Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԻՍԼԱՄԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԻ ԵՒ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՏՆՕՐԷՆ ՀՈՋԱԹ. ԻՄԱՆԻ ՓՈՒՐԻ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ԱՅՑԸ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Երեքշաբթի, 30 յունւար 2024 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը Ազգային Առաջնորդարանի դահլիճում Սուրբ Ծննդեան եւ Նոր տարւայ առիթով ընդունեց Իսլամական մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութեան տնօրէն Հոջաթ. Իմանի Փուրին, կազմակերպութեան Մշակոյթների եւ կրօնների երկխօսութեան կենտրոնի նախագահ դոկտ. Ալիաքբար Զիայիին եւ նոյն կազմակերպութեան փորձագէտ Ռաշիդ Բէյգիին:

Առաջնորդ Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց յարգոյ հիւրերին: Սրբազան Հայրը կարեւորելով հայութեան եւ Իրանի ժողովրդի բարեկամութիւնը ասաց, որ երկու ժողովուրդները եղբայրներ են, որոնք դարերից ի վեր համագործակցել ու իրար զօրավիգ են հանդիսացել։ Նա յաւելեց.-«Մենք մուսուլմաններին համարում ենք մեր եղբայրները, եւ տեղին է ասել, որ հայերը սրբազան պաշտպանութեան ութ տարիների ընթացքում իրենց ներդրումն են ունեցել»։

Սրբազան Հայրը Գազայի ժողովրդի դէմ սիոնիստական ռեժիմի վերջին յանցագործութիւնների մասին արտայայտւելիս ասաց.«Աշխարհում միայն Իրանը, Սիրիան եւ Եմենն են, որ աջակցում են Գազայի ժողովրդին ու ցաւօք այս հարցում, արեւմտեան երկրների ղեկավարները փակել են իրենց աչքերը, ականջները ու բերանը, բայց ես խորապէս համոզւած եմ, որ Պաղեստինի ժողովուրդը շուտով կը տիրանայ իր իրաւունքներին»: Նա նաեւ ասաց, որ հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանութիւնն ու Արցախում էթնիկ զտումը ապրելով, բոլոր ազգերից առաւել իր սեփական մաշկի վրայ զգում է Պաղեստինի ժողովրդի ցաւն ու տառապանքը։

Թեմիս Բարեխնամ Առաջնորդը մատնանշեց նաեւ պաղեստինահայ համայնքի նկատմամբ սիոնիստական ռեժիմի վայրագութիւններին։ Նա շեշտեց, որ հայերը 1500 տարի Պաղեստինում ապրելով ունեն իրենց իրաւունքները, որոնք այսօր խախտւում են սիոնիստների կողմից։

Ապա յարգարժան հիւրն իր գոհունակութիւնը յայտնեց հանդիպման համար եւ շնորհաւորելով Ամանորն ու Ս․ Ծննդեան տօները, Սրբազան Հօր համար Բարձրեալ Աստւածուց հայցեց լիարժէք ապաքինում։ Նա իր խօսքում անդրադարձաւ իրանցիների և հայերի յարաբերութիւնները պատմական խոր արմատներին եւ Սրբազան Հօրը կրօնների երկխօսութեան ազդեցիկ Ռահւիրան համարեց, որը միջազգային բոլոր համագումարներում հանդիսանում է Իրանի իրաւունքների պաշտպան ու ներկայացնում է Իրանի իրական պատկերը:

Հոջաթ. Իմանի Փուրը Գազայում սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնները միջազգային մարդասիրական իրաւունքի տեսանկիւնից դիտարկելիս ընդգծեց.«Գազայի հատւածում բնակւող մարդկանց դէմ յանցագործութիւնների ընթացքում խախտւել են մարդկային իրաւունքների նորմերը»։ Նա յայտնեց, որ բարեբախտաբար, բացի իսլամական աշխարհից, այսօր մենք ականատես ենք մարդկութեան զարթօնքին եւ աշխարհի բոլոր ծայրամասերում դիմադրութեան մեդիա շարժումները արձանագրում եւ հրապարակում են Գազայի խաղաղ բնակիչների դէմ կատարւած յանցագործութիւնների փաստերը։

Հանդիպման աւարտին Իսլամական մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութեան Մշակոյթների եւ կրօնների երկխօսութեան կենտրոնի նախագահ դոկտ. Ալիաքբար Զիային նշեց «Կրօնների իրաւունքների մասին համաշխարհային փաստաթղթի» պատրաստման մասին։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ