ էգի միջեւ, որովհետեւ Քրիստոսին միանալով բոլորդ էլ մէկ եղաք ՛՛։(Գղ. 3։25-28)

Պօղոս առաքեալի վերոյիշեալ խօսքերի ակունքը, աղբիւրը Քրիստոս ինքն է, որ իր եռամեայ տնօրինական գործունէութեան ընթացքին փորձեց հիմնովին փոխել ընկերութեան վերաբերմունքը կնոջ նկատմամբ։ Սեմական որով եւ Եբրայական մտածողութեան մէջ կինը անտեսւած, գրեթէ արհամարհւած էակ էր։

Քրիստոս իր քարոզութեան ընթացքին յատուկ տեղ տւաւ կնոջ. իր հետեւորդների մէջ կային հաւատացեալ կանայք, որոնք առաքեալների նման, միշտ Քրիստոսի հետ էին. Մարիամ Մագդաղենացին այդ կիներից մին էր։ Հետաքրքրական է, որ Քրիստոսի խաչելութեան պահին միայն կանայք էին մնացել իր խաչի շուրջ, աւելին, Քրիստոս յետ յարութեան առաջին անգամ կանանց է որ երեւում։

Չմոռանանք, որ Աստւած հաճեցաւ բնակւել մի անմեղ եւ օրհնեալ կնոջ, կոյսի մէջ, այսպէս նրան դարձնելով կամուրջ երկնքի եւ երկրի միջեւ։

Քրիստոնէական եկեղեցին, առաքելական շրջանից սկսեալ, կնոջ յատուկ կարեւորութիւն եւ տեղ է տւել եկեղեցում։ Պօղոս առաքեալ հռոմէացիներին գրած իր նամակում ասում է.- «Յանձնարարում եմ ձեզ Կենքրայի եկեղեցում ծառայող մեր քրոջը՝ Ֆիբէին, որպէսզի Տիրոջ անունով ընդունէք նրան, ինչպէս վայել է հաւատացեալներին, եւ օգնէք նրան, երբ որեւէ բանի կարիքը ունենալով՝ դիմի ձեզ, որովհետեւ ինք եւս օգնական եղաւ շատերին եւ ամենից աւելի՝ ինձ»(Հռ. 16։1-2)։ Գրաբարով, «Յանձն առնեմ ձեզ զՓիբէ, զքոյր մեր, որ է սպասաւոր եկեղեցւոյն Կենքրացւոյ»։

Պօղոս առաքեալ Տիմոթէոս իր աշակերտին գրած նամակում խօսում է այն այրի կանանց մասին, որոնք կարիքը ունեն օգնութեան եւ հովանաւորութեան եւ սակայն «Եղել են հիւրասէր, խոնարհաբար ծառայել են ճանապարհորդ հաւատացեալներին, օգնել են նեղութեան մէջ եղողներին եւ իրենք իրենց ամբողջութեամբ տւել են բարեգործութեան»(Ա.Տմ. 5։10)։

Քրիստոնէական եկեղեցին, ընդ որում եւ Հայաստանեայց եկեղեցին, անտարբեր չի եղել կանանց ներկայութեան եւ գործունէութեան եկեղեցական բարեպաշտութեան մէջ։ Գ դարի սկիզբներից մեզի հասած ասորական ՛՛Վարդապետութիւն առաքելոց՛՛ գրքում յիշւում են սարկաւագուհիներ, որոնց պարտականութիւնը եղել է աւետարանել եւ մկրտութեան ժամանակ օգտակար լինել։ Դ. դարից մեզ հասած Առաքելական կանոնադրութիւնը յատուկ կերպով խօսում է սարկաւագուհիների եւ նրանց պարտականութիւնների մասին. ըստ նշւած կանոնադրութեան սարկաւագուհին կարող է մի այրի կին կամ կոյս լինել, որ ենթարկւում է այր սարկաւագի եկեղեցական իրաւասութեանը եւ մկրտութեան ժամանակ օգնում է քահանային երբ մկրտւողը կին է եղել։

Սարկաւագուհին Հայ Եկեղեցում

Հայկական աղբիւրները սարկաւագուհիների մասին գալիս են աւելի ուշ շրջանից։ Առաջին վկայութիւնը սարկաւագուհիների ձեռնադրութեան մասին գալիս է 10-11 դարերի Մաշտոցներից։ Աւելի կանուխ դարերին եղել են անորոշ վկայութիւններ, սակայն 10-րդ դարից սկսեալ հանդիպում ենք մատենագրական վկայութիւնների եւ ձեռնադրութեան Մաշտոցներում էլ՝ սարկաւագուհիների ձեռնադրութեան մասին. Մխիթար Գոշի -1184- եւ Սմբատ Սպարապետի (1161) դատասնագրքերում խօսւում է սարկաւագուհիների եւ նրանց պարտականութեան մասին։ 1299-ին Ստեփանոս Օրբէլեան Սիւնիքի արքեպիսկոպոս ինքեւս իր ՛՛Պատմութիւն նահանգին Սիսական՛՛ գրքում գրել է սարկաւագուհիների մասին։ 13րդ դարի սկզբում խմբագրւած թիւ 199 ձեռագրում հանդիպում ենք «Ձեռնադրութիւն սարկաւագ կանանց, որ են սարկաւագուհիք» կանոնին. մի այլ Մաշտոցներում՝ եւս գրւած Կիլիկիայում եւ Տաթեւում ունենք ՛՛Կարգ սարկաւագուհեաց՛՛ կանոնը։ (Աբէլ Աբեղայ, հայ եկեղեցու սարկաւագուհիները կանոնական տեսանկիւնից դիտւած - Էջմիածին թիւ Ա.Բ.Գ. 1993)

Աւելի ուշ շրջանին, 17-րդ դարում Նոր Ջուղայում, ԹիՖլիսում եւ Կոստանդնուպոլսում եղել են կուսանոց-վանքեր, որտեղ եղել են ձեռնադրութեամբ սարկաւագուհիներ, այսպէս Ս. Կատարինէ վանքը՝ հաստատւած՝ 1623-ին Նոր Ջուղա, Ս. Ստեփանոսի վանքը ԹիՖլիսում հիմնւած՝ Ջուղայեցի Պեհբովդեանց ընտանիքի կողմից։ Նոր Ջուղայում հաստատւած Ս. Կատարինէ վանքի հիմնադիրները եղել են սարկաւագուհիներ՝ Թագուհի, Հռիփսիմէ եւ այլք. վանքը ունեցել է երկու դպրոցներ եւ մի որբանոց։

Շուշիում եւս յիշւում է մի կուսանոց-վանք, որի անդամների թիւը շատ չի եղել։

Յանուն պատմութեան յիշենք, որ սարկաւագուհիների եւ բարեպաշտ կիների գոյութեան եւ գործունէութեան ենք հանդիպում տարբեր տեղերում. այսպէս Շուշիի հարաւ արեւելք գտնւող Աւետարանոց գիւղում եւ Մարտակերտի շրջանի Կուսապատ գիւղում, որտեղ եղել է մի վանք կանանց յատուկ եւ գիւղը յետոյ կոչւել Կուսանաց անապատ։ Կանանց կրօնական համայնքների եւ սարկաւագուհիների գործունէութեան յիշատակութեան հանդիպում ենք Աստրախանում, Պուրսայում եւ Լեհաստանի Եահովիչ քաղաքում. հետաքրքրական է, որ Աստրախանում երկու սարկաւագուհիներ - երկու քոյրեր – Հռիփսիմէ եւ Աննա Մնացականեաններ, իրենց անուններով աշխատցւած ուրար են նւիրում Ս. Էջմիածնի մայր տաճարին։

19րդ դարում, Կ. Պոլսում ունեցել ենք ԳալՖայեան միաբանութիւնը, հիմնւած 1866 թւին Սրբուհի ԳալՖայեանի կողմից. սոյն միաբանութեան անդամուհիները ձեռնադրեալ սարկաւագուհիներ էին։ Այս միաբանութեան վերջին անդամը՝ ձեռնադրւած 1982-ին երանաշնորհ Շնորհք Պատրիարքի կողմից, վախճանւում է 2007 թւին։

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը վերջին երեք տասամեակներին աշխատում է վերականգնել կուսանոց միաբանութիւն եւ նաեւ սարկաւագուհիների ձեռնադրութիւն ի սպասաւորութիւն եկեղեցու։ Այս նպատակով ժամանակի օրւայ կաթողիկոս՝ երանաշնորհ Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոս Կ. Պոլսից հրաւիրեց բարեշնորհ Հռիփսիմէ սարկաւագուհի Սասունեանը, որպէսզի այս ուղղութեամբ աշխատանք տանի։ Այսօր Գայիանեան քոյրերի միաբանութիւնը կայ մի քանի անդամուհիներով, սակայն ոչ ձեռնադրեալ սարկաւագուհիներով։

Կաթոլիկ եւ Օրթոտոքս եկեղեցիները սարկաւագուհիներին փոխարիներ են մայրապետական դրութեամբ եւ նրանց գործուղղել դէպի կրթական, բարեսիրական ու բարեգործական հաստատութիւններ առաւել եւս յառաջ տանելու եկեղեցու ընկերային ծառայութիւնն ու կրթա-դաստիարակչական գործունէութիւնը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւնը եւս փորձում է կոյսերի մի միաբանութիւն հիմնել. այս ուղղութեամբ բաւականին աշխատանք է տարել եւ շարունակում է տանել։ Կաթոլիկ եկեղեցին ինքն էլ այսօր լուրջ մարտահրաւէրների առաջ է սարկաւագուհիների ձեռնադրութեան կապակցութեամբ. Հռոմի Ֆրանսիս պապը վերջերս պատրաստակամութիւն է յայտնել նշանակելու մի յանձնախումբ ուսումնասիրելու համար թէ արդեօք կանայք կարո՞ղ են իբրեւ սարկաւագուհիներ ծառայել կաթոլիկ եկեղեցում։

Այսօր մեր եկեղեցիներում երգեցիկ խմբերի, եկեղեցական երգչախմբերի մեծ մասը բաղկացած է բարեպաշտ կիներից, աղջիկներից։ Արտերկրեայ հայակեանքի գեղեցիկ երեւոյթներից է կանանց մասնակցութիւնը եկեղեցական պաշտամունքի, երգեցողութեան եւ երբեմն էլ Սաղմոսերգութեան։ Քիչ չէ թիւը նաեւ այն կիներին, ովքեր ծառայում են եկեղեցում իբրեւ եկեղեցական խորհուրդների անդամ։

Թեհրանի մեր եկեղեցիներում վերջին երկու տասնամեակներին ունեցել ենք եւ ունենք նկատառելի թւով դպիրներ եւ դպրուհիներ, որոնք պարտաճանաչօրէն եւ երկիւղածութեամբ սպասաւորում են եկեղեցիներում։

Մենք մեր առաջնորդութեան առաջին իսկ օրից քաջալերել ու գնահատել ենք իգական սեռի ներկայութիւնն ու սպասաւորութիւնը եկեղեցում, որովհետեւ առաքեալի բառերով երբ մենք Քրիստոսին ընդունել ենք իբրեւ մեր Տէրն ու Փրկիչը, այլեւս խտրութիւն չկայ եւ հետեւաբար մենք բոլորս կոչւած ենք ծառայելու եւ սպասաւորելու եկեղեցում, այլ խօսքով կոչւած ենք ՛՛ սարկաւագելու ՛՛ այսինքն նւիրումով ծառայելու։ ՛՛Նոր բառագիրք Հայկազեան լեզւի՛՛բառարանում կարդում ենք.- Սարկաւագ նշանակում է սպասաւոր եկեղեցւոյ, վերակացու գործոց, սպասահարկու՝ մանաւանդ ի վերայ սեղանոյ, սպասաւոր եկեղեցւոյ, որ անընդիմջապէս սպաս տանի քահանայի կամ եպիսկոպոսի մանաւանդ ի սուրբ պատարագի, իսկ սարկաւագուհի – կին պաշտօնեայ կամ կուսան սպասաւոր ի գործս ինչ եկեղեցւոյ եւ Մայր վանից կուսանաց. Զայս զսարկաւագուհեաց կանանց ասէ, որք սպասաւորք (էին) եկեղեցւոյն։

Սարկաւագութիւնը եկեղեցու նւիրապետութեան մէջ առաջին աստիճանն է հաստատւած առաքեալների կողմից։ Արդարեւ Գործք Առաքելոց գիրքը պատմում է, որ «Երբ Յիսուսի հետեւորդները շատացան յունախօս հրեաները սկսեցին տրտնջալ եբրայախօս հրեաների դէմ, որովհետեւ ամենօրեայ նպաստի բաշխման ժամանակ անտեսւում էին իրենց այրիները»։

Առաքեալները հաւաքեցին հաւատացեալներին եւ նրանց ասացին, «Մենք չենք ուզում թողնել Աստծու խօսքի քարոզչութիւնը եւ զբաղւել ուտելիք մատակարարելով։ Հետեւաբար եղբայրներ, ընտրեցէ՛ք ձեր կողմից վկայւած եօթը մարդու լցւած Սուրբ Հոգով եւ իմաստութեամբ»։ Արդարեւ հաւատացեալները իրենց միջից ընտրեցին եօթ հոգի եւ ՛՛բերեցին առաքեալների առջեւ, որոնք աղօթելով իրենց ձեռքը դրեցին նրանց վրայ՛՛ եւ գործի լծեցին նրանց։ Այս եօթը ընտրեալները եղան եկեղեցու առաջին սարկաւագները, սպասաւորները։ Հետագային սարկաւագութիւնը սահմանափակւեց եկեղեցիում, խորանի վրայ սպասարկելով պատարագիչ քահանային յընթացս Ս. պատարագի։

Այսօր մեր եկեղեցին ինքն իրեն վերատեսելու, ինքնաքննութեան ենթարկելու անհրաժեշտ հրամայականի առաջ է կանգնած։ Հարկ է աշխուժացնել մեր ժողովրդի մասնակցութիւնը եկեղեցու ընկերային, կրթա-դաստիարակչական եւ սպասաւորութեան ոլորտներում։ Մեր խոր համոզումն է, որ իգական սեռի գործօն մասնակցութիւնը մեր եկեղեցու կեանքին, առաւել խանդ ու եռանդ այլեւս կապւածութիւն եւ յանձնառութիւն արտայայտելու են հայ կանայք եւ մեծ սիրով նւիրւելու են անշահախնդիր ծառայութեան, սպասաւորութեան։ Սարկաւագուհին վստահաբար կը լինի նաեւ հաւատաւոր ու եկեղեցանւէր մայր, դաստիարակ եւ ինչու չէ նաեւ իր վարք ու բարքով օրինակելի տիկին։

Այս խոր համոզումով է, որ մենք կատարելու ենք սարկաւագուհու ձեռնադրութիւն, յուսալով որ մենք առաջինն ու վերջինը չենք լինելու։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Սեպտեմբեր 2017

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com