Չորեքշաբթի, 25 հոկտեմբեր 2023 թւականին, Իսլամական կապի եւ մշակոյթի կազմակերպութեան կենտրոնատեղիում տեղի ունեցաւ Շիա, Սուննի եւ կրօնական փոքրամասնութիւնների հոգեւորականների հանդիպում՝ ի դատապարտում Գազայում Սիոնիստական ռեժիմի կատարած ոճրագործութեան։
Իսլամական կապի եւ մշակոյթի կազմակերպութեան Մշակոյթների եւ կրօնների երկխօսութեան կենտրոնի նախագահ Ալիաքբար Զիային բարի գալուստ մաղթելով ներկաներին ասած. «Մենք յուսով ենք, որ Իրանի եւ այլ երկրների աստւածային առաջնորդների ուղերձը կը հասնի աշխարհի ղեկավարների ականջին եւ կը կանխեն այս բարբարոսութիւնները: Նա յոյս յայտնեց, որ պաղեստինցի ժողովուրդը, որը զրկւած է սննդից ու ջրից, կը տիրանայ իր մարդկային իրաւունքներին։
Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք Սարգսեանի ներկայացուցիչ՝ Տէր Գրիգորիս Քահանայ Ներսէսեանսը նաեւ իր հերթին արտայայտւելով ասաց․-«Յիսուս Քրիստոսը թագաւորական եւ աստւածային օրէնքի մեկնաբանութեան մէջ ասաց, որ կեանքի ճանապարհի եզրին վիրաւորւած մարդուն պիտի հոգ տանել, սպեղանի պիտի դնել նրա վէրքերին եւ մխիթարել նրան մխիթարութեան իւղով եւ Սուրբ Հոգու զօրութեամբ եւ այն պիտի անել առանց որեւէ խտրականութեան»։
Նա յաւելեց.-«Յիսուս Քրիստոսի մեկնաբանութեամբ մարդու բարեկամը կարող է լինել դեղնամորթ, սեւամորթ կամ սպիտակամորթ: Մենք տեսնում ենք, որ Աստւած խտրականութիւն չի դնում ռասաների նկատմամբ։ Այսօր նրանց, ովքեր քանդում են իրենց հարեւանի տները, տեղահանում են իրենց մարդ եղբօրը ու գաղթի ճամբին նրանց յարձակման են ենթարկում, պէտք է ասել, որ նրանք ոչինչով չեն տարբերում իրենց երեխաներին մողոք կուռքի շիկացած բազուկների վրայ կիզող քանանացի ցեղերից»։
Նա ակնարկելով Թորային ասաց.-«Թորան բազմիցս պատւիրել է Իսրայելի ժողովրդին եւ ասել, որ բարութեամբ պիտի վերաբերւեն իրենց կողքին ապրող ցեղերին։ Աստւած ասում է, որ Իսրայելի ժողովուրդը նրանց ովքեր ապրուստ են փնտրում իրենց մերձակայքում, պիտի վերաբերւեն ինչպէս բարեկամների»։ Քահանայ Հայրը իր խօսքը եզրակացնելով ասաց.-«Այսօր մենք յստակ տեսնում ենք, որ համաշխարհային սիոնիզմը իր կործանարար սուտ քարոզչական եւ ռազմական մեքենան, խզում է երկրների յարաբերութիւնները եւ աւերում տարբեր ազգերի կեանքը»:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ