ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՄԱՆՈՐԵԱՆ ՊԱՏԳԱՄ

Սկսւող 2018 նոր տարւայ, խորհրդաւոր այս պահին, երբ հաւաքւել ենք մեր եկեղեցու սրբազան կամարների ներքեւ փառք տալու Աստծուն իր բոլոր բարիքների համար, քրիստոնէական ջերմ սիրով ողջունում եմ ձեզ բոլորդ սիրելի հաւատացեալ քոյրեր եւ եղբայրներ եւ բոլորիդ ցանկանում առողջութիւն, խաղաղ կեանք եւ Աստծու օրհնութեամբ օծուն աշխատանք։

Նոր տարւայ այս առաջին պահին աչքերս երկինք բարձրացած Սաղմոսերգուի բառերով, Աստծուց հայցում.

Մաքուր սիրտ հաստատիր իմ մէջ, ո՜վ Աստւած,

Նոր եւ ուղիղ հոգի դիր իմ ներսում։

Ինձ մի զրկիր քո ներկայութիւնից, Տէ՛ր,

Եւ քո Սուրբ Հոգին թող չլքի ինձ։ (Սղ. 51.10-12)։

Կեանքի ու նորոգութեան աղբիւրը, նոյնինքն մեր Տէր Աստւածն է։ Դաւիթ մարգարէն աղաչական ձայնով ու սրտի ողջ էութեամբ դիմում է Աստծուն, որպէսզի նորոգի իր սիրտն ու հոգին եւ նրան չզրկի Իր ներկայութիւնից։

Մարգարէի բառերով մենք էլ ենք դիմում Աստծուն վերանորոգւելու, նոր մարդ լինելու ի խնդիր նոր եւ Աստւածահաճ կեանքի։

Մարդկային մեր տկար բնութեամբ յաճախ ենթակայ ենք լինում մեղքի, փորձութիւնների եւ մոռանում, որ Աստւած մեզ սետղծել է իր պատկերի նման եւ հետեւաբար պարտ ենք մեր կեանքը ապրել իր կամքի համաձայն։

Աստւած մարդուն ստեղծեց եւ նրան իրեն գործակից կարգեց. սակայն մարդն իր անհնազանդութեամբ հեռացաւ Աստծուց. հակառակ այս դառն իրականութեան, Աստւած Եզեկիէլ մարգարէի միջոցով պատգամեց.«Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեր մէջ. ձեր մարմիններից հանելու եմ քարեղէն սիրտն ու մարմնեղէն սիրտ եմ տալու ձեզ»(Եզ. 36.26)։

Արարիչն Աստւած կամեցել է ու կամենում, որ իր ժողովուրդը միշտ մաքուր սրտով իր կեանքն ապրի։ Առակաց գիրքն ասում է.«Սրտի մաքրութիւնը սիրողի շրթների վրայ շնորհք կայ ու թագաւորը նրա բարեկամն է»(Առ. 22.10)։

Ի լրումն ժամանակի Աստւած աշխարհն ու մարդկութիւնը հիմնովին նորոգելու, նոր կեանքով պայծառակերպելու համար մարդեղացաւ, մարդ եղաւ, որպէսզի մեզ անարատ ու անապական մաքրութեամբ աստւածացնէր  ցոյց տալով յաւիտենականութեան ճանապարհը։

Արդարեւ նոր տարւայ, այս առաջին րոպէներին կոչւած ենք սիրելիներ վերանորոգելու մեր սիրտն ու հոգին, միտքն ու ողջ էութիւնը, հետեւելով Պօղոս առաքեալի թելադրանքին.«Ուստի մոռացէ՛ք ձեր հին ինքնութիւնը, այսինքն՝ ձեր նախքին ապրելակերպը, որ ապականւած է խաբուսիկ ցանկութիւններով, վերանորոգւեցէ՛ք հոգով փոխելով ձեր մտածելակերպը, եղէք նոր մարդ՝ ստեղծւած Աստծու պատկերի համաձայն եւ ճշմարիտ կեանքն ապրեցէ՛ք արդարութեամբ ու սրբութեամբ»(Եփ. 4.22-24)։

Սկսւող նոր տարւայ իւրաքանչիւր օրը մեզ տալիս է առիթ վերանորոգութեան, վերակենսաւորման եւ Աստուծով զօրանալու։ Հետեւաբար տարւայ իւրաքանչիւր օրը առիթ պէտք է լինի բոլորիս, մեր հաւատքով, զինւելու եւ գործելու յատկապէս այս օրերին, երբ աշխարհը կարիքը ունի սիրոյ եւ խաղաղութեան, այլեւ արդարութեան հաստատման։

Եկէ՛ք սիրելի հաւատացեալներ միասնաբար աղօթենք աշխարհի խաղաղութեան համար, մանաւանդ Խաղաղութեան Իշխանի՝ Քրիստոսի ծննդավայր Պաղեստինի եւ պաղեստինցի ժողովրդի համար, որ այս օրերին ապրում է դառնութիւնը իր հողերի բռնաբարման եւ իրաւունքների ոտնակոխման։ Սակայն հաւատում ենք, որ պաղեստինցի քաջ ու արի ժողովուրդը իր աննկուն կամքով ու ժայռանման հաւատքով պիտի շարունակի իր կեանքի գոյապայքարը մինչեւ ձեռքբերումը իր իրաւունքների։

Աղօթենք սիրելիներ մեր եկեղեցու ու պատմական հայրենիքի եւ Արցախի մեր ժողովրդի ու ղեկավարութեան համար, այլեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ իր հոգեւոր առաջնորդի ու ողջ ժողովրդին։ Աղօթենք  որպէսզի լռեն պատերազմներն ու վերջ գտնեն թշնամիների յարձակումները եւ սէր ու խաղաղութիւն հաստատւի երկրի վրայ, որպէսզի խաղաղացեալ սրտով միմեանց շնորհաւորենք ասելով.

Շնորհաւոր նոր տարի եւ բարի կաղանդ. Ամէն.

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com