Նոյեմբերի 28-ին տօնն է սրբոց առաքելոցն և առաջին լուսաւորչացն մերոց՝ Թադէոսի և Բարթուղիմէոսի:
Այդ օրը նաև Ս. Թադէոս և Ս. Բարթուղիմէոս եկեղեցու անւանակոչութեան տօնն է: Այս Առիթով ուրբաթ նոյեմբերի 27-ին, Ս. Թադէոս և Բարթուղիմէոս եկեղեցում մադուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. և Անմահ Պատարագ, ուր պատարագեց և յաւոր պատշաճի քարոզեց Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Եկեղեցին ողողւել էր հարիւրաւոր հաւատացեալներով, որոնք եկել էին իրենց քրիստոնէական պարտականութիւնը կատարելու սրբերի հանդէպ, ինչպէս նաև հաղորդւելու աստւածային ներկայութեան և մասնակից դառնալու օրւայ խորհրդին:
Սրբազան Հայրն իր քարոզն սկսեց ասելով թէ՝ «Մեր Տէրը, Յիսուս Քրիստոսն իր երկրաւոր կեանքի աւարտին, երբ երկինք պիտի համբարնար, իր 11 առաքեալներին յանձնարարեց ասելով՝ գնացէք այսուհետև աշխարհի բոլոր ժողովրդներին ինձ աշակերտ դարձրէք, սովորեցրէք նրանց այն ինչ որ ասացի ձեզ, մկրտեցէք նրանց Հօր, Որդու և Ս. Հոգու անունով և թելադրեցէք նրանց, պահել այն ինչ որ ես տւեցի ձեզ և վստահ եղէք, որ ես ձեզ հետ եմ լինելու մինչև աշխարհի վերջը: Առաքեալները Ս. Հոգու գալստից յետոյ հաւատարիմ իրենց Տիրոջ, Վարդապետի ու Փրկչի թելադրանքին ու պատւէրին, սկսեցին իրենց առաքելական գործունէութիւնը»:
Առաջնորդ սրբազանը շարունակեց՝ «Հիմնական ուսոցումը Քրիստոսի՝ մարդու փրկութիւնն էր, փրկութիւն ասելով՝ հասկանում ենք հետևել Քրիստոսի պատւէրներին, նրանք գործադրել մեր կեանքում և հաղորդական ու ապաշխարողական կեանքով ապրել այս աշխարհի վրայ, միշտ տեսիլքով և հեռանկարովը յաւիտենականութեան»:
Միւս բաժնում Սրբազան Հայրը աւելացրեց՝ «Աստւած մեր մէջ է: Էականը և կարևորն այն է, որ մենք զգանք այդ ներկայութիւնը և այդ ներկայութեան օրհնութեամբ ապրենք մեր կեանքը»: «Քրիստոսը մշտատեղ ներկայութիւն է, որ եկեղեցուն պահում է կանգուն և ամուր»: «Մեր եկեղեցու քարոզութեան և ժողովրդի լուսաւորութեան նւիրական գործին, Թադէոս և Բարթուղիմէոս առաքեալների գործողութիւնը, որպէս լուսաւորութեան, կեանք բաշխող իրականութիւն ընդունւեց և մեր ժողովորդը այդ լոյսով լուսաւորւեց: Դրա համար նրանք կոչւեցին առաջին լուսաւորիչներ: Աւետարանի լոյսը բերին մեր խաւար աշխարհին և այդ խաւարը փարատեցին իրենց նահատակութեամբ»:
Առաջնորդ Սրբազանը վերջում շեշտեց՝ «Քրիտոնէութիւնը լոկ խօսք չէ, Քրիստոնէութիւնը կեանք է: Հաւատքն ինչ է եթէ ոչ մարդու մէջ այն ուժը, որ նրան կարողութիւն է տալիս հաւատալու և տեսնելու անտեսանելին, որ իրականանալու է: Մենք այսօր ուխտի ենք եկել այս հինաւուրց եկեղեցում, որ աւելի քան 200 տարւայ կեանք ունի, որպէսզի հոգեպէս կամրջւենք Ս. Թադէոս և Ս. Բարդուղիմէոս Առաքեալներին և նրանց գործունէութեան ընթացքին նահատակւած մեր ժողովրդի առաջին նահատակներին՝ Ս. Սանդուխտ կոյսին, Ոգուհի կոյսին և այդ օրերի նահատակներին, որոնք Քրիստոսն ընդունելուց յետոյ, ոչ հուրը և ոչ սուրը կարողացաւ նրանց Քրիստոսի սիրուց բաժանել»:
Յաւարտ Ս. Պատարագի՝ Ս. Գէորգի մասունքը կրող արծաթեայ աջով, 2015 թւի յուլիսի 18-ին, Լիբանանում - Պրիքֆայա Մ.Տ.Կ.Կ. «Սուրբ Աստւածածին» Վանքում օրհնւած նոր Միւռոնի հեղումով՝ կատարւեց Ջրօրհնէքի արարողութիւնը: Որից յետոյ, հաւատացեալները խուռներամ յառաջ գալով՝ խոր հաւատքով և երկիւղածութեամբ հաղորդւեցին և օրհնւած ջուրն առնելով՝ խաղաղութեամբ մեկնեցին իրենց տները: