Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

2015-2016 Տարեշրջանի Աստւածաշնչական Ժողովրդական Լսարանների Փակման Հանդիսութիւն

Ինչպէս որ օդը, ջուրն ու սննդամթերքը կենսական ազդակներ են երկրագունդի վրայ բանաւոր եւ անբան արարածների կեանքի գոյատեւման ու ապրելուն, նոյնպէս էլ Աստծու Խօսքին, այսինքն՝ Աստւածաշունչ Մատեանի ընթերցումը, դրա մասին խորհրդածելը, դրանով սնւելն ու զարգանալը, աճելն ու հասունանալը ամենօրեայ դրութեամբ կենսական հրամայական է իւրաքանչիւր իսկական քրիստոնեայ հաւատացեալի համար:

Այլապէս, ինչպէս որ առանց արեգակին, ջուրին, օդին ու կերակուրին մարդուս մարմինը տկարանում, հիւծում եւ ի վերջոյ մահւան է դատապարտւում, նոյնպէս էլ Աստծու պատկերով եւ նմանութեամբ ստեղծւած արարածներիս հոգին ու մարմինը առանց Աստծու կենդանի ներկայութեան մեր կեանքում, այսինքն՝ նրա իմացական լոյսի ճառագայթումին մեր ներաշխարհում, նրա կենդանարար խօսքով սնւելու, աստւածային իմաստութեան եւ գիտութեան լոյսովը լուսաւորւելու, գօտեպնդւելու, լցւելու, դաստիարակւելու եւ արդարութեան, սրբութեան եւ ճշմարտութեան հաղորդ դարձած առաջնորդւելու, մեր էլ հոգին ու մարմինը աստիճանաբար եւ անխուսափելիօրէն դատապարտւած է մեղքին ստրկանալով՝ հիւանդանալու, տկարանալու, աղքատանալու, մերկանալու, խաւարամտելու, տգիտանալու, բարոյազրկւելու, անխղճանալու, անտարբերութեամբ կլանւելով՝ եսապաշտութեամբ ու անձնասիրաբար դէպի հոգեւոր մահւան անդունդը գլորւելու:

Այս ճշմարտութիւնից մղւած Թեմիս բազմերախտ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Թեհրանի առաջնորդական գահ բարձրանալուց անմիջապէս յետոյ 2000 թւականից սկսեալ Թեհրանում երեք տարբեր եկեղեցիներում հաստատեց շարունակական Աստւածաշնչական լսարաններ, անձամբ ինք իսկ վարելով սերտողութիւնները: 2011 թւի յուլիսից սկսեալ Աստւածաշնչական լսարաններն ու սերտողութիւնները Առաջնորդ Սրբազան Հայրը յանձնեց իր օգնականին ատենօք՝ Հոգշ. Տ. Մակար. Վրդ. Աղգարեանին (այժմ առաջնորդական փոխանորդ եւ եպիսկոպոս), որը նոյն լրջութեամբ, նախանձախնդութեամբ հաւատքով ու պարտականութեան գիտակցութեամբ շարունակեց աշխատանքը եւ տակաւին շարունակում է:

Թւականիս երկուշաբթի 20 յունիսի երեկոյեան ժամը 6:30-ին Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում տեղի ունեցաւ 2015-2016 տարեշրջանի Աստւածաշնչական լսարանների փակման հանդիսութիւնը: Լսարանները տեղի էին ունենում երեք տարբեր օրերի ընթացքում եւ երեք տաբրեր եկեղեցիներում. Երկուշաբթի երեկոյեան Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, երեքշաբթի առաւօտ Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում, եւ չորեքշաբթի երեկոյեան Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում: Լսարանները եկեղեցական, կրօնական, ազգային, բարոյական ու ծիսական տօների, դէպքերի եւ երեւոյթների մասին բացատրութիւնների կողքին ընդգրկում էին նաեւ աղօթասացութիւն, շարականների ուսուցում եւ երգեցողութիւն, Հին Կտակարանից Սաղմոսների մեկնութիւն իսկ Նոր Կտակարանից էլ Աւետարաններից ու Առաքելական թղթերից քաղւած որոշ հատւածների կամ գլուխների սերտողութիւն, ինչպէս նաեւ աւարտին էլ հարց-պատասխանի բաժին:

Օրւայ հանդիսութեան նախագահեց Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, ներկայ էին նաեւ Քահանայք՝ Արժ. Տ. Մեսրոպ Ռաթէոսեանը, Արժ. Տ. Մաշտոց Խաչատրեանն ու Արժ. Տ. Գրիգորիս Ներսէսեանը ինչպէս նաեւ երեք եկեղեցիներում լսարանների մասնակցող հաւատացեալները:  

Հանդիսութիւնը սկսւեց Տէրունական «Հայր Մեր» աղօթքով ու «Զգործս ձեռաց մերոց» մաղթանքով. որից յետոյ ներկաները միասին հաւաքական մի աղօթք կատարեցին եւ ապա տարւայ ընթաքին սովորած տասնեակ շարականներից վեցը երգեցին, որին յաջորդեց առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի Աւետարանական հատւածի սերտողութիւնը քաղւած Յովհաննու Աւետարանից (Յհ 6.60-69): Սրբազան Հայրը իր սերտողութեան աւարտին նախ գոհութիւն յայտնեց Աստծու իր տւած շնորհքներին եւ յատկապէս օրհնաբեր առիթներին համար, ապա շնորհակալութիւն յայտնեց Առաջնորդ Սրբազանի հայրական սիրոյն եւ հաւատացեալների հոգեմտաւոր սնունդ մատակարարման համար ցուցաբերած անվերապահ հոգատարութեանը եւ հայթայթումին, ինչպէս նաեւ այդ աշխատանքը իրեն յանձնելու վստահութեան, քաջալերանքին եւ աջակցութեանը: Նա շնորհակալութիւն յայտնեց նաեւ վերոյիշեալ եկեղեցիների եկեղեցական խորհրդների անդամներին իրենց համագործակցութեան համար եւ ներկաներին՝ իրենց հետեւողական մասնակցութեան եւ Աստծու խօսքի նկատմամբ իրենց ունեցած սիրոյն, հետաքրքրութեան եւ կապւածութեան համար: Աւարտին նա հրաւիրեց Առաջնորդ Սրբազան Հօրը, որ այդ առիթով իր հայրական խօսքն ուղի ներկաներին:

Առաջնորդ Սրբազան Հայրը խօսելով Աստծու խօսքի կարեւորութեան մասին ասաց. «Աստւածաշունչը իւրաքանչիւր քրիստոնեայ հաւատացեալի կեանքի ուղղեցոյց է լինելու, այլ խօսքով Դա պիտի լինի մեր կեանքի առաջնորդը: Եթէ քրիստոնեայ ենք, եթէ հաւատում ենք, որ Աստւած մեզ սիրած լինելուն համար Իր Միածինը ուղարկեց, որպէսզի մեզ փրկի եւ յաւիտենականութեան առաջնորդի, այդ փրկութեան ուղին եւ ուղղեցոյցը Աստւածաշունչ Մատեանն է: Որքան ինքներս մեզ մօտ զգանք Աստւածաշունչին, այնքան աւելի մեր կեանքը իմաստաւորւում է»: Սրբազան Հայրը իր խօսքում անդրադարձաւ մերօրեայ աշխարհի դառն իրականութեանը մասին եւ յիշեցրեց, որ այս տաղտկալի ու տագնապալի վիճակում քրիստոնեայ մարդը կառաջնորդւի միայն ու միայն Աստծու խօսքով՝ եւ դա որպէս առաջնահերթ ճանաչողութիւն: Եւ նա յիշեցրեց ներկաներին, թէ Ինք անձամբ այդ մտահոգութիւնից առաջնորդւած անցնող տարիների ընթացքին ջանաց ըստ հնարաւորինս  Աստւածաշունչ Մատեանը ներկայութիւն դարձնել մեր ժողովրդի կեանքում, որպէսզի նրանք անձամբ կարդան Աստծու կենդանարար խօսքը եւ հաղորդւեն նրա փոխակերպիչ զօրութեանը:

Նա աւելացրեց նաեւ, թէ Աստւածաշունչի մասին լսելը տարբեր բան եւ ամբողջութեամբ ուրիշ բան է Աստւածաշունչի հետ մտերմութիւն ստեղծելը, կարդալն ու հասկանալը, որի համար էլ մեր նախնիքները հրաշալի մի յայտարարութեամբ բնութագրել են իրենց հաւատքի վկայութիւնն ու ըմբռնումը ասելով. «Մենք Աստւածաշունչը ընդունում ենք իբրեւ մեր հայրը իսկ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին՝ որպէս մեր մայրը: Մեր եկեղեցին կամ Քրիստոսի եկեղեցին իր փկչական եւ քաւչարար առաքելութեամբ շարունակում է Քրիստոսի գործը»: Հետեւաբար, եզրակացրեց Առաջնորդ Սրբազան Հայրը, մեր բոլորի պարտականութիւնն է, որ Աւետարանը քարոզենք մեր կեանքով, եւ ո՛չ թէ այն արտայայտենք միայն ու միայն մեր խօսքով:

Առաջնորդ Սրբազան Հայրը իր ուրախութիւնը յայտնեց Աստւածաշնչական սերտողութիւնների հաստատման կապակցութեամբ, որը վստահաբար մեծ օրհնութիւն ու բարիք եղաւ անցնող 16 տարիների ընթացքում մեր թեմում մեր ժողովրդի զաւակների կեանքում: Նա ասաց, «որ մենք ապրում ենք բազմակրօն մի ընկերութիւնում ինչպէս նաեւ շրջապատւած ենք կրօնից հեռու մարդկանցով: Մեր նւիրական պարտականութիւնն է, որ ամէն բանից առաջ՝ մենք մեզ լաւապէս ճանաչենք, եւ մենք մեր կեանքը պատւաստենք որպէս քրիստոնեայի Աստւածաշունչի վրայ: Որպէսզի դրանով կարողանանք մեր դիմագիծն ու ինքնութիւնը անաղարտ պահել: Որտեղ էլ որ գնանք, հանդիպելու ենք տարբեր կրօնների պատկանողների, սակայն էականը, որ մենք կարողանանք մեր կրօնքին տիրութիւն անել, մեր կրօնքով ապրել եւ գործել: Եթէ կարղացանք, այն ժամանակ նշանակում է , որ մենք յաջող քրիստոնեաներ ենք, հաւատացեալներ ենք ու յաջող եկեղեցու անդամներ»:

Աւարտին, Առաջնորդ Սրբազան Հայրը իր գնահատանքի խօսք ուղղեց Մակար Սրբազանին, եկեղեցակասն խորհրդների անդամներին եւ ներկայ հաւատացեալներին, որ հետեւողականօրէն ներկայ գտնւեցին լսարաններին եւ այդպիսով իրենք իրենց հարստացրեցին:   

Հանդիսութեան աւարտին եկեղեցու բակում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, ինչպէս նաեւ այդ օրւայ ուրախ առիթով ներկաները Առաջնորդ Սրբազանի ձեռքից ստացան օրհնւած խաչեր:

 

Թ. Հ. Թեմի Կրօնական Խորհուրդ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com