Հինգշաբթի, 24 օգոստոս 2023 թւականին, Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց «Անահիտ» գիտամշակութային եւ գրական հանդէսի խմբագրական խորհրդի քարտուղար, պատմական գիտութիւնների թեկնածու, հայ ժողովրդի բարեկամ` պրն. Աբբաս Էղբալ Մեհրանին։ Հանդիպմանը ներկայ էր նաեւ տկն. Արփի Ալավերդեանը։
Հանդիպման ընթացքում խօսւեց Արցախի հայ ժողովրդին աջակցելու, հայերի եւ իրանցիների պատմական կապերի, եւ «Անահիտ» գիտամշակութային եւ գրական հանդէսի կողմից իրականացւած աշխատանքների մասին, որոնց թւում է «Քարզար» կայքում ի զօրակցութիւն Արցախի կազմակերպւած ստորագրահաւաքը։ Յաջակցութիւն Արցախի ձեռնարկւած քայլերից է նաեւ «Ո՛չ Ցեղասպանութեանը, Աշխարհն է խօսում» խորագրով կոչն ուղղւած բոլորին, որին մասնակցել են իրանցիներ եւ ներկայացրել են իրենց գեղանկարչութիւնները՝ Արցախի ապաշրջափակման պահանջով։
Սրբազան Հայրը բարձր գնահատեց պրն. Աբբաս Էղբալ Մեհրանի կատարած աշխատանքները եւ իր աջակցութիւնը յայտնեց նրա կողմից ձեռնարկւող հայանպաստ քայլերի կապակցութեամբ։
Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ