«Ալիք» - Յունւարի 25-ին ազգային առաջնորդարանի դահլիճում Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ իր աշխատանքը սկսած Պատգամաւորական ժողովի նիստի սկզբում ատենապետ՝ Ժոզէֆ Մեհրաբեանը յոյս յայտնեց, որ առաջիկայ չորս տարիներին պատգամաւորների արդիւնաւէտ քննարկումների արդիւնքում ժողովը օգտաշատ շրջան կանցկացնի: Պատգամաւորների թւային պատկերը ամրագրելուց յետոյ, խօսքը տրւեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Կարապետեանին, ով մի քանի գլուխների տակ ամփոփեց իր մտածումները:
Նա նախ մտահոգութիւն յայտնեց, որ Պ. Ժ.-ի ընտրութիւններին, ոչ բոլոր հայրենակիցներ են մասնակցութիւն բերել, ապա անդրադարձաւ Պատգամաւորական ժողովի եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախմբերի աշխատանքներին եւ կարեւորեց երիտասարդների առաւել ներգրաււածութիւնը, ի մասնաւորի մասնագիտական մարմիններում ու կառոյցներում, որը է'լ աւելի կը նպաստի համայնքային աշխատանքների սահուն ընթացքին:
Ժողովը իր յաջորդ օրակարգով զբաղւեց առաջին նիստի արձանագրութեամբ, որը ընթերցեց ատենադպիր Արմէն Հայրապետեանը եւ պատգամաւորներին առիթ տրւեց ըստ կարգի արտայայտութիւնների:
Օրակարգի չորրորդ բաժնով Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը բացատրութիւններ փոխանցեց Պ. Ժ.-ի կանոնագրութեան մասին: Իր արտայայտութիւնների ընթացքում թեմակալ առաջնորդն զեկուցեց նաեւ օրերս Սիրիա եւ Լիբանան կատարած այցերի մասին, անդրադառնալով Դամասկոսում գումարւած միջազգային համագումարին, Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի գործադիր վարչութեան ժողովին եւ Անթիլիասում գումարւած Ազգային Կենտրոնական վարչութեան կրօնական-քաղաքական խառն ժողովներին: Թեմակալ առաջնորդը ապա անդրադարձաւ թեմի կանոնագրութեանը, կարեւորելով դրա վերանայման անհրաժեշտութիւնը:
Թեմակալ առաջնորդի արտայայտութիւններից յետոյ, Կրօնական խորհուրդը, Հաշւեքննիչ մարմինը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը ներկայացրեցին մի քանի ամսեայ մանրամասն աշխատանքային զեկոյց, թէեւ դիւանը նրանց դիմել էր ներկայացնելու իրենց կառոյցների աշխատանքների եղանակները, եւ պատգամաւորների հնչած հարցերը ընդհանրապէս այդ ուղղւածութիւնը ստացան, ինչպէս Թեմական խորհուրդ, պետական շրջանակների կապերի ինչպիսիութիւնը, Կրթական խորհրդի եւ Թեմական խորհրդի յարակից մարմինների աշխատանքները եւ գործելաոճը: Օրակարգի 6-րդ գլխի տակ՝ այլ հարցեր, պատգամաւորները ներկայացրին մի շարք համայնքային հարցեր, մի քանի երեւոյթների մասին մտահոգութիւններ, նաեւ առաջարկութիւններ, առաջիկայ չորս տարիներին Պ. Ժ.-ի ժողովավարական է'լ աւելի սահուն ընթացքի մասին:
{gallery}201701/2017012801{/gallery}