Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, Օգոստոսի 24-ին իր գրասենեակում ընդունեց Արամ Խաչատրեանի ծննդեան 120-ամեակին նւիրւած երաժշտական երեկոյի իրականացման համար Թեհրան ժամանած «Խաչատրեան Տրիօ»-ի երաժիշտներ՝ Արմինէ Գրիգորեանին (դաշնակահար), Կարէն Շահգալդեանին (ջութակահար) եւ Կարէն Քոչարեանին (թաւջութակահար), որոնց ուղեկցում էր Իրանում ՀՀ դեսպանութեան մշակութային հարցերով խորհրդական Սէրգէյ Գրիգորեանը եւ խորհրդական Լիլիթ Սարգսեանը:
Հանդիպման ընթացքում, Սրբազան Հայրը հանգամանօրէն անդրադարձաւ իրանահայ համայնքի, եւ հայկական յուշակոթողների նկատմամբ Իրանի պետական շրջանակների հոգատարութեան մասին ցաւով նշելով, որ այս օրերին, սակայն Շուշիում աւերւում են հայկական յուշակոթողները եւ Արցախում սովամահ են դառնում հայ հայրենակիցները:
Սրբազան Հայրը կարեւորեց մշակութային միջոցառումների իրականացումը հայ-իրանական յարաբերութիւնների սերտացման հարցով: Իր խօսքերի ընթացքում Սրբազան Հայրը ընդգծեց. «Շատ ուրախ եմ Հայաստան-Սփիւռք մշակութային, հասարակական, տնտեսական ու բարեկամական յարաբերութիւնների ընդլայնման հարցով յատկապէս այս օրերին, երբ մեր ժողովուրդը Հայաստանում եւ յատկապէս Արցախում յայտնւել է իր պատմութեան ամենադժբախտ եւ ամենաանորոշ մէկ վիճակի մէջ»: Վերջում Սրբազան Հայրը Հայոց Ցեղասպանութեան Սրբադասւած Նահատակների պատկերով աղօթագիրք նւիրեց հիւրերին:
Յատկանշական է, որ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Արւեստից միութեան նախաձեռնութեամբ «Խաչատրեան Տրիօ»-ն բացառիկ համերգով օգոստոսի 23-ին հանդէս եկաւ Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» սրահում: