Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ՝ Ամենայն Հայոց Բանաստեղծ-«Հանճարեղ Լոռեցի»՝ Յովհաննէս Թումանեան (1869-1923) ` Մահւան 100-ամեայ տարելից

 

2023 թւականի մարտի 23-ից սկսած Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի կողմից տարբեր միջոցառումներով ոգեկոչւում են Ամենայն Հայոց բանաստեղծ՝ Յովհաննէս Թումանեանի մահւան տարելիցը: 54 տարեկան էր հայ գրականութեան «Հանճարեղ լոռեցին» (Եղիշէ Չարենցի բնութագրմամբ), երբ դեղնախտի խլիրդը ապաժամ խլեց-տարաւ մարմնեղէն կեանքը հայ ժողովրդի բացառիկ այս ծնունդի: 100 տարի առաջ, մարտի 23-ին, Ամենայն Հայոց բանաստեղծը իր վերջին հրաժեշտը տւեց երկրային այս կեանքին, բայց երբեք չհեռացաւ հայ ժողովրդի մտքից ու սրտից:


Օգոստոսի 11-ին եւ 12-ին 2023 թւականին, Յովհաննէս Թումանեանի մահւան 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան մեկնած թւով 12 աշակերտներ՝ Աթրիս Դարուսին, Անի Թահմասեանը, Արքայազ Միկոյեանը, Բէաթրիս Իզաբելլա Ռաթէոսեանը, Էլիանա Ալլահդադին, Լենի Պետրոսեանը, Լիա Մկրտչեանը, Լիանա Սեփառուկը, Մարիաննա Մատթէոսեանը, Մեղեդի Հայրապետեանը, Նելլի Եղիայեանը եւ Վեդի Աւանէսեանը Յովհաննէս Թումանեանի «Մի կաթիլ մեղրը» եւ «Անխելք մարդը» հեքիաթների ներկայացումներով հանդէս եկան Երեւանում՝ Խաչատուր Աբովեանի տուն-թանգարանի բակում, (Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարանում իրականացւում են վերանորոգումներ) եւ Դսեղում՝ Թումանեանի ծննդավայրում, նրա հայրական տան բակում:

Օգոստոսի 11-ին բացման խօսքով ելոյթ ունեցաւ Խաչատուր Աբովեանի տուն-թանգարանի տնօրէն՝ տկն. Սիւզաննա Խոջամիրեանը: Ընդհանուր ծրագրից եւ Թեհրանի հայկական կրթօջախներից համառօտ ակնարկով հանդէս եկաւ, Կրթական խորհրդի անդամ՝ տկն. Կարինէ Մանուչարեանը:

Միջոցառմանը ներկայ էին Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարանի տնօրէն՝ Անի Եղիազարեանը, երկու տուն-թանգարանների տնօրէնների կողմից հրաւիրւած՝ թանգարանների աշխատակիցներ, գիտաշխատողներ, պատմաբաններ, Թ.Հ. Թեմական Խորհրդում՝ Կրթական խորհրդի կապ՝ Անի Միրզախանեանը, Թ.Հ. Թեմի Կրթական խորհրդից՝ փոխատենապետ՝ Կարինէ Բալըքճեանը, ԿԽ անդամներ՝ Մելինդա Քեարիմ Մասիհին, Կարինէ Մանուչարեանը եւ Մարլէն Աշուղեանը, Խաչատուր Խաչատրեանը եւ Անիթա Սարգսեանը, փորձավարներ՝ Անի Զաքարեանը եւ Էրւին Գալստեանը, ներկայ էին նաեւ Թեհրանից Հայաստան ժամանած՝ իրանահայ մի խումբ ուսուցիչներ, հարազատներ եւ ընկերներ, որոնք ընդառաջելով ԿԽ-ի հրաւէրին եկել էին իրենց ներկայութեամբ ոգեւորելու սիրելի աշակերտներին:

Նախքան ներկայացումը երկու տուն-թանգարանների տնօրէնները ներկայացրեցին, եւ՛ Թումանեանին, եւ՛ Խ. Աբովեանին, անդրադառնալով նրանց կեանքի կարեւոր դրւագներին:

Այնուհետեւ երեխաները աննկարագրելի ոգեւորութեամբ խաղացին իրենց վստահւած դերերը եւ մեծ բերկրանք պարգեւեցին հանդիսատեսին:

Տկն. Անի Եղիազարեանն իր շնորհակալութիւնն ու երախտագիտութեան խօսքը ուղղեց Թ.Հ. Թեմի Կրթական խորհրդի ողջ կազմին, մասնակից աշակերտներին եւ փորձավարներին ամենայն հայոց բանաստեղծի յիշատակը յաւերժացնելու եւ վառ պահելու համար: Նա յոյս յայտնեց, որ այս կապը էլ աւելի սերտ, հաստատուն եւ շարունակական է լինելու:

Նա Կրթական խորհրդին, աշակերտներին եւ փորձավարներին յանձնեց շնորհակալագիր, պատւոգրեր եւ հաւաստագրեր: Կրթական խորհրդի կողմից եւս պատրաստել էին յուշանւէրներ, դրանք մեծ շուքով յանձնեցին տնօրէններին եւ մէկ պատմաբանի ի յիշատակ այս գեղեցիկ օրւայ:

Մի խմբային նկարով յաւերժացւեց արդէն պատմութիւն դարձած այս գեղեցիկ միջոցառումը, այնուհետեւ աշակերտները գիտաշխատողների հետ այցելեցին Խ. Աբովեանի անւան տուն-թանգարան, աւելի մօտիկից ծանօթանալու հայ գրականութեան ռահւիրաներից մէկի՝ Խ. Աբովեանի կեանքի ու գործունէութեան խոր ծալքերին:

Խաչատուր Աբովեանի տուն-թանգարանը Երեւանում

Օգոստոսի 12-ին մեր պատւիրակութիւնը ուղեկցութեամբ՝ Երեւանի Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարանի երկու գիտաշխատողների ուղեւորւեցին դէպի հանճարեղ լոռեցու, Թումանեան ազգային գործիչի, Թումանեան ազգային բանաստեղծի ծննդավայր, իրենց ներկայութեամբ յաւերժացնելու մեծ մարդու, մեծ հայի անմոռաց յիշատակը:
Նախքան Դսեղ հասնելը, նրանք Ճանապարհին այցելեցին, Օշական գիւղում գտնւող Տառերի պուրակ (Հայոց այբուբենի յուշարձան) այնույետեւ՝ Սաղմոսավանք, այս վանական համալիրը գտնւում է Հայաստանի Արագածոտնի մարզի Սաղմոսաւան գիւղում։ Կառուցւել է 13-րդ դարում, Արարատեան կողմնակալութեան կողմնակալ Վաչէ Ա Վաչուտեանի եւ իր իշխանական ընտանիքի կողմից։

Դսեղում մեր ներկայացուցիչներին դիմաւորեցին բանաստեղծի տուն-թանգարանի տնօրէն՝ տկն. Ռոզա Ղազումեանը, որն էլ մեծ ոգեւորութեամբ, աշակերտների համար բացառիկ հնարաւորութիւն ընձեռնեց, ներկայացումը բեմադրելու եւ հանդէս գալու, այս անգամ արդէն բանաստեղծի հայրական տան բակում:
Ներկայացման աւարտին տկն. Ղազումեանը մանրամասնօրէն անդրադարձաւ Թումանեանի տոհմին, երեխաներին, թոռներին եւ ծոռներին:
«Լոռեցի էր Թադէոս Թումանեանի որդի Յովհաննէսը: Ծնւել էր 19 փետրւարի 1869-ին, Դսեղ գիւղում, հոգեւորական ընտանիքի յարկի տակ: Նախնական կրթութիւնը ստացել է գիւղի դպրոցում, ապա յաճախել է Ջալալօղլուի (այժմ Ստեփանաւան) դպրոցը, աւարտելուց յետոյ 1883-ին անցել է Թիֆլիս, «Ներսիսեան» Ճեմարանի մէջ ուսումը շարունակելու համար: Սակայն նիւթական ծանր պայմանների ճնշումի տակ, 1887-ին ակամայ լքել էր դպրոցը եւ նետւել կեանքի ասպարէզ աշխատանք գտնելով նախ Թիֆլիսի հայոց Դատաստանական խորհուրդի, ապա Հայ հրատարակչական միութեան գրասենեակներում»...
Թումանեանը ունեցել է բազմազաւակ ընտանիք, նա իր ընտանիքով եւ նահապետական նիստուկացով արժանացաւ հայոց նոր դարաշրջանի ժողովրդային բանաստեղծի արժանի եւ արդար փառքին:
Թումանեանի ժառանգները ապրում են տարբեր երկրներում՝ Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Գերմանիա եւ Հոլանդիա: Նրանցից մեծ մասը զբաղւում են գիտական աշխատանքներով, Թումանեանի ժառանգութեան պահպանմամբ եւ տարածմամբ, նրանց կողմից գաղափարներ է ներկայացւել՝ Թումանեանի ինստիտուտ ստեղծելու ուղղութեամբ:

Մեր պատւիրակութեան անդամները բռնեցին յետդարձի ճանապարհը, բուռն օրւայ անցուդարձից տպաւորւած երեխաները ամէն մէկը իր խոհերով, իր հետ տանում էր այդ օրւայ յիշողութիւններից մի պատառիկ: Փորձելով հնարաւորինս աւելի իր սրտի մէջ տեղաւորել եւ աւելի իրենը դարձնել մեծ բանաստեղծին:

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ Յ. Թումանեան
Մեր ճամբէն խաւար, մեր ճամբէն գիշեր,
Ու մենք անհատնում
էն անլոյս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դէպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում:
Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում:
Բայց քանի անգամ շէկ անապատի
Օրդուները սեւ
Իրարու յետեւ
Եկա՜ն զարկեցին մեր քարւանն ազնիւ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում:
Ու մեր քարւանը շըփոթ, սոսկահար,
Թալանւած, ջարդւած
Ու հատւած-հատւած
Տանում է իրեն վէրքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում:
Ու մեր աչքերը նայում են կարօտ
Հեռու աստղերին,
Երկընքի ծէրին,
Թէ ե՞րբ կը բացւի պայծառ առաւօտ`
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:
1902


Սաղմոսավանք, Տառերի պուրակ


Այցելութիւն Եղիշէ Չարենցի տուն-թանգարան


Այցելութիւն Ծիծեռնակաբերդի յուշահամալիր

ՎԵՐԱԴԱՐՁ ԴԷՊԻ ՏՈՒՆ

Կրթական խորհուրդը յատուկ շնորհակալութիւն է յայտնում Թեմական խորհրդից, Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանից, Յովհաննէս Թումանեանին նւիրւած միջոցառումները կազմակերպող եւ համակարգող յանձնախմբից, դերասան փորձավարներից, մասնակից աշակերտների ծնողներից եւ բոլոր անհատ բարերարներից այս աննախադէպ ծրագիրը կեանքի կոչելու եւ օժանդակելու համար։

Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ