Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԽՈՐՀՈՒՐԴԸ ԺԱՄԱՆԱԿԻ

Հազարաւոր տարիների վրայ երկարաձգւած մարդ էակի կեանքը, վերոյիշեալ երկու բառերի իմաստային շրջագծում դիտելիս, կեանք կոչւած իրականութիւնը աւելի յստակ ու պարզ է երեւում եւ միանգամայն աւելի խոր ու հարուստ:

Քրիստոնէական մտածողութեան մէջ կեանքը նկատւած է իբրեւ Աստծու պարգեւ. հետեւաբար կեանքը կայ որպէսզի ապրւի համաձայն Աստծու կամքի, ապրւի մի որոշ ժամանակի մէջ, միաժամանակ վեր մնալով ժամանակից:

Ժամանակը ինքնին եւ ինքնիրմով արժեւորւող իրականութիւն չէ, ժամանակը իմաստաւորւում է մարդ անհատով, այլ խօսքով մարդ անհատի կեանքով. պատահում է նաեւ հակառակը: Քրիստոնէական վարդապետութեան մեծագոյն տարածիչներից եւ խորհողներից Պօղոս առաքեալը յիշեցնում է.- «Քանի ժամանակը մեր ձեռքն է, բարիք անենք բոլորին, մանաւանդ հաւատի ճանապարհի մեր հարազատներին»(Գղ. 6:10): Մարդը ինքն է որ ժամանակը ՛՛բարիացնում՛՛ է եւ կամ ՛՛չարացնում՛՛: Տիմոթէոս իր սիրելի աշակերտին գրած երկրորդ նամակում Պօղոս առաքեալ ասում է. «Այս բանը ե՛ւս իմացիր, որ վերջին օրերին դժւար ժամանակներ կը գան, որովհետեւ մարդիկ կը դառնան անհնազանդ, դրամապաշտ, ամբարտաւան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ… սրբութիւնները ոտնակոխ անող… անգութ, չարախօս, անհանդուրժող, բարուն թշնամի, գոռոզ…(Բ. Տմ. 3:1-3):

Անհուն եւ անսահման ժամանակները, ժամանակը մարդկութեան յիշողութեան մէջ մնացեր են,  յիշատակութեան են արժանացեր շնորհիւ մարդ էակի կատարած իրագործումներին, ժամանակին ձեռք բերած, իրագործած մեծ նւաճումներին, գիւտերին: Աստւածաշունչը մեզ թելադրում է յարգել ժամանակը «Որդեակ յարգիր ժամանակդ» (Սիրաք 4:21). իսկ Պօղոս առաքեալը յիշեցնում է մեզ՝ ասելով «Օգտագործեցէք ժամանակը, որովհետեւ այս օրերը չար են»(Եփ. 5:16):


Տօնական այս օրերին երբ կրկին անգամ ժամանակի աքցանի մէջ ենք բռնւել ,ակամայ մտածում, խորհում ենք ժամանակ կոչւած ՛՛ իրականութեան ՛՛ մասին, փորձելով այն հասկանալ նւաճելով նրան, ինչպէս բանաստեղծը ասում է, ՛՛ Ես երազիս տիրեցի, մեռցնելով նրան ՛՛ այսինքն այն իր կեանքի մէկ էատարրը դարձնելով:

Հայոց հայրիկը՝ Խրիմեան կաթողիկոս ասում է, «Ժամանակն ունի իր խորհուրդը ու մարդ արարածը կոչւած է իր կեանքը ապրել յարաբերաբար այդ խորհրդին»: Որովհետեւ, աւելացնում է նա, «ժամանակը հզօրացնողն ու տկարացնողը մարդ էակն է յարաբերաբար իր գործին»:

Ժամանակը ան-ժամանակ է դառնում երբ այն արժեւորւում է բարիով, գործով. Ս. Գրիգոր Տաթեւացին խօսելով ժամանակի մասին այն որպէս պատւական ինչ որ իրականութիւն է ներկայացնում պայմանաւորւած բարեգործութեամբ: «Կեանքի ժամանակը պէտք է բարիքով լցնել, որովհետեւ անցնող ժամանակը ոչ ոք չի կարող վերստին ստանալ» եզրակացնում է Տաթեւացին:

Անցեալ 2015 տարին, իբրեւ ժամանակ անցաւ, սակայն վստահաբար ամէն մի հայու հոգում ինչ որ բան թողեց, որովհետեւ այն նշանաւորւեց մեր ժողովրդի միահամուր կամքով, համագործակցութեան, համերաշխութեան դրսեւորումով եւ ամենից կարեւորը մեր սրբազան նահատակների ոգեկոչման համազգային եւ համաշխարհային բացառիկ ու աննախընթաց բարձր մակարդակի արարողութիւններով, հանդիսութիւններով. մի բան, որ մեր ժողովրդի բոլոր զաւակների սիրտն ու հոգին ուրախութեան եւ հպարտութեան կրկնակ զգացումներով լեցուց:

Արդարեւ, արդար հպարտութեամբ ու գոհունակութեամբ կանգնած 2015-ի վերջին այս օրերին դիմաց, մի պահ ետ ենք նայում եւ ապա ինքնավստահութեամբ յառաջ ենք նայում:

Հայոց Ցեղասպանութեան զոհ գնացած մեր նահատակների սրբադասման հոգեպարար խորհրդով օծուն ու մեր ժողովրդի պահանջատիրական աննահանջ պայքարի շունչով կենսաւորւած 2015 տարին մեզ համար եղաւ անանցելի յաւերժաբոյր մի պահ, որը մեզ անհրաժեշտօրէն մղում է.-

ա.- Վերանորոգութեան, այսինքն լցւած մեր նահատակների, մեր ժողովրդի պահանջատիրական անմեռ հոգով ու շունչով, նոր խոհերով ու մտածումներով կենտրոնացած պիտի շարունակենք մեր կեանքը առանց յուսահատութեան, Աստծու վրայ ունեցած մեր ամբողջական վստահութեամբ ու արարատանման հաւատքով:

Դաւիթ մարգարէի նման Աստծուց պիտի խնդրենք, որ նոր սիրտ եւ հոգի տայ մեզի որպէսզի ապրենք եւ գործենք իր կամքի համաձայն .- 

«Մաքուր սի՛րտ հաստատիր իմ մէջ, ով Աստւած 

նոր եւ ուղիղ հոգի՛ դիր իմ ներսում »(Սղ. 51:10):

Շնորհալի հայրապետը դիմում է սրտերը նորոգող Արարիչ Աստծուն ասելով.- «Ով դու՝ հնութիւններ նորոգող Քրիստոս, ինձ եւս նորոգիր նորոգեալ զարդերով» որպէսզի նորոգութեամբ ու սրտի մաքրութեամբ մօտենանք Աստծուն: Առակաց գիրքը յիշեցնում է մեզ, «Սրտի մաքրութիւն սիրողի շրթունքների վրայ շնորհք կայ, ու թագաւորը նրա բարեկամն է» (Առ. 22:10):

Նորն ու վերանորոգութիւնը հոգու եւ մտքի յատուկ վիճակներ են, այլ խօսքով մարդու հոգեւոր աշխարհի հետ կապւած երեւոյթներ են, դրա համար է որ Պօղոս առաքեալը շեշտում է մտքով, մտածումներով նորոգւելու, կեանքի ապրելաձեւը փոխելու անհրաժեշտութիւնը: Հռոմէացիներին գրած իր նամակում Առաքեալը գրում է.- «Մի ընդօրինակէք այս աշխարհի մարդկանց վարմունքը, այլ նոր մարդ եղէք նորոգւած մտքերով, որպէսզի իմանալով Աստծու կամքը, ձեր փորձառութեամբ ընտրէք լաւը, այսինքն ինչ որ բարի է, ինչ որ ընդունելի է նրան եւ կատարեալ»(Հռ. 12:2): Նոյնիմաստ թելադրութիւն է տալիս Առաքեալը Եփեսացիներին ասելով.- «Ուստի մոռացէք ձեր հին ինքնութիւնը, այսինքն՝ ձեր նախկին ապրելակերպը, որ ապականւած էր խաբուսիկ ցանկութիւններով, վերանորոգւեցէք հոգով՝ փոխելով ձեր մտածելակերպը, եղէք նոր մարդ ստեղծւած Աստծու պատկերի համաձայն, եւ ճշմարիտ կեանքն ապրեցէք արդարութեամբ, սրբութեամբ» (Եփ. 4:22):

բ.- Յանձնառութիւն այսինքն պատասխանատւութեամբ կեանքը վերածել յարատեւ ստեղծագործական մի ընթացքի, որը արտայայտիչը լինելու է մեր ժողովրդի իղձերի ու երազների իրագործման ի խնդիր տարւող պայքարի, գոյապայքարի.  պայքար, որ խարսխւած պիտի լինի հաւատքի վրայ: Պայքար, որ նպատակաուղղւած պիտի լինի առ Աստւած եւ առ ազգն հայոց:

Անտարբերութիւնը մարդն առաջնորդում է իր ինքնութեան մոռացումին, որով եւ օտարացումին: Ամէն մի հայորդի, որտեղ էլ որ լինի, կոչւած է ժողովրդի հաւաքական կեանքում դերակատար լինելու, մասնակից դառնալու այդ կեանքին, որովհետեւ մասնակցութեամբ մարդ անհատը շաղախւում է ընդհանուրի հետ, այլ խօսքով հաղորդակից է դառնում իր ազգային, եկեղեցական կեանքին եւ այդ կեանքից բխող ապրումներին:

 

Ազգին, եկեղեցու եւ հայրենիքի համայնական կեանքում ապրող, գործող մարդ էակը արժեւորում է իր կեանքը եւ իր ազգի, եկեղեցու ու հայրենիքի խորհրդով մեծանում եւ յաւերժանում: Այսօրւայ ալեկոծեալ, տագնապահար, խռովեալ ու պատերազմի մղձաւանջով ապրող աշխարհը որեւէ մէկ ժամանակից աւելի կարիքը ունի վերատեսելու իր կեանքը, ետ դարձ կատարելու դէպի իրական ու վաւերական արժէքները, լսելու եւ ականջ տալու Տիրոջ այն պատւէրին որ ասում է.- «Այն, ինչ ուզում էք, որ մարդիկ ձեզ անեն, նոյնը դուք արէք նրանց. այս սկզբունքն իր մէջ ամփոփում է օրէնքն ու մարգարէների ուսուցումները»(Մտ. 7:12):

Տօնական օրերի յատուկ խոհերով ծանրաբեռն ամէն մի հաւատաւոր հայ կոչւած է մտածելու Տիրաւանդ վերոյիշեալ պատգամի մասին, որպէսզի դրանով իր կեանքը նորոգի ու նորոգւած կեանքով եւ յանձնառութեամբ ապրի 2016 տարին ի փառս մարդացեալ Աստծուն եւ ի պայծառութիւն մեր համայնական կեանքի եւ ի յաւերժութիւն մեր ազգին, եկեղեցուն եւ հայրենիքին:

Այս մտածումներով ու խոհերով ասում ենք՝

Շնորհաւոր Նոր Տարի եւ Բարի Կաղանդ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ