Ի շարունակութիւն Թեհրանի Հայոց Թեմում կայացւող Աստւածաշնչական սերտողութեան դասընթացների՝
1) Երկուշաբթի, Յունւարի 16-ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեան խօսեց «Կանայի հարսանիք»ի մասին (Յովհաննէս 2.1-11)։ Այս մասին նա շատ բան ասաց։ Յիշեմ խօսքերից երեքը.- ա) «Սուրբ կոյս Մարիամ ներկայ էր հարսանիքին, մինչդեռ Յիսուս հրաւիրւել էր։ Այս իրողութիւնը պարզում է, թէ Աստւածամայրը մի՛շտ մեր կողքին է. նա մեզ հետ լինելու համար՝ հրաւէրի կարիք չունի, մինչդեռ Յիսուս մեր Փրկիչը լինելով՝ սպասում է որ հրաւիրենք նրան, որպէսզի մուտք գործի մեր սրտից ներս, որովհետեւ նա չի ուզում իր փրկութիւնը պարտադրել մեզ, չի ուզում մեր կամքի հակառակ փրկել եւ երկինք առաջնորդել մեզ։ Նա կանգնել է մեր սրտի դրան առաջ եւ բախում է (Յայտնութիւն 3.20). ուզում է որ մեր ազատ կամքով իր առաջ բանանք մեր սրտի դուռը։ Նա չի ուզում կոտրել մեր սրտի դուռը եւ ներս մտնել։ Ուզում է որ մեր ազատ կամքով եւ սիրով իր առաջ բանանք մեր սրտի դուռը։ բ) Գինին Հին Կտակարանում ուրախութիւն է խորհրդանշում։ Ուստի երբ Մարիամ իր Որդուն ասում է՝ "գինի չունեն", ըսել ուզում է՝ "ուրախութիւն չունեն"։ Արդարեւ, մարդկային սերունդը կորցրել էր իր սրտի ու հոգու ուրախութիւնը։ Յիսուս խաչին վրայ իր հեղած արիւնով մարդկանց շնորհեց փրկութեան ուրախութիւնը։ գ) Յիսուս սպասաւորներին պատւիրեց որ տնում գտնւող վեց քարէ կարասները ջրով լցնեն։ Կարասները ջրով լցւելուց յետոյ՝ ջուրը գինիի փոխւեց։ Սա պարզում է թէ Յիսուս ինքն է որ մեր կեանքի ջուրը, այլ խօսքով տրտմութիւնը՝ ուրախութեան է փոխում, սուգը՝ ցնծութեան, անհամութիւնը՝ քաղցրութեան, դատարկութիւնը՝ լեցունութեան»։ Սերտողութեան երկրորդ բաժնում, հայր սուրբը բացատրեց թէ աստւածսիրութիւնն ու հայրենասիրութիւնը չեն հակադրւում միմեանց, այլ՝ ամբողջացնում։ Այս մասին հայր սուրբը ասաց. «Չարաչար սխալւում են նրանք՝ որոնք խորհում են թէ քրիստոնէական քարոզները տկարացնում են հայուն մէջ հայրենասիրութեան ոգին։ Վարդան զօրավարի մէջ հայրենասիրութիւնն ու հաւատքը նո՛յնքան ուժեղ էին եւ անբաժան։ Աւարայրի դաշտում խաչն ու սուրը միասնաբար ներկայ էին։ Մենք այսօր կարիքը ունենք Գարեգին Նժդեհների, որոնք ճիշտ հասկանան քրիստոնէութիւնը եւ իրենց մի ձեռում ունենան խաչը, իսկ միւս ձեռում՝ հրացանը։ Ո՛չ Աստւածաշունչը եւ ո՛չ էլ հայրերից ոեւէ մէկը արգիլում է հայրենի պաշտպանութեան համար թափել մեր սեփական արիւնը կամ մեր թշնամու արիւնը։ Հայրենիքը Աստծու պարգեւն է մեզ. մենք պէտք է պատրաստ լինենք մեր արիւնո՛վ ու աղօթքո՛վ պաշտպանելու այդ պարգեւը»։
2) Երեքշաբթի, Յունւար 17-ին, Սրբ. Թարգմանչաց եկեղեցում կատարւեց սերտողութիւնը «Եմմաուսի ճամբուն վրայ» հատւածի առաջին չորս համարներին (Ղկ 24.13-16)։ Այս համարներին մասին խօսելիս՝ հայր սուրբը ասաց. «Յիսուսի յարութեան օրը աշակերտներից երկուքը գնում էին Եմմաուս որ Երուսաղէմից շուրջ տասնմէկ կիլոմետր հեռու էր։ Սրանք Յիսուսի տասներկու աշակերտներից չէին։ Մէկը Կղէոպասն է, որը եղբայրն էր սուրբ կոյս Մարիամի նշանածին՝ Յովսէփի, իսկ երկրորդին ինքնութեան մասին բան չենք իմանում։ Ասւում է որ սրանք միմեանց հետ խօսում էին պատահած բոլոր անցուդարձերի մասին։ Ուշագրաւն այն է, որ նրանք Երուսաղէմից մի քիչ հեռանալուց յետոյ սկսեցին խօսել Յիսուսին պատահածների մասին, որովհետեւ վախենում էին Երուսաղէմ բնակւող աւագ քահանաներից եւ Փարիսեցիներից, որոնք սպառնացել էին ձերբակալել ոեւէ մէկին որ խօսում էր Յիսուսի մասին։ Վախը պատճառ էր դարձել, որ նրանք Երուսաղէմում չխօսէին Յիսուսի մասին։ Այսօր էլ կարող է նման բան պատահել մարդկանց կեանքին մէջ։ Շատ մարդիկ չեն խօսում ու չեն վկայում Յիսուսի մասին, վախենալով որ կարող են գործ կամ գործընկեր, դիրք կամ պաշտօն կորցնել։ Երբ յիշեալ երկու աշակերտները խօսում էին միմեանց հետ Յիսուսի մասին՝ "Յիսուսն անձամբ մօտեցաւ նրանց եւ սկսեց նրանց հետ գնալ"։ Այս իրողութիւնն պարզում է թէ երբ երբ խօսում ենք Յիսուսի մասին՝ Յիսուս մօտենում է մեզ եւ սկսում է մեր հետ քայլել։ Յիսուս մօտենում է մեզ ո՛չ միայն մեր հարցումներին պատասխան տալու, այլեւ՝ մեր պատասխանը լինելու. պատասխանը մեր սրտի տագնապին ու հոգու ցաւին, պատասխանը մեր բոլոր հարցերին ու խնդիրներին։ "Նրանց աչքերն այնպէս բռնւած էին, որ չէին ճանաչում նրան"։ Նրանք խօսում էին Յիսուսի մասին, բայց երբ Յիսուս մօտեցաւ նրանց՝ նրանք չճանաչեցին նրան։ Այսօր էլ մարդիկ կան որոնք խօսում են Յիսուսի մասին բայց չեն ճանաչում նրան։ Վախն ու մտահոգութիւնը թոյլ չէին տւել որ նրանք ճանաչէին Յիսուսը։ Արդարեւ, վախն ու մտահոգութիւնը փակում են մեր հոգու աչքերը եւ թոյլ չեն տալիս որ տեսնենք Յիսուսը որ մօտ է մեզ ու մեզ հետ է քայլում։ Յիսուս հարց է տալիս նրանց. "Ի՞նչ բանի մասին էք խօսում ու վիճում քայլելիս, եւ տրտմած էք"։ Ոչ միայն վախն ու մտահոգութիւնը պատճառ էին եղել որ նրանք չճանաչէին Յիսուսը, այլեւ՝ տրտմութիւնը։ Այո՛, տրտմութիւնն էլ թոյլ չի տալիս որ հոգու աչքերով տեսնենք ու ճանաչենք Յիսուսը։ "Ի՞նչ բանի մասին էք խօսում" հարցումը մե՛զ էլ է ուղղւած։ Ի՞նչ բանի մասին խօսում ենք երբ քով-քովի ենք գալիս։ Լա՞ւ բաների մասին ենք խօսում, թէ՝ բամբասում սրան ու նրան։ Մի քիչ Քրիստոսի մասին էլ խօսո՞ւմ ենք, թէ՝ միայն աշխարհիկ նիւթերի մասին ենք խօսում։ Գարեգին Նժդեհն իսկական քրիստոնեայ է համարում նրան՝ «ում մէջ մի քիչ քրիստոնէութիւն կայ, մի կայծ ամենազօր Աստւածորդու հոգուց...»։
3) Չորեքշաբթի, Յունւարի 18-ին, Ս. Սարգիս եկեղեցում հայր սուրբը իբրեւ նիւթ ընտրեց «մեռելոց Պատարագ»ը եւ «բարեխօսութիւն»ը։ Նա ասաց. «Մենք սուրբ պատարագը մատուցում ենք ողջերի եւ մեռելների համար, որովհետեւ Քրիստոս խաչի վրայ պատարագւեց ողջերի եւ մեռելների համար։ Յիշենք, որ նա իր մահից յետոյ եւ յարութիւնից առաջ մեռելոց աշխարհը գնաց եւ նրանց էլ քարոզեց փրկութեան Աւետարանը (Ա.Պետրոս 3.18-19, 4.6)։ Ուստի, մենք աղօթում ենք մեր ննջեցեալների համար, եւ միաժամանակ՝ նրանց աղօթքն ենք խնդրում։ Եկեղեցին ունի իր երկու մասերը. "Զինւորագրեալ եկեղեցի" եւ "Յաղթական եկեղեցի"։ "Զինւորագրեալ եկեղեցի" ասելով հասկանում ենք ողջ հաւատացեալներին, որոնք տակաւին Քրիստոսի զինւորութեան մէջ են եւ կռւում են մեղքի դէմ, իսկ "Յաղթական եկեղեցի" ասելով հասկանում ենք ննջած հաւատացեալներին, որոնք կռւել են մեղքի դէմ եւ յաղթել ու յաղթականօրէն երկինք մեկնել։ Պօղոս առաքեալն ասում թէ եկեղեցին մէկ է (Եփ 4.4։ Ա.Կր 12.12)։ Հոս "եկեղեցի" ասելով հասկանում ենք թէ՛ Զինւորագրեալ եկեղեցին եւ թէ՛ Յաղթական եկեղեցին։ Զինւորագրեալ եկեղեցին եւ Յաղթական եկեղեցին միասնաբար կազմում են Քրիստոսի մէ՛կ եկեղեցին։ Արդ, եթէ Յաղթական եկեղեցին չի կարող աղօթել Զինւորագրեալ եկեղեցու համար եւ Զինւորագրեալ եկեղեցին չի կարող աղօթել Յաղթական եկեղեցու համար, սա նշանակում է որ կապ չկա՛յ երկնաբնակ եւ երկրաբնակ հաւատացեալների միջեւ, եւ եթէ կապ չկայ նրանց միջեւ, ուրեմն, եկեղեցին մէկ չէ, այլ՝ երկու։ Հետեւաբար, բարեխօսութիւնը մերժելը՝ եկեղեցին բաժանում է երկուքի»։ Իր խօսքի աւարտին հայր սուրբը կոչ ուղղեց ժողովրդին աղօթելու եւ աղօթքով պատերազմակից լինելու մեր հայրենիքին եւ յատկապէս Արցախի մեր անզէն ու սուրբ զաւակներին։ Նա յիշեցրեց ժողովրդին Անդրանիկ զօրավարի խօսքը. «Ամէն օր գլուխներդ բարձին դնելուց առաջ եւ քնանալուց առաջ, յիշէք, թէ այդ օրն ինչ էք արել ձեր ազգի համար»։ Հայր սուրբը ասաց. «Չպէտք է հանգիստ տանք մեր հոգիներին, երբ Արցախի մեր ժողովրդի զաւակներին հոգիները տանջւում են։ Պէտք է կրակոտ սրտով՝ կրակոտ աղօթք բարձրացնենք առ Աստւած, եւ խնդրենք նրանից որ ոչ միայն ազատի Արցախի մեր զաւակներին ազերիի ու թուրքի ձեռքից, այլեւ բնաջնջի մեր թշնամիներին»։ Հայր սուրբը խօսեց աղօթքի մասին, բայց յիշեցրեց նաեւ թէ պէտք է Նիկոլ Աղբալեանի թուրը միշտ պատրաստ պահել մեր ձեռքերի մէջ, որպէսզի երբ պահը հասնի, ամէն հայ պատերազմի դաշտ սուրայ, «իջնի թափով ու զարնէ սարսափով»։
Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին, որ մասնակցեն Աստւածաշնչի սերտողութեան դասընթացներին, որոնք պիտի օգնեն մեզ լայն գիտութիւն ամբարելու Աստւածաշնչի եւ մեր եկեղեցու հաւատքին մասին եւ միաժամանակ օգնեն, որ աճենք մեր հաւատքի կեանքում։
Աստւածաշնչական սերտողութեան դասընթացները տեղի են ունենում հետեւեալ ժամանակացոյցով՝
- Երկուշաբթի, երեկոյեան ժամը 5:00-ից 6:00-ը, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի:
- Երեքշաբթի երեկոյեան ժամը 5:00-ից 6:00-ը, Սրբոց Թարգմանչաց եկեղեցի:
- Չորեքշաբթի, առաւօտեան ժամը 10:00-ից 11:00-ը, Ս. Սարգիս եկեղեցի:
ԴԻՒԱՆ ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ