Արցախից բռնի տեղահանւած հայրենակիցներին օգնելու նպատակով՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի անդամները եւ Թեմական խորհրդի ատենապետը, երէկ՝ հոկտեմբերի 9-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպում են ունեցել Թեհրանի հայոց թեմի եկեղեցիների Եկեղեցական խորհուրդների ատենապետերի ու անդամների հետ:
Հանդիպման սկզբում Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը նշեց, որ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հովանաւորութեամբ՝ կեանքի կոչւած յանձնախումբը, որոշւեց հանդիպում ունենալ եկեղեցու Եկեղեցական խորհուրդների հետ, մի շարք աշխատանքներ համադրելու նպատակով: Նա ապա բացատրութիւններ փոխանցեց մինչ այժմ կատարւած աշխատանքների, Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանի եւ Ռոբերտ Բեգլարեանի ջանքների, նաեւ պետական մարմինների հետ համագործակցութեան մասին: Նա նշեց, որ մինչ այժմ Իրանի Կարմիր Մահիկի միջոցով երեք բեռնատարով, 60 տոննա օգնութիւն արդէն տեղափոխւել է Հայաստան, եւ բաժանւել է տեղահանւած մեր հայրենակիցների միջեւ:
Հանդիպմանը, յանձնախմբի ատենապետ Ալֆրէդ Քեշիշեանը մանրամասն բացատրութիւններ փոխանցեց կատարւած աշխատանքների մասին, նշելով, որ ելնելով անցեալի փորձից, որ տարատեսակ ապրանքներ փոխադրելը շատ մեծ խնդիրներ է ստեղծում, եւ նոյնիսկ մաքսատներում երկար ժամանակ մնալով, սննդամթերքի պիտանելիութեան ժամկէտը յաճախ աւարտում է, ուստի որոշւեց, որ դրամական նւիրահաւաքի արդիւնքում, եւ ՀՕՄ-ի ու Կարմիր Խաչի կողմից ներկայացւած ցանկերից ելնելով, յանձնախումբը գնի որոշակի ապրանքները, որոնց տեղափոխումը նման խնդիրներ չստեղծի: Ալֆրէդ Քեշիշեանի հաւաստմամբ՝ արդէն Իրանի Կարմիր Մահիկի գործարանից գնւել են ադիալները եւ բեռնատարներով այն ուղարկւելու են Գորիս եւ յանձնւելու են ՀՕՄ-ին: Նա նշեց, որ յանձնախմբի անդամ Վահէ Ահարոնեանը եւ մի քանի բարերաներ արդէն նւիրել են 6 տոննա բիրնձ, 150 մահճակալ եւ ներքնակներ, որոնք առաքւել են ՀՕՄ-ին: Նա ընդգծեց, որ այս աշխատանքը չի սահմանափակւելու միայն մի քանի շաբաթով, եւ լինելու է շարունակական, առնւազն մի քանի ամիս: Ապրանքների փոխադրման եւ որակների մասին բացատրութիւններ փոխանցեց յանձնախմբի անդամ Վահէ Ահարոնեանը: Նշւեց նաեւ, որ նւիրահաւաքի գումարները ըստ ներկայացւած պահանջների յատկացւելու են խոհանոցային պարագաներ, ինչպէս նաեւ ուտելիքների գնման համար:
Ապա եկեղեցու Եկեղեցական խորհուրդների անդամները փոխանցեցին իրենց տեսակէտները նւիրահաւաքին աւելի թափ հաղորդելու եւ համայնքում, ընդհուպ մինչեւ դպրոցներ տարածելու եւ հանրութեան սեփականութիւնը դարձնելու համար:
Լուրը՝ «Ալիք»-ից