ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 06 Հոկտեմբերի 2020;
տօն՝ կուսանացն Թէղկիի,Վառվառայի եւ Պեղիգեայի

Շաբաթ 10 Հոկտեմբերի 2020;
Տօն թարգմանիչներ Սրբոցն՝ Մեսրոպի,Եղիշէի,Մովսէս Քերթողի,Դաւիթ Անյաղթի,Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Կլայեցու։

Երկուշաբթի 12 Հոկտեմբերի 2020;
Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորիսի Աղւանից կաթողիկոսի եւ Սրբոց հարցն՝Թաթլոյ,Վարոսի, եւ Թումասու,Անտոնի եւ կրօնիդեայ եւ եօթն խոտաճարակացն,որք յԻննակնեան վանսն կատարեցան։

Երեքշաբթի 13 Հոկտեմբերի 2020;
Տօն՝ Սրբոց առաքելոց Անանիայի,Մատաթիայի,Բառնաբայի, Փիլիպոսի,Յովհաննու, Շիղայի եւ Սիղւանոսի։

Հինգշաբթի 15 Հոկտեմբերի 2020;
Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների։

Շաբաթ 17 Հոկտեմբերի 2020;
Տօն՝ Աւետարանչացն Մատթէոսի,Մարկոսի,Ղուկասի եւ Յովհաննէսի։

Երկուշաբթի 19 Հոկտեմբերի 2020;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին որ հաւատաց ի խաչելութեանն Քրիստոսի եւ Յովսէփայ Աստւածահօրն եւ Յովսէփայ Արիմաթւացոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ Քերցն նորա՝ Մարթայի եւ Մարիամու։

Կիրակի 25 Հոկտեմբերի 2020;
Գիւտ Խաչ

Հինգշաբթի 29 Հոկտեմբերի 2020;
Տօն Յովհան Ոսկեբերանի

Շաբաթ 31 Հոկտեմբերի 2020;
Տօն՝ Ամենայն Սրբոց,Հնոց եւ Նորոց,Յայտնից ու Անյայտնից։

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 15 Հոկտեմբերի 2020;
Սրբոցն Դիոնէսիոսի Արիսպագացւոյն եւ առաքելոցն Տիմոթէոսի եւ Տիտոսի

Ուրբաթ 16 Հոկտեմբերի 2020;
Պահք

Շաբաթ 17 Հոկտեմբերի 2020;
Սրբոց աւետարանչացն` Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու եւ Յովհաննու

Կիրակի 18 Հոկտեմբերի 2020;
Զ Կիրակի զկնի Խաչի

Երկուշաբթի 19 Հոկտեմբերի 2020;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին, որ հաւատաց ի խաչելութիւնն Քրիստոսի եւ Յովսեփայ Աստուածահօրն, Յովսեփայ Արեմաթացւոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ քերցն նորա Մարթայի եւ Մարիամու

Երեքշաբթի 20 Հոկտեմբերի 2020;
Սրբոցն Թէոդիտոնի քահանային, Զենոնի զինաւորին, Մակարայ, Եւ դոքսեայ եւ Ռամելայ

Չորեքշաբթի 21 Հոկտեմբերի 2020;
Պահք

Հինգշաբթի 22 Հոկտեմբերի 2020;
Սրբոց Խարիթեանցն եւ սրբոց վկայիցն Արտեմեայ եւ Քրիստափորի, երկուց կանանցն Կալինիկեայ եւ Ակիւլինեայ

Ուրբաթ 23 Հոկտեմբերի 2020;
Պահք

Շաբաթ 24 Հոկտեմբերի 2020;
Տօն՝ Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւո

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՄԵՆՔ ՄԵՐ ԴԱՍԱԳՐՔԵՐԻՑ ՆԵՐԾԾԵՑԻՆՔ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ, ԱԶԳԱՍԻՐՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ

 


2020 թւականը պատմութեան մէջ յիշւելու է որպէս համաճարակի տարի, որ պատճառ եղաւ անսպասելի եւ անակնկալ երեւոյթների գոյաւորման, որով եւ աշխարհի խաղաղութիւնը վրդովւեց, անկարգութիւնը խորացաւ, մարդկութիւնը ինքն իրենից հեռացաւ, աւելի ճիշդ օտարացաւ եւ ամէն մարդ միայն կորոնա վարակի մասին սկսաւ խօսել, փիլիսոփայել, գուշակութիւններ կատարել եւ ի վերայ այսր ամենայնի մեծ յոյսով սպասել է ինչ որ ելքի։

Ամենափոքրիկ լուրը հազար ու մէկ մեկնաբանութիւնների, ենթադրութիւնների, լուսաբանութիւնների դուռն է բացում։ Աշխարհը իբրեւ նաւակ ալեկոծ ծովի խորքում փոթորիկի է հանդիպել, նաւապետը, աշխարհի ղեկավարները ուղղափառօրէն չեն դիտում իրենց շրջապատը, տգիտութեան թանձր քօղը խաւարել է աշխարհը։ Յովհաննէս Աւետարանիչ գրում է. «Բանն էր ճշմարիտ Լոյսը, որ աշխարհ գալով լուսաւորում էր ամբողջ մարդկութիւնը։ Նա աշխարհի մէջ էր, աշխարհը նրանով ստեղծւեց, սակայն աշխարհը չճանաչեց նրան։ Նա եկաւ իր իսկ ստեղծած աշխարհը, բայց իր իսկ ստեղծած մարդիկ չընդունեցին նրան։»(Յհ.1։9-11)

Այսօր աշխարհը այդ «Ճշմարիտ լոյսի» որոնումի մէջ է, որպէսզի կարողանայ ինքն իրեն եւ իր շրջապատը ճանաչել։ Ճշմարիտ այդ լոյսի աղբիւրը Քրիստոս ինքն է, ի սկզբանէ գոյութիւն ունեցող Բանը, որ Աստծու հետ էր եւ նոյն ինքն Աստւածն է, որ իր մարդեղութեամբ աշխարհը ողողեց Իր լոյսով եւ աստւածային լոյսի որպէս ճառագայթ հիմնեց Իր եկեղեցին, որպէս փրկութեան տապան, որպէս հոգիների ՛՛նոր ծննդավայր՛՛։

Եկեղեցին որպէս աստւածամարդկային կառոյց իր առաքելութիւնը իրագործում է աւետարանական ճշմարտութիւնների ուսուցումով, մանուկների կրօնական ուղիղ դաստիարակութեամբ, ճշմարիտ գիտութեան ու վարդապետութեան փոխանցումով։ Այս առաքելութեան գիտակցութեամբ զինւած հայոց եկեղեցին իր գոյաւորման առաջին իսկ րոպէից սկսեալ գործեց որպէս հայ մանկան դայակ, որ մօր կաթի անարատութեամբ աւետարանական ճշմարտութիւններն ու իր հայրերի ստեղծագործ կեանքի պատմութիւնը փոխանցեց ու փոխանցում է նոր սերունդին։

«Որովհետեւ Աւետարանը որպէս մեր հայրն ենք ընդունում, ճանաչում եւ իբրեւ մայր՝ առաքելական կաթողիկէ-ընդհանրական-եկեղեցին» իմաստալից խօսքը ուխտն էր Վարդանանց հերոսների, որոնք իրենց արեան գնով վկայեցին այս ճշմարտութեան։ Այնուհետ մեր եկեղեցին եղաւ պաշտպան, հովանաւորն ու առաջնորդը իր ժողովրդին։
Հայոց եկեղեցին հայոց դպրութեան ու մշակոյթի ծնունդ տւողն ու այն տարածողն ու աճեցնողը եղաւ։ Հայոց լեզուն, պատմութիւնն ու մշակոյթը, որպէս շաղախ հայ եկեղեցու քարերը, աղիւսները ամրօրէն, անքակտելիօրէն իրար միացրած ծնունդ տւին հայու անպարտելի ոգուն, որի շունչը զսպանակիչ ոյժն է հայ մարդուն։ Արդարեւ հայոց եկեղեցու շօշափելի ու թանձրացեալ խորհրդանիշներից է հայ դպրոցը, որի առաջին եւ յաւերժական ուսուցչապետը Ս. Մեսրոպ Մաշտոցն է։

Հայ դպրոցը դարերով ուղեկիցը եղել է եկեղեցու իր թանձրացեալ եւ ոգեղէն էութեամբ։ Հայ ժողովրդի պատմութիւնը վկայում է, որ հայոց վանքերը գիտութեան, ուսման, գրականութեան կենտրոններն են եղել։ Դարերով մեր ժողովուրդը իր եկեղեցու կողքին կառուցել է իր դպրոցը, իսկ երբ չի կարողացել դպրոց կառուցել եկեղեցին ծառայել է որպէս դպրոց։

Մեր վանական համալիրները իրական գիտութեան օճախներն են եղել, որտեղ հայ ժողովրդի յաւերժութեան գրաւականը եղող գրականութիւնը իր հոգեւոր ու գիտական, պատմական բոլոր ճիւղերով շարունակաբար ծնունդ է առել։ Յիշենք Վաղարշապատի, Խոր Վիրապի, Կեչառիսի վանքը, Այրիվանքի դպրոցը, Տաթեւի, Գլաձորի, Նորավանքի. Վասպուրականի վանքերը՝ Արտազի, Վարագայ, Նարեկայ, Կտուցի դպրոցները, Սեւ լեռան դպրոցը, Դրազարկի, Սկիւռայի եւ այլ բազմաթիւ վանքերը, որոնք գիտութեան լուսատու փարոսներ եղած են մեր ժողովրդի։

Այսօր էլ մեր դպրոցները վայելում են եկեղեցու, այսինքն մեր ողջ ժողովրդի սէրն ու գուրգուրանքը, չմոռանանք որ եկեղեցի նշանակում է հաւատացեալների համախմբում։ Այո՛, հայ դպրոցը նւիրական ու սրբազան այն վայրն է, որտեղ հայ մանուկը, պատանին ու պարմանուհին ի հաղորդութեան է գալիս իր հայրերի ստեղծագործ կեանքին։
Հայ դպրոցը միջնաբերդն է մեր գոյութեան, այդ միջնաբերդի պաշտպան զինւորները Մեսրոպաշունչ 36 գրերն են, որոնցով ամբողջ հայաշխարհը իր ստեղծագործութեամբ կառուցւել ու պահպանւել է։

Հայ դպրոցը Մեսրոպաշունչ ու Մեսրոպաբոյր տունն է, որտեղ մտնում է ամէն հայ եւ այնտեղ մտնելիս ինքն իրեն հարազատօրէն հայ է զգում։

Հայ դպրոցը լուսատու փարոս է ու աղբիւրը լոյսի, որին դիմում է ամէն հայ իր հոգում վառելու Մեսրոպատունկ ջահը իբրեւ ուղեցոյց նրանով ապրելու եւ ստեղծագործելու համար։

Հայ դպրոցը շտեմարանն է մեր ժողովրդի հազարաւոր տարիների պատմութեան, մի պատմութիւն որ իր յաղթանակներով ու պարտութիւններով, հերոս թագաւորներով ու զօրավարներով եղած է եւ է՛ ներշնչարանը սերունդների։

Հայ դպրոցը այն քուրան է, որտեղ վաղւան հայն է թրծւելու իր հայրենիքի, ամբողջական հայրենիքի գաղափարախօսութեամբ, պահանջատիրական պայքարի անշէջ ոգիով, որով հայի ինքնուրոյնութիւնն ու ինքնտպութիւնը առաւել եւս դրսեւորւում է։

Դպրոցական վերամուտի այս օրերին, տասնեակ հազարաւոր հայ աշակերտ-աշակերտուհիներ կարօտով ու անբացատրելի երջանկութեամբ, յուզումնախառն ապրումներով մուտք են գործում Մեսրոպ Մաշտոցի 36 տառերով կառուցած տունը, որտեղ հայ աշակերտը ձեռքի է առնելու մայրենի լեզւի իր դասագիրքը, հայոց պատմութեան դասագիրքը եւ հայ եկեղեցու պատմութեան դասագիրքը թերեւս վերջին անգամ լինելով։ Մի իրականութիւն որ վստահաբար շատ ծնողներին եւ աշակերտներին խոր ցաւ է պատճառելու Հայաստանի դպրոցների պարագային, քանի որ սփիւռքեան իրականութեան մէջ մեր դպրոցներում հայերէն լեզւի, կրօնի ու հայոց պատմութեան նիւթերը միշտ միասին աւանդւել են ու աւանդւում են։

Սփիւռքեան իրականութեան մէջ ծնողներն ու ազգային իշխանութիւնները ի գին ամէն զոհողութեան ու դժւարութիւնների աշխատում են հայ դպրոցը պահել ու պահպանել իր ճշմարիտ առաքելութեան ուղղու վրայ։ Որովհետեւ հայ դպրոցը մարդակերտումի, հայակերտումի վառ օճախ է որտեղ աշակերտը պիտի սորվի իր լեզուն, կրօնն ու հայոց պատմութիւնը։ Դպրոցում իր աչքերի առաջ պատկերւելու են մեր պատմութեան հերոսներն, դաշտում աշխատող մշակները, եկեղեցիներում աղօթողները, հայրենիքի սահմանների վրայ զգօն եւ արթուն կանգնած մեր աննման զինւորները, մի խօսքով, մեր ողջ հայութիւնը իր հոգեւոր ու նիւթական աշխարհով եւ դրանով ծնւում, սնւում ու աճում է հայի ինքնուրոյնութեան, լինելութեան գիտակցութիւնն, որով ապահովւում է հայի ապագան։

Վերոյիշեալ մտորումների լոյսի տակ, հայ ծնողքը այս օրերին, երբ կորոնա վարակը, իբրեւ աներեւոյթ թշնամի փորձում է հարւածել մարդ արարածը, կոչւած է ամենալուրջ մօտեցումով ու նախանձախնդրութեամբ հետեւելու իր զաւակին, զաւակներին մտային, հոգեւոր եւ ֆիզիքական առողջութեան։
Դպրոցում հայ ուսուցիչը նոյնքան բծախնդրութեամբ ուղղակի հաղորդակցութեամբ կամ առ ցանց դասաւանդմամբ իր գերագոյն ճիգը կատարելու է կենդանի ու հաղորդական ձեւերով աշակերտի ուշադրութիւնը կենտրոնացնելու լուրջ ուսումնառութեան նւիրական գործին։

Հայ աշակերտի իրաւունքն է ստանալ ճշգրիտ եւ ուղղափառ կրթութիւն հիմնւած իր հայրերի կեանքի, ստեղծագործական կեանքի եւ ողջ պատմութեան վրայ։

Ո՞վ պիտի հայթայթէ անհրաժեշտ ՛՛ճշգրիտ եւ ուղղափառ՛՛ կրթութիւն, գիտութիւն բովանդակող դասագրքեր գործածւելու Հայաստանի եւ Սփիւռքի մեր բոլոր դպրոցներում։

Հայաստանում տեղի ունեցող կրթական բարեփոխումների հարցը կապւած հայ ժողովրդի պատմութեան եւ հայ գրականութեան, մտահոգիչ երեւոյթ է նոյնիսկ եթէ տակաւին նախագիծի սահմաններում է։

Մենք 50-60-ական տարիների մեր դասագրքերից ներծծեցինք հայրենասիրութիւնը, ազգասիրութիւնն ու եկեղեցասիրութիւնը, որոնցով ապրում էինք նաեւ երանութիւնը մեր ազատ, անկախ եւ միացեալ հայրենիքի ցանկալի իրականութեան, միաժամանակ աղօթում, որ մեր հայրենիքում ապրող մեր ընկերներն էլ այդ բախտի արժանանան։

Անցան տարիներ, աշխարհը հիմնական փոփոխութիւնների, փոթորիկների ու յեղափոխութիւնների միջից անցաւ ու դեռեւս անցնում է. «Ձախորդ օրերը ձմրան նման կուգան ու կերթան», երգը ե՛ւ ուրախացնում ե՛ւ տխրեցնում էր մեզ։ Տխրում էինք, որովհետեւ ձախորդ օրերի ՛՛գնալը՛՛ յամենում էր եւ ուրախանում էինք ասելով «Վհատելու չէ վերջ կունենան, կուգան ու կերթան» բառերը, յատկապէս երբ ուժեղ ու բամբ ձայնով երգւում էին դրանք։

Քրիստոնէական մեր հաւատքն էլ մեզ ամրապնդում ու զօրացնում է մեր համոզումների ու առաքելութեան մէջ։ Քրիստոս խօսելով աշխարհից գալիք դժւարութիւնների մասին, յիշեցնում է աշակերտներին. «Աշխարհում դուք նեղութիւն կունենաք, սակայն քաջալերւեցէք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին»։(Յհ. 16։33)

Հայ ժողովրդի պատմութիւնը իր բիւրեղ ու անարատ վիճակով գրւած ու արձանագրւած է Հայաստանի ամէն մի ժայռի, մի քարի վրայ եւ հայու ոգին, շրջում է ամենուրեք ներշնչելով ու ոգեղինացնելով ամէն մի հայի, որ հաւատքով քայլում է իր հայրենի հողի վրայ, ինչ վիճակի մէջ էլ լինի այդ հողը, ազատ թէ գերեվարւած, կանաչազարդ թէ անապատացած, մշակւած թէ անջրդի եւ վերջապէս խոպան թէ յուռթի։ «Մի հարցնէք ի՞նչ է, ո՞ւր է, ո՞ւրկէ կուգայ հոգին, ոգին, ինչպէս արեւն է հուրհրուն, ինչպէս կանաչն է դաշտերում, այ, ճիշդ այդպէս է, ամէն տեղ է հայու ոգին» ասում է Համաստեղ։ Ահա այդ ոգին, որ հայի հոգեւոր ներաշխարհի շունչն է, շնչաւորելու, ամրացնելու եւ լուսաւորելու է, ամէն մի հայի որպէսզի նա ապրի հայոց պատմութեան, եկեղեցու եւ մայրենի լեզւի ու գրականութեան ջերմութեամբ, ներշնչականութեամբ, հայկեայ ազատատենչ ոգիով, լուսաւորչաւանդ հաւատքով ու մեսրոպակերտ գիւտով։ Որքան գեղեցիկ ու ներշնչող են դեռ վերջերս մահացած Ժաք Յակոբեանի ՛՛ Մենք ՛՛ բանաստեղծութեան հետեւեալ տունը.-

Մենք … Մենք բուռ մը հող աշխարհի վըրան՝
Ժայռի պէս հաստա՛տ, դաշտի պէս յուռթի՜,
Մենք դարաւոր թի՛ւ բազկի արութեան,
Մենք սրտի անդո՛ւնդ եւ բարձո՛ւնք մտքի,
Մենք մասիսաձիգ Հայկի սէ՛գ ճակատ
Եւ անխախտ կամքի անյաղթ Արարատ…

Վերջերս Լոս Անջելոս հրատարակւող Ասպարէզում կարդացի հետեւեալը՝ հայկական վարժարաններէն մէկում կրօնի ուսուցիչը, կրօնի դասին դիմել է իր աշակերտներին հետեւեալ հարցով.- «Ի՞նչ է հայ եկեղեցին քեզի համար»։ Լսենք Ամերիկա ծնած եւ մեծցած հայ աշակերտներին.-

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԻՆԾԻ ՀԱՄԱՐ.-
«Հոգեւոր դասարան է»,
«Կեդրոն է»,
«Յարութեան տուն է»
«Ուէլքամինկ վայր մըն է»,
«Հոն մեր մեղքերը կը ներուին»,
«Ուժեղ քըննէքշըն կայ Աստուծոյ հետ»,
«Մարդիկ հոն կը զուգուին, կը պսակուին»,
«Ան քրիստոնեաներ կը ստեղծէ»,
«Եկեղեցւոյ մէջ ինքնութեանդ մէջ կը մնաս»,
«Աստուծոյ հետ մտերիմ կը զգաս»,
«Տէր իզ նօ ճաճմընթ»,
«Եկեղեցւոյ մէջ աղօթքը կ՛երեւի»,
«Հաւաքական ուժ է»,
«Հոն ազատ կը զգամ»,
«Աստուծոյ տունն է»,
«Աղօթքի տուն է»,
«Սրբավայր է»,
«Հաւատացեալներու հաւաքավայր է»,
«Ապահով տեղ մըն է»,
«Սուրբ վայր մըն է»,
«Քրիստոնէութեան տունն է»,
«…ՀԱՅՈՑ ՏՈՒՆՆ Է…»

Այո՛, ինքնաճանաչողութեամբ հայը պիտի կարողանայ զօրացնել իր կամքը իր գոյութենական պայքարի մէջ, յանուն իր այսօրւայ հայրենիքի զօրութեան եւ վաղւան ամբողջական հայրենիքի իր ամբողջական բնակչութեամբ։

Ինքնաճանաչումը իրագործւում է մեր լեզւի, եկեղեցու, պատմութեան եւ մշակոյթի իւրացումով, սերտողութեամբ եւ ուսումնասիրութեամբ։

 

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

21 Սեպտեմբեր 2020

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com