ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԺԱՄԱՆԱԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Անժամանակ ժամանակի տիեզերքը, իր ողջ բովանդակութեամբ, գոյաւորող, արարող Աստւած, իր մարգարէի միջոցով ազդարարում եւ միաժամանակ զգուշացնում է մարդ էակին ասելով.-

«Արդարեւ, մարդու կեանքը խոտի է նման,

Ծաղկում է այնպէս, ինչպէս վայրի ծաղիկը,

Երբ խորշակը փչում է նրա վրայ,

Այլեւս դադարում է գոյութիւն ունենալուց,

Նրա տեղն անգամ չես իմանայ»(Սղ. 102.15-16),

ապա անմիջապէս յիշեցնում է.-

«Սակայն Տիրոջ հոգածութիւնն անվախճան է,

Իր արդար վարմունքը մշտական է 

Իրենից ակնածողների հանդէպ,

Նրանց հանդէպ, որոնք հաւատարիմ են իր ուխտին

Եւ չեն մոռանում գործադրել իր հրահանգները» (Սղ. 102.17-18)։

Ժամանակի անհունութեան մէջ ստեղծւած մարդ արարածի առաջ երկու ճանապարհ է բացւած. մին նման ՛՛ծաղկի, բուսնել, աճել եւ ապա խորշակահար ու փոթորկեալ անհետանալ առանց յետք թողելու եւ երկրորդ՝ ապաւինել Աստծու հոգածութեան ու հաւատարիմ մնալ իր ուխտին, գործադրելով իր հրահանգները՛՛։

Խորազննին քննութեամբ տեսնում ենք, որ իրօք կեանքում կան ժամանակաւոր, արագօրէն անհետացող բաներ եւ կան նաեւ եղելութիւններ, ճշմարտութիւններ, արժէքներ, որոնք կ՛անդրանցնեն ժամանակը։

Կեանքի այս երկու տարածքների գիտակցութեամբ է որ Սողոմոն իմաստունը մեզ յուշում է, որ կեանքում.«Ամէն բանի ժամանակը կայ, եւ աշխարհում ամէն գործ ունի իր ժամանակը…»(Ժղ.3.1)։ Սողոմոն իմաստուն ակնարկելով Աստծու ստեղծագործութեան ասում է.«Ես իմացայ, որ այս ամէնը ինչ Աստւած է արել, պիտի մնայ յաւիտեան(14) քանի որ ամէն բանի ժամանակը կայ, եւ ժամ ու ժամանակ կայ բոլոր գործերի համար»(17)։

Աստւածաստեղծ մարդը ինքն է, որ իր գործերով, իրագործումներով, գաղափարական աշխարհով ժամանակը արժեւորելու է, որովհետեւ ժամանակը ինք մարդուն սովորեցնում է արժէքը կեանքին։

Տօնական այս օրերին, երբ ողջ քրիստոնեայ աշխարհը նոր հեռանկարով, յոյսով, տեսիլքով ու խանդավառութեամբ պատրաստւում է դիմաւորելու նոր տարին, արդեօք երբեւիցէ մտածում է նաեւ մարգարէի խօսքերի վրայ, ըստ այնմ կողմնորոշւելու համար։

Մարդկային պատմութիւնը, ընդ որում եւ հայոց պատմութիւնը, գեղեցկօրէն վկայում են այն իրողութեան, որ բոլոր նրանք ովքեր Աստծու ուխտին հաւատարիմ գործեցին, այսինքն իրենց յարաբերութիւններով, սիրով լի բարեգործութիւններով, գթութեան եւ ողորմածութեան խորհուրդով արժեւորեցին իրենց կեանքը, դառնում են քաղաքացի յաւիտենականութեան։

Եկեղեցու պատմութիւնը – ընդհանուր եւ հայոց - գեղեցիկ վկայարանն է պատմական այս ճշմարտութեան։ Եկեղեցական հայրեր, հաւատացեալներ, սպասաւորներ Քրիստոսով վերանորոգւած ու կենսաւորւած ապրեցին, ստեղծագործեցին, իրենց կեանքը վերածեցին սիրոյ ու զոհողութեան շտեմարանի եւ երբեմն էլ նահատակութեան խորհուրդով ժամանակը նւաճեցին։

Մեր ժողովրդի վերջին հարիւր յիսուն տարիների կեանքը եղաւ տառապալից, ան քալեց մահւան ստւերի կողքով առանց յուսահատութեան եւ արիացեալ ոգիով կերտեց իր անկախութիւնը հիմը դնելով իր պետականութեան, որի հարիւրամեակը ազգովին տօնելու ենք 2018 տարւայ ամբողջ տեւողութեան։

Զօրութեան, անվհատութեան աղբիւրը Աստծու խօսքն է, որ մեր ժողովրդի կեանքում վերածւել է կեանքի ու գործի։ Պօղոս առաքեալ ասում է.«Ամէն մէկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է, նա այլեւս այն չէ, ինչ որ նախապէս էր, որովհետեւ ամբողջութեամբ նորոգւեց։ Եւ այս նորոգումը գալիս է Աստծուց»(Բ. Կր. 5.17-18)։

Աստւածորդին իր կեանքի օրինակով մեզ պատգամում է լինել սիրոյ եւ զոհողութեան օրինակ, այլ խօսքով, լինել բարեսէր, բարեգործ, հաւատարիմ իր կոչման ու առաքելութեան։ Աստծու նորոգիչ ու բիւրեղացնող խօսքը լուսաւորում է մարդու միտքն ու հոգին եւ նրան առաջնորդում է կառչելու այնպիսի արժէքներին, որոնք յաւերժաբոյր են ու անդրանցնում են ժամանակն ու տարածութիւնը։ Ահա թէ ինչու Պօղոս առաքեալը յուշում է մեզ ասելով.«Մի ընդօրինակէք այս աշխարհի մարդկանց վարմունքը, այլ նոր մարդ եղէք նորոգւած մտքերով, որպէսզի իմանալով Աստծու կամքը՝ ձեր փորձառութեամբ ընտրէք լաւը, այսինքն՝ ինչ որ բարի է, ինչ որ ընդունելի է նրան եւ կատարեալ»(Հռ. 12։2)։

Աշխարհն ու աշխարհայինը, անցաւորն ու անանցը կան իբրեւ իրողութիւններ, մարդ է լինում որ կարողանում է անանց ապրումներով իր կեանքը կենսաւորել, մարդ էլ կայ, որ ինքն իրեն յանձնում է անցաւոր ու աշխարհային կեանքի եւ այդ կեանքից բխող ապրումներին։ Առաջին խումբը դառնում է յաւիտենականութեան քաղաքացի իսկ երկրորդը՝ ընկնում աշխարհային ու անցաւոր հոգսերի, ապրումների մէջ եւ չորցած խոտի նման անհետ կորչում է։

Նոր տարին, այն պահն է, երբ աստւածաստեղծ մարդը կոչւած է իմաստնօրէն ինքն իրեն քննի, վերատեսի իր յարաբերութիւններն ու գործերը յարաբերաբար իր Արարչին, որ Աւետարանի բառերով.«Աստւած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին որդուն տւեց, որպէսզի նա ով հաւատում է նրան, չկորչի այլ յաւիտենական կեանք ունենայ»(Յհ. 3.16)։

Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան մարտահրաւէրը իւրաքանչիւր քրիստոնեայի առաջ ցցւած այն է, թէ նա ո՞ր ճանապարհն է ընտրելու։ Փորձութիւնը կարող է փորձառութեամբ զինել մարդը եւ նրան առաջնորդել ճիշդ կողմնորոշման, այլ խօսքով աստւածահաճ կեանքի ընթացքին։

Այսօրւայ յարաշարժ եւ աներեւակայելի կանխատեսումներով փոփոխութեան ենթարկւող աշխարհում մարդ արարածը եւ յատկապէս քրիստոնեան կոչւած է իր ամուր ու հաստատ հաւատքով, գաղափարական աշխարհով ու վերատեսելով, վերադասաւորելով իր կեանքը քայլ պահել ժամանակի հետ, որպէսզի չքշւի յառաջացած փոփոխութիւնների հոսանքից եւ խորշակահար հողմերից։

Նոյնն է պարագան ազգերի ու ժողովուրդների կեանքը. մարդկային քաղաքակրթութեան պատմութիւնը վկայում է, որ հայն ու Հայաստանը հակառակ անասելի դժւարութիւնների, նեղութիւնների ու տագնապների կարողացել են շարունակել կեանքը միշտ կառչած մնալով անանցաւորին-յաւերժին եւ իրագործել այնպիսի գլուխ-գործոց աշխատանքներ, որոնցով այսօր ողջ աշխարհը օրհնւում է։

Գիտակից մեր հայրերի անցեալի կեանքի, կոչւած ենք բոլորս սիրով, հաւատքով, յոյսով, եղբայրութեամբ, բարութեամբ, աղօթասիրութեամբ, բարեգործութեամբ, ներողամտութեամբ, միութեամբ ու միասնականութեամբ, խոնարհութեամբ, պարտականութեան գիտակցութեամբ, համբերութեամբ եւ արդարութեամբ նորոգելու մենք մեզ իբրեւ մեկնակէտ նոր ու պայծառ կեանքի։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com