ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռոբերտ Բեգլարեանը պատասխանել է «Ալիք»-ի հարցերին

Տնտեսական տագնապի ծաւալները այսօր իւրաքանչիւրիս մաշկին առաւել զգալի է դարձել:

Նոյն կապակցութեամբ ազգային իշխանութիւն-ժողովուրդ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ առաւել հնչեղ երեւաց խնայողութիւնների գնալու անհրաժեշտութեան, կարողութիւնների ու ֆինանսական հոսքերի տնօրինման, եւ մի խօսքով՝ օպտիմալացման առաջին քայլերի մասին յուշող մտքեր ու յայտարարութիւններ:

Սա նաեւ առիթ էր մտածելու առկայ մտահոգութիւնների եւ մարտահրաւէրների շուրջ եւ թերթով բարձրաձայնելով՝ հանրութեան սեփականութիւնը դարձնել, իհարկէ այն համոզումով, որ սրանով հարցը կը շարունակւի մնալ օրակարգում. առիթ, ինչի մասին հանդիպման ընթացքում ընդգծումներ եղան հէնց Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռոբերտ Բեգլարեանի կողմից:

Այս կապակցութեամբ զրոյցի առիթը բաց է լինելու համայնքային կառավարման եւ նոյն հարթակում պատասխանատուների, անհատների, ինչպէս նաեւ իւրաքանչիւր մտահոգ քաղաքացու առջեւ:

Այսպիսով՝ մտածեցինք թերթով «շփման գիծը» շօշափելի դարձնել Ռոբերտ Բեգլարեանի հետ ունեցած զրոյցով, որտեղ փորձ արւեց հանդիպումների ընթացքում տիրող տրամաբանութիւնը բառերի վերածել:

Հ.- Իրանի քաղաքացիների հետ կողք-կողքի իրենց ուսերին են կրում նոյն բեռը՝ ոչ-պետական ձեւաչափով կառավարւող կառոյցները, այդ թւում ազգային առաջնորդարանը: Իրավիճակն առաւել բարդ է դառնում, յատկապէս, երբ ֆինանսապէս դրանք կախւած չեն պետութիւնից կամ նմանօրինակ եկամտային աղբիւրներից: Եթէ մանրամասնենք ու օրինակներով խօսելու լինենք, ապա ի՞նչ կարգի փոփոխութիւնների ականատեսն ենք լինելու համայնքային կառավարման ասպարէզում: Չէ՞, որ բարձրաձայնւած մտքերից առաջինը խնայողութիւնների գնալն ու աւելորդ շռայլութիւններից խուսափելն էր (ձեւակերպումը լրագրողինս է): Իսկ եթէ հերթաբար քննարկելու լինենք, որո՞նք են լինելու հրատապ իրավիճակում:

Ռոբերտ Բեգլարեան - Եթէ ցաւոտ հարցերից սկսելու լինենք, ապա առաջնագծում պիտի տեսնել հայոց դպրոցների ֆինանսաւորման հետ կապւած խնդիրները: Սա մի կողմից, իսկ մեր կրթօջախներն աշակերտութեամբ ապահոված պահելը՝ միւս:

Հ.- Կատարւած յայտարարութիւններից զգացւում էր, որ հնարաւոր է գործընթացը տանի կրճատումների, կամ, եթէ ձեւակերպենք այսպէս՝ ունենալո՞ւ ենք աշխատազուրկ դարձած կադրեր:

Ռոբերտ Բեգլարեան - Մեր աշխատանքների ու նպատակների ուղղւածութիւնը տանելու է փակուղի մտնելու փոխարէն գործընթացը արգելակելով հրել հակառակ ուղղութեամբ: Այսինքն՝ նախ աշխատելու ենք հայոց դպրոցը լքող աշակերտների հնարաւոր հոսքը կանխել, ապա անցնելու ենք այլ կրթական հաստատութիւններ տեղափոխւած աշակերտներին հայկական կրթօջախ վերադարձի գործի: Չնայած կը նախընտրեմ չխառնւել համապատասխան ոլորտի պատասխանատուների՝ Կրթական խորհրդի գործերին: Բայց ինչ վերաբերում է ձեր հարցին, միայն այսքանը, որ ձեր նշած կրճատումները մեր՝ ազգային իշխանութեան օրակարգում չէ:

Հ.- Քանի աշակերտի վերադարձի մասին է խօսքը:

Ռոբերտ Բեգլարեան - Մեր ունեցած տւեալներով շուրջ 350-ից 400 աշակերտի: Կայ նաեւ մէկ այլ չհաստատւած թիւ, որտեղ խօսքը գնում է 500-ի մասին: Այնուամենայնիւ, բոլորիս ուսերին է դրւած՝ ջանքեր գործադրելով աշխատել այդ ուղղութեամբ: Ազգային իշխանութիւն հասկացութիւնը պէտք է լինի մեր մէջ, այն մենք ենք՝ բոլորով: Ժողովուրդը միշտ իր ցաւերը ցաւելու է: Նոյնիսկ նա, ով իրեն հեռու է պահում: Սա միայն մի յանձնախմբի կամ, ասենք, թեմականի անելիքը չէ:

Հ.- Ենթադրւում է, որ ուսումնասիրել էք հայոց դպրոցն այլ ուղղութիւններով լքող աշակերտների ու ծնողների պատճառներն ու նպատակները: Հարց է ծագում, ի՞նչ մեխանիզմ է մշակւել, կամ ինչ էք առաջարկում նրանց վերադարձը ապահոված տեսնելու համար:

Ռոբերտ Բեգլարեան - Խնդիրը բազմակողմանի լուծում ու վերծանում է պահանջում: Նշենք, որ առկայ խնդիրներից կարեւորը օրինական դաշտի սահմանումներն ու արգելքներն են: Սրանց լուծումը, բնականաբար, պէտք է գտնել եւ համաձայնեցնել համապատասխան նախարարութեան աջակցութեամբ: Դա դպրոցների համատեղման խնդրին է առնչւում: Եթէ նման մի գործընթաց մեկնարկի, ապա պէտք է արտօնութիւն ստանալ մեր դպրոցներում բոլոր օղակների աշակերտութեանը մէկտեղելու կամ նոյն բակում տեսնելու հնարաւորութիւն ունենալ: Այդպէս հնարաւոր կը լինի խնայած բիւջէի հաշւին ներդրումներ անել կրթական համակարգը տեխնիկական առումներով վերազինելու եւ որակաւորելու, ինչպէս նաեւ բարձրորակ ուսուցչական կազմով ապահոված տեսնելու ուղղութիւններով: Վստահ եմ, որ նման հնարաւորութիւններ հազիւ թէ ունենայ որեւէ սեփական ոչ-շահադիտական կոչւող դպրոց, որտեղ աշակերտն ստիպւած է սովորելու թւով 25-ից 30 կամ նոյնիսկ աւելին երեխաներով կազմւած դասարանում. էլ չասենք, թէ ինչպիսի վճարումների ու մէջքը կոտրող գներով:

Հ.- Նոյն առիթով կա՞ն արդեօք համեմատութեան եզրեր փոքրամասնութիւն համարւող միւս համայնքների միջեւ: Չէ՞, որ նրանց մօտ էլ կայ քանակի խնդիր, որտեղ գործում են մէկտեղելու համար արտօնեալ օրէնքներ:

Ռոբերտ Բեգլարեան - Ճիշտ էք անում, որ խօսքը հէնց կրթական համակարգի շուրջ էք շարունակում: Չնայած ոչ պակաս լուրջ խնդիրներ կան նաեւ մեր կառավարման ու վարչական միւս ոլորտներում: Իսկ հարցին պատասխանեմ այսպէս՝ այո՛, կան ասորական համայնքին պատկանող, կամ զրադաշտների, հրեաների համայնքների կրթօջախներ, որոնցից իւրաքանչիւրը շարունակում է աշխատել դպրոցական համալիրի ձեւաչափով՝ բոլոր օղակները ներառեալ: Բայց այստեղ կայ շատ կարեւոր նրբութիւն: Նրանք իրենց համայնքի աշակերտների կողքին դպրոցներում ընդունում են նաեւ այլոց, ասենք մուսուլմանական կամ հայկական կամ, մի խօսքով... Այդպիսի մոդել մենք չենք պատկերացնում մեր համայնքի համար: Նրանց հետ համեմատութեան եզրեր փնտրելը, երեւի, ճիշտ չէր լինի: Այդ իսկ պատճառով օրէնքի սահմաններում պէտք է իւրովի լուծում պահանջել համապատասխան նախարարութիւնից կամ ատեաններից:

Հ.- Վերադառնալով հանրութեան հետ դէմ առ դէմ հանդիպումներին, կուզենայի ձեր ներկայացրած վիճակագրական տւեալների ու ֆինանսական ելումուտքի մասին նշում կատարել: Ինչո՞ւ ներկայացւածն իր վաղեմութեամբ երկու տարի առաջւայ թւերի մասին էր խօսում: Իհարկէ, ձեւակերպումը հնչեց հէնց բեմից, երբ պատասխանատուներն ակնարկեցին այդ մասին:

Ռոբերտ Բեգլարեան - Հանդիպմանը ներկայացւած էր 96-97 աշխատանքային շրջանի ծախսերի մասին ամփոփիչ պատկերը: Իսկ ընթացքում ներկայացւեց նաեւ ընթացիկ շրջանի առաջին կիսամեակից տւեալներ: Մի խօսքով հանրութեան սեփականութիւնն ենք դարձրել մինչեւ մէկ տարի առաջ ներկայացնող իրավիճակն ու արձանագրութիւնը: Իսկ ընթացիկ շրջանի ֆինանսական գործընթացն ու վիճակը կարելի կը լինի ներկայացնել, երբ աշխատանքային տարին ամփոփած լինենք:

Հ.- Կան հարցեր, որոնց չանդրադառնալը, այն էլ զանգւածային լրատւական միջոցների հարթակից, կարող է աղմուկ չբարձրացնելու հակապատկերը լինել: Այնուամենայնիւ տրամադրութիւնն ու տրամաբանութիւնը մէկտեղւում են այստեղ: Խօսքս վերաբերում է հանդիպումներից երկուսի ժամանակ արծարծւած որոշ հարցերին ինչպիսին, ասենք, դոլարով հաշւարկւող ծախսերն ու վճարումների մասին:

Ռոբերտ Բեգլարեան - Այո, այդ մասին հարցեր եղան, ու խօսւել է. ու էլի է խօսւելու երեւի, քանի դեռ նման իրազեկման նպատակներով կազմակերպւած հանդիպումներին իր մասնակցութեամբ չի արձագանգում համայնքային կտրւածքով հասարակութեան զգալի մասը: Իսկ արտարժոյթով վճարւող գումարները պէտք է տեսնել մեր համայնքի ծխահարկի ենթատեքստում: Այդ կապակցութեամբ կարող եմ ասել, որ երկրում տիրող տնտեսական ճգնաժամն ու պայմանները հասկանալի են բոլորի կողմից, այդ թւում նաեւ մեր կրօնական ղեկավարութեան համար, ինչի ուղղութեամբ նոյնպէս տեղեկացւած է արդէն Անթիլիասը:

Հ.- Վերջերս, բոլորովին պատահաբար, ինձ համար պարզ դարձաւ, որ դպրոցներից մէկում նախորդ ուսումնական տարեշրջանի աւարտին աշակերտութեան մէկ երրորդը չի փակել իր թոշակը: Սա այն դէպքում, երբ նոյն աշակերտին այլ դպրոցում դժւար թէ արտօնէին շարունակելու ուսումը՝ անվճար: Ինչ մեխանիզմներ կան, որով հնարաւոր կը դառնայ իրազեկելով ծնողներին, նրանց բերել սեփական զաւակի նկատմամբ ունեցած քաղաքացիական պարտքը կատարելու ուղղութեան վրայ:

Ռուբերտ Բեգլարեան - Չգիտեմ, նոյնիսկ եթէ գոյութիւն ունի նման մեխանիզմ մենք կը կարողանայինք կտրուկ քայլերի դիմել թէ ոչ: Էլ չեմ խօսում ճիշտ ու սխալի մասին: Եթէ անկեղծ նայենք հարցին, ապա պէտք կը լինի յիշեցնել այն փաստի մասին, որ «ազգային իշխանութիւն» հասկացութիւնը մեր համայնքի կողմից ընկալւում է որպէս՝ իրաւունքների լայն փաթեթ: Չէի ցանկանայ հակառակը պնդել, բայց ոնց որ սպասելիքները բարձրացել են: Ազգային իշխանութեան մասին գոյութիւն ունեն տարբեր պատկերացումներ: Սա այն դէպքում, երբ ոչ մէկը յստակօրէն չգիտի, թէ ինչ կարգի կառոյց ենք մենք: Կամ արդեօք որեւէ պետական կառոյցից ակնկալւող ծառայութիւնը նոյնութեամբ կարելի է սպասել ազգային իշխանութիւնից թէ՞ ոչ, յատկապէս, այն դէպքում, երբ նրանց (պետական) թիկունքում կանգնած է պետութեան կողմից ֆինանսաւորումը, իսկ մերը՝ բնականաբար ո՛չ: Եթէ անկեղծ լինեմ, չկայ իրաւական սահմանում: Յատուկ նրբանկատութիւն պահանջող աշխատանքները մեծամասամբ լուծումը գտնում են անձնական յարաբերութիւնների ու հեղինակութեան դաշտի վրայ: Այնպէս որ, յաճախ գործի վարոյթը վստահւում է կամ՝ խորհրդարանի պատգամաւորներին կամ նախկինում պատգամաւոր եղած անձանց միջնորդութեանը: Սա կարելի է նոյնքան առիթ համարել, ինչքանով կարող ես պնդել հակառակը: Մի խօսքով, սպասելիքների հարցում պէտք է աշխատանքներն ընթանան փոխադարձ յարաբերութիւնների ու վստահութեան լոյսի ներքոյ:

Լուրը՝ «Ալիք»-ից

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com