Աւելի քան 50 տոննա օգնութիւնը Սիւնիք է հասել:
Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանի եւ Ռոբերտ Բեգլարեանի ջանքերով, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանիի անվերապահ աջակցութեամբ եւ Իրանի Կարմիր Մահիկ կազմակերպութեան համագործակցութեամբ, տեղահանւած եւ հայրենազրկւած արցախահայութեանն աջակցելու նպատակով Իրանի մարդասիրական աւելի քան 50 տոննա օգնութիւնը հասել է Սիւնիք:
Սիւնիքում բեռնատարներին դիմաւորել են ՀՀ-ում Իրանի դեսպանը, Իրանի դեսպանութեան պետական պաշտօնեաներ, Սիւնիքում Իրանի գլխաւոր հիւպատոս Մորթեզա Աբեդինիվարամինիեւ հիւպատոսարանի պատասխանատուներ: Յատկանշական է նաեւ, որ Իրանի դեսպանը հանդիպել է բռնի տեղահանւած Արցախի մեր հայրենակիցներին:
Նշենք, որ աշխատանքը կազմակերպելու նպատակով Թեհրանում, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը երկուշաբթի, հոկտեմբերի 2-ի երեկոյեան հանդիպում են ունեցել Իրանի Կարմիր Մահիկ կազմակերպութեան տնօրէն Փիրհոսէյն Քոլիվանդի հետ: Հանդիպման ընթացքում Արա Շահվերդեանն ու Նորայր Արամեանն իրենց գնահատանքի եւ երախտիքի խօսքն են ուղղել տնօրէնին, եւ անդրադառնալով արցախահայութեան ճգնաժամային պայմաններին, խօսել են յաւելեալ օգնութիւններ յատկացնելու անհրաժեշտութեան մասին: Քննարկւել է նաեւ, որ իրանահայութեան եւ ազգային իշխանութիւնների կողմից հաւաքւող օգնութիւնները եւս Կարմիր Մահիկի համագործակցութեամբ ուղարկւեն Հայաստան: Կարմիր Մահիկի կողմից առաջարկւել է նաեւ, որ իրենց կողմից արտադրւող ադիալները, որոնք շատ մատչելի են ներառւեն օգնութիւնների մէջ: Յատկանշական է, որ հանդիպմանը, պէտք է ներկայ լինէր նաեւ Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, սակայն Նոր Ջուղայում ի զօրակցութիւն Արցախի կազմակերպւած համայնքային հաւաքին ներկայ լինելու պատճառով, պատգամաւորը բացակայ էր Կարմիր Մահիկ կազմակերպութեան տնօրէնի հետ հանդիպմանը:
Լուրը՝ «Ալիք»-ից