Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՓԻՒՌՔԻ ՏԱՐԻ (Բ) ԻՆՔՆԱՔՆՆՈՒԹԻՒՆԻՑ՝ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ 2023

ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

ՍՓԻՒՌՔԻ ՏԱՐԻ
(Բ)
ԻՆՔՆԱՔՆՆՈՒԹԻՒՆԻՑ՝ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
2023

Պ Ա Տ Գ Ա Մ
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

ԱՆԹԻԼԻԱՍ
ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան
Թեմակալ առաջնորդներին,
հոգեւոր դասին,
Ազգային իշխանութեանց եւ
մեր ժողովրդի զաւակներին

2023 տարւայ սեմին, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքից քրիստոնէական սիրով ու հայրապետական օրհնութեամբ ողջունում ենք ազգային Ընդհանուր ժողովին, ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ու քաղաքական ժողովներին, Միաբանութեանը, Թեմակալ առաջնորդներին ու ազգային իշխանութիւններին, մեր կեանքում գործող քաղաքական, կրթական, մշակութային, բարեսիրական եւ համայնքային միութիւններին ու կազմակերպութիւններին, ինչպէս նաեւ մեր ժողովրդի սիրելի զաւակներին։ Աղօթում ենք առ Բարձրեալն Աստւած, որ բացւող Նոր տարին մեր անհատական, ընտանեկան եւ ազգային կեանքում լցւի առողջութեան, յաջողութեան եւ երջանկութեան երկնային բարիքներով։

Ինչպէս ծանօթ է մեր ժողովրդի զաւակներին, անցնող տարին, 2022 թւականը, Հայրապետական Հռչակագրով յայտարարեցինք «Սփիւռքի տարի»։ Անդրադառնալով Սփիւռքի պարզած ներկայ վիճակին, եւ այն հիմնական դրդապատճառներին, որոնք Մեզ մղեցին 2022 թւականը հռչակելու Սփիւռքի տարի, Հռչակագրում հետեւեալ հաստատումը կատարեցինք.–

«Հայօրէն մաշումի ենթակայ Սփիւռքը՝ մի տեղ անորոշութեան ալիքներում է օրօրւում, այլ տեղ՝ փոթորիկների դէմ է պայքարում. մի տեղ՝ նոր ինքնութեան փնտրտուքի մէջ է, այլ տեղ՝ տեղայնացումի արագ ընթացքի մէջ է։ Հետեւաբար, այս կացութեան դիմաց Սփիւռքի վերակազմակերպումը ու վերակենսաւորումը հրամայական անհրաժեշտութիւն է։ Այս բազմատարած ու բազմերես ծրագիրը իր գործնական ընթացքը կարող է առնել նախ Սփիւռքի ինքնաքննութեամբ, ինքնարժեւորումով եւ ազգի համայնական կեանքում նրա իւրայատուկ տեղի ու դերի յստակեցմամբ։ Այս հսկայածաւալ աշխատանքին հարկ է լծւել այսօ՛ր. վաղը կարող է ո՜ւշ լինել՝ աշխարհի արմատական ու արագ փոփոխութիւնների յորձանուտում ապրող Սփիւռքի համար»։ Ապա, մեկնելով Սփիւռքի պարզած անորոշ ու մտահոգիչ կացութիւնից, շեշտեցինք թէ՝ «Անորոշութիւններով ու տագնապներով լեցուն Սփիւռքի ներկայ իրավիճակը, մեր եկեղեցին, մեր ղեկավար մարմիններին ու մտաւորականներին պէտք է մղի՝ իրապաշտ ոգով, պատասխանատու մօտեցմամբ ու համապարփակ տեսլականով տագնապելու, մտածելու, քննելու, խորհրդակցելու եւ մանաւանդ՝ Սփիւռքի ներկան վերակազմակերպելու ու նրա ապագան հունաւորող ճիշտ ճամբաներ եւ ազդու միջոցներ որոնելու»։

Արդարեւ, անցնող տարւայ ընթացքում Սփիւռքի ներկայ գոյավիճակի ու դիմագրաւած մարտահրաւէրների շուրջ՝ յօդւածների, ուսումնասիրութիւնների, դասախօսութիւնների ու սեմինարների միջոցով արտայայտւած մտահոգութիւնները, ներկայացւած մատնանշումները ու կատարւած վերլուծումները փաստօրէն վերաշեշտեցին՝ Հայրապետական Հռչակագրով Մեր կատարած ընդգծումները եւ յատկապէս՝ Սփիւռքը իր ներկայ վիճակից դուրս բերելու եւ վերակազմակերպման առաջնորդելու անյետաձգելի հրամայականը։

Հետեւաբար, մէկ կողմից նկատի ունենալով սկսւած քննարկումների շարունակման կարեւորութիւնը, եւ միւս կողմից, քննարկումներից այն կողմ՝ գործադրութեան հեռանկարների եւ միջոցների յստակեցման անհրաժեշտութիւնը, յատկապէս թեմերի շրջագծում, ներկայ Հայրապետական Գրով 2023 թւականը դարձեալ հռչակում ենք

ՍՓԻՒՌՔԻ ՏԱՐԻ (Բ)
(Ինքնաքննութիւնից՝ վերակազմակերպում)
շեշտաւորումով։ Մեր սպասումն է, որ առանց անտեսելու ինքնաքննութեան յոյժ կարեւորութիւնը, ներկայ տարւայ ընթացքում գործնական քայլեր առնւեն եւ ծրագրեր մշակւեն՝ մասնաւորաբար թեմական շրջագծում։

Ի՞ՆՉ ԿԱՏԱՐՒԵՑ ՍՓԻՒՌՔԻ ՏԱՐՒԱՅ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Խոր գոհունակութեամբ ուզում ենք հաստատել, թէ Սփիւռքի տարւայ հռչակումը լայն արձագանգ գտաւ ակադեմական, մտաւորական, մամուլի եւ երիտասարդական շրջանակներում։ Անցնող տարւայ ընթացքում յաջորդաբար հինգ առիթներով առցանց հանդիպումներ տեղի ունեցան Սփիւռքի հարցերին լաւածանօթ մասնագէտների, մտաւորականների, տեղեկատւական ոլորտի մասնագէտների եւ երիտասարդների հետ։ Այս հանդիպումների ընթացքում արծարծւեցին ու քննարկւեցին մի շարք այժմէական խնդիրներ, եւ կատարւեցին առաջարկներ։ Կաթողիկոսարանի նախաձեռնութեամբ կայացած յիշեալ հանդիպումների ընթացքում եղած քննարկումների ներկայացւած կարեւորութիւնը նկատի առնելով, շահեկան ենք համարում ընդհանուր գծերով անդրադառնալ նրանցից իւրաքանչիւրին.–
ա) Առաջին հանդիպմանը, բացման Մեր խօսքում, Սփիւռքի տարի հռչակելու շարժառիթները պարզելուց յետոյ, ընդհանուր գծերով անդրադարձանք նոր ձեւաւորւող եւ յարափոփոխ սփիւռքեան միջավայրերի իրավիճակների իւրայատկութիւններին եւ տարբեր բնագաւառներում գործող աւանդական կառոյցների դիմագրաւած դժւարութիւններին: Յատկապէս շեշտեցինք ինքնութեան վերաբերող հիմնահարցերը։ Ապա մասնակիցները ներկայացրեցին հետեւեալ խնդիրները.–
- Համեմատական սփիւռքագիտութեան օգտագործումը:
- Ինքնութեան խնդիրների քննարկման տարբեր միջոցների որդեգրումը:
- Մեր կառոյցներից հեռու սփիւռքեան գոյավիճակների հասանելիութեան միջոցների որոնումը:
- Սփիւռքեան հարցերի ոլորտային մասնագիտական քննարկումների ձեւաչափերի ճշտումը:
- Ըստ միջավայրի եւ իւրայատկութիւնների նկատառումներով ներգրաւման տարբեր ռազմավարութիւնների մշակումը:
- Ցանցային դրւածքի լիարժէք օգտագործման կարելիութիւնների ուսումնասիրութիւնը:
- Համացանցային տարածքների վրայ համախմբումների առաջացումը:
- Սփիւռքի մարդուժի եւ կարողականութեան ցանկագրման եւ հաւաքագրման աշխատանքի կարեւորութիւնը:
- Երիտասարդութեան ուղղութեամբ թիրախային ծրագրեր մշակելու հրամայականը։
- Հայաստան, Արցախ եւ Սփիւռք կապերի ամրապնդման նոր հայեցակարգերի պատրաստութիւնը:
Վերոյիշեալ խնդիրների իրապաշտ, համապարփակ ու խորքային քննարկումը համարւեց, որպէս անհրաժեշտ մեկնակէտ՝ Սփիւռքի վերակազմակերպման գործընթացում։
բ) Խորհրդակցութիւնների երկրորդ հանդիպման՝ բացման Մեր խօսքով ընդգծեցինք հետեւեալ կէտերը.–
- Արդեօք Սփիւռքը պատրա՞ստ է վերակազմակերպւելու։
-Իրապաշտ արժեւորման անհրաժեշտութիւնը, որպէս մեկնակէտ հարցերի դիմագրաւման եւ լուծման եղանակների ճշտման։
- Սփիւռքի վերակազմակերպման աշխատանքների ծրագրաւորումի գործընթացի մշակումը։ Այս ծիրում յոյժ կարեւոր նկատւեց եկեղեցու եւ իր շուրջ գործող մարմինների, միութիւնների եւ աւանդական կառոյցների դերը։
- Նոր օրակարգերի ճշտման հրատապութիւնը, ի հարկին, կառոյց, համակարգ, մեթոդաբանութիւն եւ կանոնագրութիւններ բարեփոխելու սկզբունքը։
Ապա, քննարկումը կենտրոնացաւ երեք հիմնահարցերի վրայ, որպէս ուղենիշ հետագայ աշխատանքների.– հաւաքական արժէքներ, ինքնութիւն եւ մասնակցութիւն։
գ) Խորհրդակցութիւնների երրորդ հանդիպմանը իրենց մասնակցութիւնը բերեցին մի խումբ երիտասարդներ, որոնք գործօն դերակատարութիւն ունեն իրենց գաղութների կեանքում։
Առաջին հերթին մենք դրւատեցինք երիտասարդների դրական ներգրաււածութիւնը իրենց գաղութների կեանքում եւ նախանձախնդրութիւնը՝ գաղութների վերանորոգման, ընդգծելով, որ հասարակութիւնը չի կարող առաջադիմել առանց երիտասարդութեան, որովհետեւ երիտասարդութիւնը հասարակութեան աւիշն է ու ներկան՝ ո՛չ միայն ապագան։ Պարզեցինք Սփիւռքի դիմագրաւած մարտահրաւէրները եւ շեշտեցինք վերարժեւորման ու վերակազմակերպման աշխատանքների հրամայականը՝ երիտասարդների գործօն մասնակցութեամբ։ Նկատի ունենալով, որ Սփիւռքը թէ՛ Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով է առաջացել, եւ թէ՛ Հայաստանի տնտեսական տագնապից մղւած արտագաղթած հայորդիներից բաղկացած, յիշեցրեցինք, թէ Սփիւռքը մնայուն շարժման մէջ է։ Հետեւաբար, ճիշտ չէ ընդհանրական մօտեցումներով քննել եւ արժեւորել Սփիւռքը, միաժամանակ շեշտելով թէ՝ գաղութների միջեւ հասարակաց գիծը հայկական ինքնութիւնն ու պատկանելիութիւնն է։ Քաջալերեցինք, որ երիտասարդութիւնը հետեւողի կրաւորական դերից դուրս գայ, ու ինքն իրեն տեսնի մասնակցող գործօն դերի մէջ։ Վերջապէս, յիշեցրեցինք, որ առցանց այս խորհրդակցութեան նպատակն է լսել երիտասարդներին, իմանալ նրանց դժւարութիւնները, ակնկալութիւնները, եւ մանաւանդ նրանց տեսակէտները՝ համաշխարհայնացած աշխարհում ու անցանկապատ հասարակութեան մէջ մեր ինքնութիւնը առողջ պահելու միջոցների մասին։
Ապա, յաջորդաբար երիտասարդները անդրադարձան իրենց յուզող հարցերին։ Նրանք բարձրացրին մայրենի լեզւի օգտագործման նւազման եւ օտար լեզւամտածողութեան հարցը, ուղղագրութեան անբաւարար իմացութեան պատճառով առցանց հաղորդակցութեան մէջ լատինատառ գրելու հակումը, հասարակական ցանցերում Հայաստան-Սփիւռք յաճախ իրար չհասկանալու պատճառով իրար հակասելու երեւոյթը, օտար դպրոց յաճախելու անպատեհութիւնները, արհեստագիտութեան անբաւարար օգտագործումը, երիտասարդութեան մօտ ինքնաճանաչման վերաշեշտումը, Արցախեան վերջին պատերազմի պատճառով երիտասարդութեան մօտ յուսալքման հոգեվիճակը, ղեկավարութիւն-երիտասարդութիւն յարաբերութիւններին առնչւող խնդիրները եւ տնտեսական իրավիճակի հետեւանքով՝ գաղութը լքելու հարցը։ Յիշեալ նիւթերի քննարկումների լոյսի ներքոյ երիտասարդները նաեւ պարզեցին իրենց առաջարկները՝ կրթական, կազմակերպչական, արհեստագիտական եւ եկեղեցական ոլորտներին կապւած։ Լսելուց յետոյ մեր երիտասարդներին, մենք բարձր գնահատեցինք նրանց կառուցողական ներդրումը եւ շեշտեցինք, որ այսօր չենք կարող խուսափել համաշխարհայնացման մշակոյթից, սակայն այս իրողութեան դիմաց հարկ է կառչել մեր ինքնութեան, որ հիմնւած պէտք է լինի արժէքների եւ խարսխւած՝ իդէալների վրայ։ Անհրաժեշտ է մտածել այնպիսի հաւաքական արժէքների մի համակարգ առաջացնելու մասին, որ ո՛չ հեռացնի մեզ ներկայ հասարակութիւնից եւ ո՛չ էլ կղզիացնի, այլ իրար հարստացնող ներքին յարակցութիւն ստեղծի երկուսի միջեւ։
դ) Չորրորդ հանդիպումը յատկացւել էր տեղեկատւական ոլորտին։ Ընդհանուր գծերով պարզելուց յետոյ, տեղեկատւական ոլորտի կարեւորութիւնը Սփիւռքի վերակազմակերպման աշխատանքներում, մասնակիցներից իւրաքանչիւրը ներկայացրեց մասնագիտական մի զեկոյց եւ ապա տեղի ունեցաւ լայն քննարկում։ Լուսարձակի տակ առնւեցին մասնաւորաբար հետեւեալ կէտերը.–
- Տւեալների հաւաքագրումը խիստ կենսական է Սփիւռքի գոյքագրման եւ մասնագիտական մարդուժի ցուցակագրման աշխատանքի համար։
- «Չիփեր»-ի այսօրւայ արտադրութեան ճարտարագիտութիւնը հիմնւել է ծաւալի փոքրացման, բազմապատկւած տւեալների ներառման եւ արագութեան բազմապատկութեան սկզբունքներում։ Հայկական տեղեկագիտական գործօնը այս նոր ուղղութիւնը պէտք է նկատի ունենայ իր ցանցային աշխատանքները կազմակերպելու ընթացքում։
- Այսօրւայ աշխարհակարգը աշխատում է ապակենտրոն, ապամեկուսացւող եւ անվերջ նորացւող դրութիւններով։ Մեր աշխատանքներում հարկ է այս աշխատակարգը ու գործելաոճը նկատի ունենալ՝ յատկապէս մեր դասական կառոյցներից դուրս գտնւող զանգւածների հետ կապ հաստատելու համար։
ե) Հինգերորդ հանդիպման նպատակն էր ամփոփել ցարդ կատարւած քննարկումների հիմնական մտքերը եւ գործնական մօտեցմամբ ճշտել առաջիկայ քայլերը։ Մեր թելադրութեամբ նկատի առնւեց առանցքային երեք ուղղութիւններ.– ախտաճանաչում, հակազդեցութիւն ու գործընթաց։ Ապա պարզեցինք այն յատկանշական երեւոյթները ու կատարւած առաջարկները՝ քաղւած թէ՛ առցանց հանդիպումներից եւ թէ՛ ընդհանրապէս Սփիւռքի տարւայ առիթով գրւած յօդւածներից։ Յիշեցրեցինք, որ Սփիւռքը ներկայ գոյավիճակից դուրս բերելու հրամայականը դարձել է հաւաքական մտահոգութիւն ու գոյութենական խնդիր։ Յստակօրէն նշմարելի է երիտասարդութեան մօտեցումը, որ անյետաձգելի կը նկատի Սփիւռքի վերակազմակերպումը, այլապէս, կարող է աւելի խորանալ անջրպետը երիտասարդութեան եւ սփիւռքահայ կեանքի միջեւ։ Ընդգծեցինք նաեւ, որ Սփիւռքի տարւայ նպատակը մի ակադեմական ուսումնասիրութիւն պատրաստելը չէ, այլ՝ տարբեր ոլորտների վերարժեւորման ու վերանորոգման աշխատանքների համար շօշափելի տւեալների վրայ հիմնւած ծրագիր մշակել ու գործընթաց ճշտելն է։
զ) Ազգային Ընդհ. ժողովին ուղղած մեր պատգամում, ինչպէս նաեւ ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ու Քաղաքական ժողովների տեղեկագրերում լայն տեղ էր յատկացւել Սփիւռքի վերակազմակերպմանը։ Ժողովը իր հերթին առանձին նիստով ու լայն քննարկումով շեշտեց Սփիւռքի վերակազմակերպման յոյժ կարեւորութիւնը եւ այդ գործընթացին սկիզբ տալու անհրաժեշտութիւնը՝ մասնաւորաբար թեմերի կողմից։
Արդարեւ, Սփիւռքի տարւայ առիթով տեղի ունեցած քննարկումները, գրաւոր թէ առցանց, պարզեցին հասարակաց նո՛յն մտահոգութիւնները՝ թէ Սփիւռքը հայօրէն արագ նւազման ընթացքի մէջ է, մեր կառոյցները սկսել են կորցնել իրենց այժմէականութիւնը, եւ հետեւաբար, անհրաժեշտ է Սփիւռքի վերակենսաւորումը մեր կեանքը շրջապատող ներկայ պայմանների ու իրականութիւնների լոյսի տակ։ Արդարեւ, յատկապէս անցնող տարւայ ընթացքում այս բոլորին ականատես ու ականջալուր լինելուց յետոյ, եկանք այն համոզման, թէ Սփիւռքի գծով արտայայտւած հաւաքական մտահոգութիւնը այնքան խորն է, եւ կատարւելիք աշխատանքի ծաւալը այնքան մեծ ու նրա յստակեցումը՝ այնքան էական, որ կարելի չէ այս բոլորը խտացնել մէկ տարւայ ժամանակամիջոցում։ Հետեւաբար, անհրաժեշտ է այս ուղղութեամբ կատարւող քննարկումները շարունակել, մասնակցութեամբ թեմական ու համայնքային ներկայացուցիչների, մտաւորականների, կառոյցների պատասխանատուների ու զանազան ոլորտների մասնագէտների՝ քննարկումներից դէպի վերակազմակերպում ուղղւելու հեռանկարով։

ԻՆՉՊԷ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ԻՆՔՆԱՔՆՆՈՒԹԻՆԻՑ ՈՒՂՂՒԵԼ
ԴԷՊԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
Սփիւռքի վերակազմակերպման պահանջը փաստօրէն դարձել է անյետաձգելի մտահոգութիւն։ Սփիւռքի ներկայ վիճակի երկարաձգումը նշանակում է Սփիւռքի գունաթափումը, կազմալուծումը ու քայքայումը։ Անհրաժեշտ է հաւաքական ճիգով Սփիւռքի նոր կենսունակութիւն ներարկել՝ այն դարձնելով համահունչ ներկայ աշխարհի իրականութիւններին ու մարտահրաւէրներին։ Բնականաբար սա դիւրին ու հեզասահ աշխատանք չէ։ Այսօր Սփիւռքը ներկայացնում է զանազանութիւնների, հակասութիւնների ու անորոշութիւնների խայտաբղէտ մի պատկեր։ Հետեւաբար, Սփիւռքի նկատմամբ չի կարելի միաձեւ ու միանւագ մօտեցումներ որդեգրել։ Գաղութները ապրում են տարբեր միջավայրերում. իրենց ներքին դրւածքները տարբեր են. կազմակերպչական տարբեր դրութիւններով են ղեկավարւում ու տարբեր ազդեցութիւնների են ենթակայ։ Այլ խօսքով, մեր հաւաքական մտահոգութիւնը, նախանձախնդրութիւնը ու յանձնառութիւնը չեն ենթադրում անպայման հաւաքական գործընթացի եւ օրակարգի ճշտում։ Հարկ է նկատի ունենալ իւրաքանչիւր գաղութ կամ թեմ իր իւրայատկութիւններով, կարիքներով ու առաջնահերթութիւններով, բնականաբար, մեկնելով հաւաքական սկզբունքներից ու նպատակներից։ Մեր հայեցակէտով, յատկապէս հետեւեալ սկզբունքները ու նպատակները պէտք է դառնան առաջնորդող ուղեգիծը ու մղիչ ուժը Սփիւռքի վերակազմակերպման.–
- Վերարժեւորման ենթարկել Սփիւռքում ապրող հայի ինքնաճանաչումը՝ համաշխարհայնացած մշակոյթի լոյսի ներքոյ։
- Հայ կեանքում առանցքային դերակատարութիւն ունեցող եկեղեցու բարեկարգումը համարել առաջնային՝ այն պատշաճեցնելով ներկայ ժամանակների ու որոշ չափով միջավայրի իւրայատկութիւններին ու պայմաններին։
- Մեր համայնքներում գործող կազմակերպութիւնների ինքնաքննութիւնը եւ գործունէութեան վերարժեւորումը կատարել նոր հրամայականների լոյսի ներքոյ։
- Մեր կառոյցներից եւ ընդհանրապէս հայ կեանքից հետզհետէ հեռացող հայ երիտասարդութեան կեանքում ներգրաւումը ապահովել երկխօսութեան միջոցով։
- Հայ կեանքի բոլոր բնագաւառներում ու բոլոր մակարդակներում կնոջ աւելի լայն ու գործօն դերակատարութիւնը երաշխաւորել։
- Համայնքի կեանքի տաբեր ոլորտներում մասնագէտների ներդրումը դարձնել աւելի աշխոյժ ու հետեւողական։

ԹԵՄԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
Սփիւռքի վերակազմակերպման մէջ կենտրոնական տեղ են գրաւում թեմերը։ 2022 Սփիւռքի տարւայ մեր Հռչակագրում անդրադառնալով թեմերի վերակազմակերպման, նշեցինք՝ «Աւանդական Սփիւռքի կեանքը կազմակերպւել է եկեղեցու շուրջ։ Իւրաքանչիւր գաղութ եկեղեցին համարում է իր հաւաքական կեանքի կենտրոնը եւ նրա շուրջ հիմնած տարբեր ոլորտներին առնչւող իր հաստատութիւնները։ Փաստօրէն եկեղեցին չի կարող քայլ պահել կեանքի յարափոփոխ պայմանների հետ։ Եկեղեցու բարեկարգումը հրամայական է։ Եկեղեցի-ժողովուրդ յարաբերութիւնը նոր որակ ու ոճ պէտք է ստանայ ու եկեղեցին դառնայ ծառայական ներկայութիւն ժողովրդի կեանքում։ Ուստի, նկատի ունենալով եկեղեցու առանցքային դերը մի գաղութի կեանքում, գաղութի վերակազմակերպումը հարկ է, որ սկսի թեմական կեանքից»։
Այս համոզումից մեկնած, թելադրում ենք որդեգրել հետեւեալ մօտեցումը ու գործընթացը .–
1- Նպատակ։ Կատարւելիք աշխատանքը հարկ է ըմբռնել վարչակազմակերպչական վերակազմակերպումից այն կողմ՝ որպէս վերանորոգում ու վերաշխուժացում եկեղեցու կեանքում ու վկայութեան, ծառայութեան ու առաքելութեան նոր հրամայականների լոյսի ներքոյ։
2- Մօտեցում։ Անհրաժեշտ է մի կողմից նկատի ունենալ մեր եկեղեցու աւանդութիւններն ու ուսուցումները, եւ միւս կողմից՝ տեղական իւրայատուկ պայմանները։ Թեմական նեղ սահմաններում չպէտք է կատարւի յիշեալ աշխատանքը, այլ՝ համագաղութային մասշտաբով, նկատի ունենալով նաեւ քոյր կազմակերպութիւնների տեսակէտը եւ սպասումը։ Պատրաստւելիք ծրագիրը պէտք է լինի իրապաշտ, հեռու՝ տեսական, պատահական ու ժամանակավրէպ մօտեցումներից։
3- Մասնակիցներ։ Առաջնորդ Սրբազանի նախագահութեամբ սպասելի է, որ ներկայ աշխատանքին գործնապէս մասնակից դառնան Ազգ. վարչութիւնը, յարակից մարմինները, հոգեւոր դասը, մասնագէտներ, երիտասարդներ, զանազան կառոյցների պատասխանատուներ։ Բնականաբար, իւրաքանչիւր թեմ իր հայեցողութեամբ կը ճշտի աշխատանքի ընթացքը ու մեթոդը։
4 - Գործադրութիւն։ Իւրաքանչիւր թեմի կողմից պատրաստւելիք ծրագիրը հարկ է մշակել որպէս գործադրելի ուղեգիծ եւ ոչ թէ որպէս սոսկ ուսումնասիրութիւն։ Ծրագրի գործադրութիւնը հարկ է, որ կատարւի հանգրւանային ընթացքով։
5- Վերակազմակերպման ենթակայ կառոյցներ ու միաւորներ.-
ա.- Ծուխ։ Ծուխը հիմքն է կազմում եկեղեցու կեանքին ու առաքելութեան եւ այս պարագայում՝ թեմի։ Թեմը կազմակերպել նշանակում է նախ ծուխը կազմակերպել։ Ծուխը պէտք է դառնայ աշխատանքների կիզակէտը։ Այս նպատակը իրագործելու համար.–
Առաջին, յատուկ կարեւորութիւն պէտք է տրւի հոգեւոր հովիւին։ Արդարեւ, հոգե-մտաւոր զարգացում ու կոչումի գիտակցութիւն ունեցող եւ իր հօտի հետ մնայուն կապ պահող հոգեւոր հովիւը առանցքային դեր կարող է ունենալ ծուխի վերակազմակերպման, ծաւալման ու աշխուժացման մէջ։ Հոգեւոր հովիւի քարոզները պէտք է լինեն ամփոփ ու այժմէական։ Հոգեւոր հովիւը կոչւել է ճիշտ կերպով ու առաւելագոյն չափով օգտագործել հասարակական ցանցը, ժողովրդի հետ կենդանի կապ պահելու համար։ Այս ծիրում Սուրբ Գրային խորհրդածութիւնները, սրբերի եւ տօների մասին ամփոփ տեղեկութիւնների, ինչպէս նաեւ ազգ. առաջնորդարանի ու մեր Սուրբ Աթոռին առնչւող գլխաւոր լուրերի փոխանցումը ծուխի ժողովրդին անհրաժեշտ ենք համարում։ Տնօրհնէքը, զանազան առիթներով ընտանիքներին այցելութիւնը, եկեղեցու սրահում կազմակերպւելիք հաւաքները եւս մեծապէս նպաստում են եկեղեցի-ժողովուրդ առաւել մերձեցման։ Հոգեւոր հովիւը յատուկ ուշադրութիւն պէտք է դարձնի Դպրաց դասի կազմակերպման ու ընդհանրապէս ծիսակատարման։ Անհրաժեշտ է, որ Առաջնորդ Սրբազանը մօտկից հետամուտ լինի հոգեւոր հովիւի գործունէութեանը։ Հոգեւոր դասի յատուկ հաւաքների կազմակերպումը, հոգեւոր հովիւների աշխատանքի յատուկ ուղեգծի ճշտումը, պարբերաբար հովիւների այլ ծուխեր տեղափոխութիւնը կարող է դրական դեր ունենալ ծուխերի եւ ընդհանրապէս թեմի կեանքի ու առաքելութեան աշխուժացման մէջ։
Երկրորդ, հոգեւոր հովիւի կողքին, հոգաբարձութիւնը եւս կարեւոր դեր ունի կատարելիք ծուխի հզօրացման համար։ Հետեւողական ճիգ պէտք է թափել երիտասարդացնելու հոգաբարձական կազմերը՝ նւիրեալ ու աշխատունակ անձեր պաշտօնի կոչելով։ Հոգաբարձական կազմերում կանանց ներկայութիւնը կենսական է։ Հոգաբարձութիւնը, Առաջնորդ Սրբազանի հետ խորհրդակցաբար, պէտք է մօտկից հետեւի հոգեւոր հովիւի աշխատանքներին։ Հոգեւոր հովիւը հարկ է, որ նախագահի հոգաբարձութեան ժողովներին ու մասնակից դառնայ ճշտւած ծրագրերի իրագործմանը։
Երրորդ, ներդաշնակ ու սերտ գործակցութիւնը ծուխի եւ ազգ. առաջնորդարանի միջեւ հրամայական է։ Թեմը ծուխերի ամբողջութիւնն է։ Ծուխը համարատու է Առաջնորդ Սրբազանին ու ազգ. վարչութեան։ Այս շրջագծում, անհրաժեշտ է մէկ կողմից՝ ամուր պահել համարատւութիւնը ազգ. առաջնորդարանի նկատմամբ, եւ միւս կողմից՝ յարգել որոշ սահմաններում ծուխի ներքին ազատութիւնը, նկատի ունենալով երբեմն ծուխերի ունեցած աշխարհագրական հեռաւորութիւնը եւ տարբեր պայմանները։
6- Վերաշխուժացման կարօտ ոլորտներ.-
ա.- Քրիստոնէական դաստիարակութիւն։ Հարկ է, որ յատուկ կարեւորութիւն տրւի քրիստոնէական դաստիարակութեան թէ՛ թեմական, եւ թէ՛ ծխային մակարդակներում։ Բնականաբար, ծրագրման ու աշխատանքի կենտրոնը պէտք է լինի ազգ. առաջնորդարանը։ Սակայն ներդաշնակութիւնը պէտք է ստեղծւի ազգ. առաջնորդարանի ու ծուխի միջեւ՝ բնականաբար միշտ նկատի ունենալով տեղական պայմանները։ Ժողովրդական հրատարակութիւնները (աղօթք, սուրբերի կեանք, աստւածաշնչական խորհրդածութիւն, եւլն.) համարում ենք կարեւոր։ Սուրբ Գրոց սերտողութիւնը անհրաժեշտ է նոր մեթոդներով կատարել, ինչպէս նաեւ յատուկ տեղ տալ մեր եկեղեցու սուրբերին, աւանդութիւններին, դաւանական ու բարոյական ուսուցումներին եւ ներկայ հասարակութեան հետ կապ ունեցող հասարակա-բարոյական հարցերին։ Կիրակնօրեայ դպրոցների վերակազմակերպումը ու դրանց գործունէութեան ծաւալումը, մեր դպրոցներում կրօնագիտական նիւթերի դասաւանդումը ու բարոյախօսական պահերի հաստատումը համարում ենք խիստ հրամայական՝ մեր նոր սերունդների քրիստոնէական ու հայեցի կազմաւորման իմաստով։
բ.- Հասարակական ծառայութիւն։ Հասարակական ծառայութիւնը մեր եկեղեցու առաքելութեան կարեւոր տարածքներից մէկն է։ Այս աշխատանքը առաւելաբար ուղղւած կարող է լինել մարդասիրական բնոյթ ունեցող պարագաների, հիւանդների, բանտարկեալների եւ կամ նոր հաստատւած ընտանիքների։ Եկեղեցին պէտք է միշտ պատրաստ լինի իր խնամքին յանձնւած հօտի հասարակական զանազան կարիքների առաւելագոյն չափով օգտակար լինելու։ Այս շրջագծում, հոգեւոր հայրերի կողմից հիւանդանոցների ու ծերանոցների հետեւողական այցելութիւնը կենսական է։
գ.- Երիտասարդութիւն։ Մեր եկեղեցու շուրջ երիտասարդութեան համախմբելը առաջնահերթութիւն է։ Այս ուղղութեամբ յատուկ ծրագրեր են պէտք, որ պատրաստւեն եւ ազգ. առաջնորդարանի եւ ծուխերի կողմից համադրւած կերպով իրականացւեն՝ երիտասարդների մասնակցութեամբ։ Երիտասարդ տարրեր պէտք է նշանակել թեմական բոլոր մարմիններում։ Պէտք է երկխօսութիւն ստեղծել երիտասարդութեան հետ ու վստահել նրանց՝ փոխանակ նրանց հեռու պահել մեր կառոյցներից ու ընդհանրապէս մեր հաւաքական կեանքից։
դ.- Միջեկեղեցական եւ միջկրօնական յարաբերութիւն։ Ներկայ աշխարհում միջեկեղեցական եւ միջկրօնական յարաբերութիւնը դարձել է անհրաժեշտութիւն։ Գրեթէ բոլոր թեմերում գտնւում են քրիստոնեայ եւ այլ կրօնների պատկանող համայնքներ ու կազմակերպութիւններ։ Հետեւաբար, կարեւոր ենք համարում նրանց հետ թեմի յարաբերութիւնը։ Փոխադարձ այցելութիւնները ու կարեւոր ձեռնարկների մասնակցութիւնը մեծապէս կը նպաստեն յարաբերութեան ամրապնդմանը։
7- Գործակցութիւն Հայ Կաթողիկէ եւ Հայ Աւետարանական եկեղեցիների հետ։ Մեր Սուրբ Աթոռը միշտ դրական գործակցութիւն է ունեցել մեր ազգի անբաժան մասը համարւող եւ մեր համայնական կեանքում գործող ու ծառայող Հայ Կաթողիկէ եւ Հայ Աւետարանական եկեղեցիների հետ։ Նոյն ոգով գործակցութիւնը ներդաշնակ ու համադրւած կերպով անհրաժեշտ է, որ շարունակւի ծխային թէ թեմական ծիրում՝ մասնաւորաբար համահայկական ու ներգաղութային ընդհանրական խնդիրների շուրջ։
8 - Գործակցութիւն քոյր կազմակերպութիւնների հետ։ Թեմերում գործող կազմակերպութիւնների հետ գործակցութիւնը հրամայական է։ Թեմը գաղութից անկախ մի միաւոր չէ. թեմը ժողովուրդն է։ Հետեւաբար, ժողովրդի կեանքում ծառայող կազմակերպութիւնների հետ ազգ. առաջնորդարանի՝ թեմական մակարդակի վրայ, եւ ծուխի՝ ծխային մակարդակի վրայ, սերտ գործակցութիւնը մեծապէս կարող է նպաստել գաղութի վերակազմակերպմանը։ Այս հեռանկարով թելադրելի է, որ թեմի վերակազմակերպչական աշխատանքներին մասնակից դառնան նաեւ քոյր կազմակերպութիւնները։
9- Վարչակազմակերպչական։ Շրջանների պայմանների համաձայն հաստատել նոր ծուխեր եւ անհրաժեշտութեան պարագայում մեծ ծուխերը ներքին բաժանումների ենթարկել։ Ի հարկին ստեղծել առաջնորդական փոխանորդութիւններ թէ՛ հեռաւոր շրջանների յատուկ, եւ թէ՛ առաջնորդարանում՝ յատուկ առաքելութիւն յանձնելով փոխանորդին։ Ազգ. վարչութիւնը իր կողքին պէտք է ունենայ կրթական, տնտեսական ու կալւածական եւ ի պահանջ հարկին այլ մասնագիտական յանձնախմբեր, որպէսզի իր աշխատանքը լինի աւելի կազմակերպ ու համապարփակ։
10- Կանոնագրային։ Հակառակ այն իրողութեան, որ թեմերի կանոնագրութիւնները ենթակայ են մնայուն բարեփոխութեան, այդուհանդերձ նրանք կարիքը ունեն իրապաշտ մօտեցումով վերանայման, նկատի ունենալով թէ՛ թեմերում, եւ թէ՛ շրջապատում տեղի ունեցող արագ փոփոխութիւնները։

Ահաւասիկ, ընդհանուր գծերով մեր պատկերացումը թեմերում կատարւելիք վերակազմակերպչական աշխատանքների գծով։ Ներկայ տարւայ ընթացքում յաջորդաբար կայցելենք մեր թեմերը, եւ նախապէս ճշտւած օրակարգի համաձայն՝ աշխատանքային հանդիպումներ կունենանք Առաջնորդ Սրբազանների, հոգեւոր դասի ու ազգ. իշխանութիւնների հետ։

Յաջորդող տարի թեմերի պատասխանատու մարմինները կայցելեն Անթիլիասի Մայրավանք եւ իրենց աշխատանքների մասին կը զեկուցեն մեզ ու Ազգ. Կենտրոնական վարչութեան խառն ժողովին։ Քննարկման, խորհրդակցութեան ու ծրագրման աշխատանքներին կը յաջորդի գործադրման գործընթացը։ Նշեալ ծրագրի իրականացումը մեր Սուրբ Աթոռի ժամանակակից պատմութեան մէջ մեծ իրագործում կը լինի, ինչպէս նաեւ ազդանշանը ու ուղենիշը կը դառնայ ողջ Սփիւռքի վերակազմակերպման։ Արդ, մեր դիմաց գտնւում է իրագործելի հսկայ ու անյետաձգելի մի աշխատանք, որին, Աստծոյ օրհնութեամբ, մեր թեմերը կոչւել են լծւելու հաւաքական ճիգով եւ պատասխանատու ոգով ու բարձրագոյն աստիճանի նւիրումով՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ամբողջական զօրակցութեամբ։

Ձեզ մաղթում ենք յաջողութիւն։

Հայրական ջերմ սիրով,
Աղօթարար՝

ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

1 յունւարի, 2023
Անթիլիաս, Լիբանան

(Արեւելահայերէնի վերածւած)

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 07 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Երկուշաբթի 09 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երեքշաբթի 10 Դեկտեմբերի 2024;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 21 Դեկտեմբերի 2024;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Երկուշաբթի 23 Դեկտեմբերի 2024;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երեքշաբթի 24 Դեկտեմբերի 2024;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Հինգշաբթի 26 Դեկտեմբերի 2024;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Շաբաթ 28 Դեկտեմբերի 2024;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 27 Նոյեմբերի 2024;
Պահք ԱԹեսաղունիկեցիս 2։1-12,Ղուկաս 12։41-48

Հինգշաբթի 28 Նոյեմբերի 2024;
Տօն՝ Սրբոցն Կղեմայ հայրապետին եւ Բագարատայ Տոռոմենոյ եպիսկոպոսին

Ուրբաթ 29 Նոյեմբերի 2024;
Ա Թեասղոընիկեցիս2։17-19,Ղուկաս 12։49-59

Շաբաթ 30 Նոյեմբերի 2024;
Տօն սրբոց առաքելոցն եւ առաջին լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարդուղիմէոսի

Կիրակի 01 Դեկտեմբերի 2024;
Բ. կիր. Յիսնակի Եսայի 36.22-37.11։ Ա Թեսաղոնիկեցիներ 4.1-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 13.1-9։

Երկուշաբթի 02 Դեկտեմբերի 2024;
Սրբոցն Գենարիոսի եպիսկոպոսին եւ Մերկերիոսի զինաւորին, Յակովկայ եւ Իրաւափառայ

Երեքշաբթի 03 Դեկտեմբերի 2024;
Պահք: Սրբոցն Մինասայ, Երմոգինեայ, Գրաբոսի եւ կամաւոր աղքատացն` Յովհաննու եւ Աղէքսիանոսի

Չորեքշաբթի 04 Դեկտեմբերի 2024;
պահք,Ա Թեսաղունիկեցիս 5։1-11,Ղուկաս 13։10-17

Հինգշաբթի 05 Դեկտեմբերի 2024;
Սրբոց հարցն եգիպտացւոց` Պօղոսի, Պօղայ, Մակարայ, Եւագրի, Յովհաննու Գբնեցւոյն, Յովհաննու Կարճահասակին, Նեղոսի, Արսէնի, Սիսիանու, Դանիէլի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմէնի եւ այլոց սրբոց հարցն

Ուրբաթ 06 Դեկտեմբերի 2024;
Ա Թեսաղոնիկեցիներ 5.12-28։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 14.1-11։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ