Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 37-րդ տարեդարձի ոգեկոչման ծրագրերի շարանում, նախաձեռնութեամբ Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան մշակութային աշխատանքների, հաւաքականութիւնների եւ միաւորումների գերատեսչութեան, կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում-ընդունելութիւն՝ ի պատիւ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների:
Երեքշաբթի՝ փետրւարի 16-ին, Թեհրանի «Փարսիան Էնղելաբ» հիւրանոցում կազմակերպւած միջոցառմանը, որը մեկնարկեց Իրանի պետական հիմնով, ներկաներին ողջոյնի խօսք ասաց Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան մշակութային հարցերով տեղակալ դոկտ. Սալեհին: Նա կարեւորելով Իրանում բոլոր կրօնական փոքրամասնութիւնների խաղաղ գոյակցութիւնը, իրենց մուսուլման եղբայրների կողքին, ասաց. «Իրանցի լինելը մեր բոլորի պարծանքն է: Մենք ունենք բազմաթիւ ընդհանրութիւններ, մեր մտահոգութիւնները նոյնիսկ ընդհանուր են»:
Միջոցառմանը հրաւիրւեց արտայայտւելու Թ. Հ. Թ. թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Շնորհաւորելով Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 37-րդ տարեդարձը, նա կարեւորեց փոխադարձ ճանաչողութիւնը, որը կը նպաստի միմեանց է՛լ աւելի մօտենալուն: Ողջունելով կազմակերպւած միջոցառումը, Սրբազան Հայրը նշեց, որ այն ապացոյցն է Իրանի համայն ժողովրդի միասնականութեան: Նա ընդգծեց նաեւ այն հանգամանքը, որ Իրանը այն բացառիկ երկրներից է, որի Սահմանադրական օրէնքում յարգւած են կրօնական բոլոր փոքրամասնութիւնների իրաւունքները:
Ծրագրի ընթացքում հրաւիրւեց արտայայտւելու նաեւ զրադաշտականների մոգպետ՝ Արդեշիր Խորշիդեանը, որը նոյնպէս կարեւորեց Իրանում կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների յարգւելու հանգամանքը: Միջոցառմանը ներկայ էին Մշակոյթի նախարարութեան բարձրաստիճան պաշտօնատարներ, եւ բոլոր կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր ու աշխարհիկ ներկայացուցիչները: Գեղարւեստական բաժնում նւագարանների կատարողութեամբ եւ երգեցողութեամբ հանդէս եկան հրեայ մի խումբ երիտասարդներ:
Վերջում կազմակերպւել էր ընդունելութիւն: