ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԿՈՉ

Իրանի Քերմանշահ նահանգում տեղի ունեցած աւերիչ երկրաշարժի տուժած մեր հայրենակիցներին օգնելու համար, մասնակցեն ընդհանուր օգնութեան շտապներին, կատարելով իրենց քաղաքացիական պարտականութիւնը նիւթական եւ անհրաժեշտ իրերի տրամադրութեամբ, մարդասիրական օժանդակութիւններով։

Զօրակցենք մեր աղէտահար հայրենակիցներին մեր օժանդակութիւնները կատարելով պետութեան կողմից առաջադրւած եւ յայտարարւած հնարաւորութիւնների միջոցով։

Նիւթական նւիրատւութեան պարագային հաճեցէք բանքային հետեւեալ հաշւեհամարին մուծել ձեր գումարները`

0110547278004

شورای خليفه گری ارامنه تهران – بانک ملی شعبه اردشير کد 690

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍԸ ԻՐ ԽՈՐՀՐԴՈՎ

Հոկտեմբեր ամիսը, իբրեւ մշակոյթի, այսինքն հոգեւոր ու մտաւոր արժէքներով կենսաւորող ու կենսաւորւող ամիս, մեր ժողովրդի կեանքում ունի յատուկ իմաստ եւ նշանակութիւն։ Ան բնորոշւած է եկեղեցական եւ ազգային դէմքերի ու դէպքերի ոգեկոչումներով։

Հոկտեմբեր ամիսը նւիրագործւած է մեր անմահանուն թարգմանիչների յիշատակի ոգեկոչումով, առաւել, նոյն ամսում տօնում ենք յիշատակը նաեւ Գրիգորիս Աղւանից կաթողիկոսի, Ս. Գրիգոր Լուսաւորչի թոռան, չորս Աւետարանիչների, Քրիստոնէական Եկեղեցու տասներկու մեծագոյն վարդապետների, հայրերի, որոնք կազմում են ամուր սիւներն ու պատւանդանը աստւածահաստատ Եկեղեցուն եւ նաեւ իրենց հաւատքի համար նահատակւած վկաների, Յովսէփ Աստւածահօր եւ Յովսէփ Արիմաթացիի, որ Քրիստոսի թաղումը կատարեց նրան զետեղելով նորափոր վեմում։

Մեզ համար Հոկտեմբերը կրկնակի նւիրական ու պարտաւորեցնող ամիս է։ Այն մեզ մղում է մտածելու մեր կեանքի գոյապայքարի մասին ի խնդիր ինքնապահպանութեան, ամբողջական ինքնապահպանութեան։ «Մշակոյթի ամիս» անւանումը ինքնին բնորոշիչ է եւ ինքնուրոյն, որովհետեւ ակամայ մեր ուշադրութիւնը կենտրոնացնում է մեր լեզւի, հաւատքի, եկեղեցական ու հոգեւոր արժէքների, մեր հայրերի տքնաջան աշխատանքով եւ երբեմն էլ կեանքի գնով մեզի հասած մշակութային, ճարտարապետական կոթողների վրայ, իբրեւ յենասիւններն ու ամուր պատւանդանը մեր յարատեւութեան։

Համաշխարհայնացած եւ խօլական հեւքով յառաջ ընթացող աշխարհը, այսօր որեւէ մի ժամանակից աւելի, ահաւոր վտանգի եւ անկանխատեսելի երեւոյթների առաջ է կանգնած։ Փոքրիկ գիւղի վերածւած աշխարհում ապրող իւրաքանչիւր ազգ եւ մարդկային հաւաքականութիւն տագնապում է իր ինքնուրոյն դիմագծի եւ ինքնութեան հիմնահարցերով. հրամայական պահանջք է այլեւս ինքնապահպանման հիմնահարցի քննութիւնը։

Ինքնապահպանութիւնը ընդգրկում է լեզւական, կրօնական, պատմական, մշակութային, ընտանեկան եւ քաղաքական տարածքներ. այս տարածքների շեշտադրումը յարաբերական է, որովհետեւ այն ինչ որ սփիւռքահայուն համար էական է, հայաստանաբնակ հայուն կարող է նոյնը չլինել, հետեւաբար հարկ է հասարակաց եզրեր գտնել, հոն ուր հնարաւոր է, որպէսզի միատեղ ու միահամուր կեցւածքով կարելի լինի այն դիմագրաւել։

Անուրանալի ճշմարտութիւն է, որ իր հայրենիքից դուրս ապրող մի ժողովրդի գոյութեան, յարատեւութեան եւ ստեղծագործական ոգու կենդանութեան գլխաւոր երաշխիքներից են լեզուն, մշակոյթը իր բոլոր տարածքներով եւ կրօնը մարմնաւորւած հաւատքով, որպէս մեկնակէտ դէպի ամբողջական ու համայնական արժէքների պահպանում. բնականաբար վերոյիշեալ երաշխիքների կողքին կան շատ ուրիշ երաշխիքներ ինչպէս հայրենիքն ու հայրենի երկիրը եւ այն ամէնը ինչ կապւած է նրան։ Առաջնային է հայոց լեզւի անաղարտ պահպանումը։

Անմահանուն հայ բանաստեղծը Մուշեղ Իշխան հայ լեզւի համար գրում է.-

Մշտանորոգ ու միշտ հին՝ ան կը տեւէ դարէ դար,

Իր ճըրագները՝ միշտ լոյս, իր օճախին հուրը՝ վա՛ռ,

Բարիքներով անսպառ լեցուն ամբարն ու մառան։

Հոն է միայն, որ կրնայ գտնել ամէն հայ կրկին 

Խաժամուժին մէջ օտար կորսնցուցած իր հոգին,

Անցեալն անհուն եւ ներկան, նոյնիսկ մթին ապագան…։

Իսկ Վահան Թէքէյեան գրում է.-

Քեզ, հայ լեզո՛ւ, կը սիրեմ մրգաստանի մը նըման…

Մեր անցեալին թանձրախիտ ստուէրներուն մէջ կարծես

Մէյ մէկ պտուղ՝ քու բոլոր բառերդ ինծի կ՛երեւան,

Որոնց մէջէն կը քալեմ ու կը քաղեմ զանոնք ես…։

Հայ մշակոյթը իր բոլոր բնագաւառներով ոչ միայն հարուստ է եւ ինքնատիպ այլեւ ազդել է այլ մշակոյթների եւս կազմաւորման ու հարստացման գործընթացի վրայ, հանդիսանալով միաժամանակ աղբիւր ներշնչման ու հզօրացման. հայ ճարտարապետական կոթողներից շատերը իրենց կիսաւեր վիճակով իսկ հիացումի, ներշնչումի աղբիւր են հանդիսանում առաջին հերթին հայուն եւ երկրորդ՝ արւեստով ապրող ու շնչող ամէն մի մարդու։

Հայոց լեզուն, իր գրաբարեան եւ աշխարհաբարեան ձեւերով, մինչեւ այսօր հիացմունք է պատճառել միջազգային համբաւի տէր լեզւաբաններին, որոնցից շատերի իսկ վկայութեամբ ՛՛Գեղեցկագոյն աստւածախօս լեզու է նա՛՛ խոստովանել են։

Բոլորս շատ լաւ գիտակցում ենք, որ մեր սրբազան աւանդների պահապանը  հայրենիքն է, պետութիւնը, հայոց եկեղեցին եւ անոր հովանու ներքեւ գործող միութիւններն ու մշակութային, ընկերային կառոյցները։

Գիտակցում ենք նաեւ, որ մեր շրջապատում տեղի ունեցող յայտնի եւ անյայտ, գաղտնի ու բացայայտ իրադարձութիւնների, երեւոյթների շատերի լուծումը կախեալ է արտաքին ազդակներից, այլ խօսքով կեանքում կան բաներ, որոնց լուծումը մեր ձեռքումն է եւ բաներ էլ կան որոնց լուծումը ոչ միայն մեր ձեռքում չէ, այլ մեր հասողութիւնից էլ վեր է։

Այս ճշմարտութիւնից մեկնելով ու առարկայականօրէն դիտելով հայ աշխարհը իր հին եւ նոր իրավիճակներով, ցաւօք պիտի արձանագրենք, որ մեր բոլոր երեւոյթներով տեղքայլի եւ կամ նահանջի մէջ ենք, սկսեալ մեր դպրոցներից, որոնք հայ լեզւի ու մշակոյթի այլեւ ինքնութեան պահպանման միջնաբերդն են, միութիւններից, առանց վարանելու ասենք նաեւ մեր կրօնա-բարոյական եւ ընկերային կեանքում։ Այո՛, գիտակցում ենք աշխարհում տեղի ունեցող փոփոխութիւնների եւ գիտենք, որ յարափոփոխ այս աշխարհում եթէ մենք մեզ չփոխենք, վերատեսութեան չենթարկենք, աշխարհը, մեր շրջապատը կարող է մեզ փոփոխութեան ենթարկի։

Մեր լեզուն, մեր ինքնութիւնն իսկ է եւ հետեւաբար բանալին՝ մեր գրականութեան հետ հաղորդակցութեան, որով եւ ժողովրդի մտաւոր եւ հոգեկան հարստութեան անդաստանն է բացւում։ Հաւատում եմ, որ այդ հաղորդակցութիւնը մեր գրականութեան հետ, մեր մտահորիզոնի առաջ պատկերացնել կը տայ տիտան գրողների, բանաստեղծների, արձակագիրների, փիլիսոփաների, ճարտարագէտների ու ստեղծագործ երաժիշտների լուսաւոր ստւէրը, որ հպարտութեամբ յագեցնում է մեր սրտերը եւ միւս կողմից էլ մեր մէջ արթնացնում է մեծութեան զգացում։

Լեզւի նահանջը, մեզ մղելու է անտարբերութեան. այս դառն իրականութիւնը մեզ պէտք է մղի զգօնութեան, մեր պատմութեան, ամբողջական պատմութեան ինքնաճանաչման, որովհետեւ պատմութեան ինքնաճանաչումը սէր եւ կապւածութիւն է յառաջացնելու մեզ մօտ եւ մեր հոգիներում։ Ինքնաճանաչումը մեծագոյն մարտահրաւէրն է այսօր ցցւած իւրաքանչիւր հայի կեանքի առաջ։

Ինքնաճանաչմամբ աւելի իրապաշտօրէն կը կարողանանք դիտել մեր շրջապատը եւ հաստատակամօրէն շարունակել մեր կեանքը, աւելին, ինքնաճանաչումով եւ պատմութեան խորքը թափանցելով աւելի ճիշդ կերպով կողմնորոշւելու ենք մեր ամբողջական ինքնապահպանման գործընթացում։

Հոկտեմբեր ամիսը Թարգմանչաց շունչով ու ոգով օծուն եւ Աւետարանիչների ու մեր նահատակների արիւնով նւիրականացած ամիս է, որ մեզ մղում է առաւել գիտակցութեամբ վերաքննելու մեր կեանքը յարաբերաբար մեր հայրենիքին եւ Հայաստանեաց Եկեղեցուն, որ հոգեւոր հայրենիք է եղել մեր ժողովրդին, ինչպէս որ գովերգել է հայ անմահանուն բանաստեղծը՝ Վահան Թէքէյեան.-

Եկեղեցի հայկական ծննդավայրն է հոգւոյն՝

Ինչպէս քարայր մ՛ընդարձակ պարզ ու խորունկ, մութ ու լոյս,

. . . . . . . . .

Եկեղեցին հայկական բարձր բերդն է հաւատքին

Իմ պապերուս՝ որ հողէն զայն քար առ քար հանեցին

..........

Եկեղեցին հայկական մեծ վարագոյր մ՛է բանւած,

Որուն ետեւ սըկիհին մէջ կ՛իջնէ ի՛նքը Աստւած,

Որուն առջեւ գլխահակ կուգայ իմ ազգըս ամբողջ

Հաղորդւիլ անցեալին հաց ու գինու կենսառատ։

. . . . . . . . . .

Եկեղեցին հայկական՝ մէն մի քարին տակ գտնի,

Դէպի երկինք բարձրացող գաղտնի ճամբայ մը ունի…։

Եկեղեցին հայկական հայ հոգիին եւ մարմնոյն

Զրահանդերձն է փայլուն, մինչ իր խաչերն են դաշոյն

Եւ զանգակներն են բոմբիւն եւ երգն է միշտ յաղթութիւն…։

Այո՛, պատմութեան ընթացքին այդպէս է եղել հայոց եկեղեցին եւ հաւատում եմ, որ այսօր էլ այդպէս է. այն եղել է ժամադրավայր ժողովրդի եւ Աստծու միջեւ, եղել է ՛՛խաղաղ նաւահանգիստ՛՛ եւ իր զաւակները ՛՛գաղտնի ճամբով՛՛ երկինք բարձրացնող աստւածամարդկային հաստատութիւն։

Հարկ է լուսաւորւել Աստծու խօսքով, քանի որ այն լոյս է ե՛ւ ճանապարհ. աստւածային լոյսով ընթացողը խաւարը իրենից փարատում է, այսինք չարն ու չարիքը հեռացնում է իրենից դառնալով ընտիր անօթ հայ հաւատքի, լեզւի ու մշակոյթի։

Հոկտեմբեր ամսւայ խորհուրդը հարստացուցիչ է ու համապարփակ. Ան մեզ սերտօրէն առնչում է մեր հոգեւոր եւ ազգային արժէքների եւ ինչու չէ հայրենիքի ու հայրենական աւանդութիւնների հետ։ Ի վերջոյ թարգմանիչները գործեցին Հայաստանում, Հայաստանի եւ հայութեան համար։ Թարգմանիչների խորհրդով օծուն Հոկտեմբերը հրաւէր է նաեւ ուխտի ու հաւատարմութեան հանդէպ մեր եկեղեցու եւ հայրենիքի, ամբողջական հայրենիքի, որի տեսիլքը վստահաբար ոգեշնչում եւ ոգեշնչելու է մեր ներկայ եւ ապագայի սերունդները։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Հոկտեմբեր 2017     

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com