Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՊՐԻԼԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Այս օրերին, ամբողջ Հայ աշխարհը մի անգամ եւս բռնկւած է Հայոց Ցեղասպանութեան աւելի քան մէկ ու կէս միլիոն զորհերի յիշատակով եւ ոգիով: Պատմութեան մէջ թւականներ կան, որոնք անջնջելի հետք են թողնում ժողովրդի յիշողութեան վրայ: Եւ Հայոց Ցեղասպանութեան յիշատակի ոգեկոչումը Հայոց Պատմութեան այդ թւականներից է:

109 տարիներ ի վեր ոգեկոչում ենք եւ միաժամանակ ուխտում ենք հաւատարիմ մնալ մեր նահատակների յիշատակին: Այսօր եւս մեր ժողովուրդը ամենուրէք ապրում է եւ գործում է իր նահատակների յիշատակով: Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչումը պարտաւորիչ եւ յանձնառու թւական է, որովհետեւ մեր նահատակների ոգեկոչումը կարելի չէ պարփակել տարւայ մէկ օրւայ կամ մէկ շաբթւայ մէջ: Տարւայ 365 օրը մեզ համար լինելու է ո՛չ միայն ողբի եւ կոծի օր, այլ՝ ուխտի օր: Եւ մենք տարւայ իւրաքանչիւր օրը պէտք է այդ ոգիով եւ հոգով գործենք: Ինչպէ՛ս կարելի է մոռանալ Սիամանթոյի այն սքանչելի յուշագրութիւն-բանաստեղծութիւնը, որ կասէ. «Աւա՜ղ, ապարանքի մը պէս մեծ էիր եւ շքեղ, ու ես երդիքներուդ սպիտակ կատարէն, աստղածորան գիշերներու յոյսին հետ, վարէն, ահեղավազ Եփրատին կ'ունկնդրէի...»: Կամ ինչպէ՛ս չվերյիշել Դանիէլ Վարուժանի այն հիասքանչ խօսքը, որ կասէ. «Սերմանողն է: Յաղթահասակ կը կանգնի մայրամուտին շողերուն մէջ ոսկեթոյր: Ոտքին առջեւ անդաստաններն Հայրենի կը տարածեն մերկութիւննին անպարոյր»: Այո՛, հայ ձեռքը սերմերը ցանեց, բայց դժբախտաբար, անգութ թշնամին չթողեց որ Հայը հասունցած հասկերը քաղէ եւ վերածէ սրբազան ալիւրի եւ նշխարի՝ մատուցելու համար Տիրոջ սուրբ խորանին: Ինչպէ՛ս մոռանալ հազարաւոր անմեղ մանուկների ճիչը. ես կը հաւատամ, թէ այդ ճիչը մինչեւ այսօր կը թրթռայ ամէն հայու ականջի մէջ... ինչպէ՛ս նայել Եփրատի եւ Տիգրիսի ջրերին, որոնց յատակը մեր նահատակների ոսկորների կանչը կայ: Ինչպէ՛ս մի պահ կանգ չառնել եւ չմտածել Հայոց կորուսեալ դրախտին մասին, որի իւրաքանչիւր քարը, հողին շերտը մեր յիշողութեան կենդանի պատմութի՛ւն ու վկայութի՛ւն է: Այս բոլորը կարելի չէ մոռանալ, եւ սակայն ի տես այս բոլորին, մենք յանձնառու ենք այդ անմեղ զոհերի յիշատակը մեր կեանքով ապրելու եւ ապրեցնելու:

Դժբախտաբար, այսօրւայ մեր պատմական հայրենիքի մէկ փոքր մասը թշնամու ճիրաններու վտանգին մէջ է: Վերջին հարիւր տարւայ մեր ժողովրդի արիւնով կերտուած Հայաստանի Հանրապետութիւնը, այսօր կարծէք առ ու ծախի առարկայ է նոյնինք Հայաստանի Հանրապետութեան իշխանաւորներին կողմից՝ յագուրդ տալով նրանց ախորժակներին: Այո՛, մենք որպէս ժողովուրդ եւ ժառանգորդները Հայոց Ցեղասպանութեան զոհ գնացած աւելի քան մէկ ու կէս միլիոն սրբազան նահատակներին, ո՛չ միայն չենք կարող մոռանալ նրանց յիշատակը, այլ ուխտում ենք հաւատարմօրէն շարունակել մեր կեանքի գոյապայքարը: Գոյապայքար յանուն մեր հաւատքի, յանուն մեր մեսրոպակերտ լեզւի, յանուն հարուստ մշակոյթի, յանուն պատմութեան պահպանման, յանուն Հայրենիքի, ամբողջական Հայրենիքի:

Քանի օր անց պիտի ոգեկոչենք յիշատակը Հայոց Ցեղասպանութեան զոհ գնացած մեր մէկ ու կէս միլիոն նահատակների: Արդարեւ, այսօր մեր հայրենիքն ու ժողովուրդը ապրում են մեր արդի պատմութեան ամենավատ ու անորոշ մի ժամանկահատւածում: Մեր պատմական Հայրենիքին մնացած փոքր տարածքը նաեւ վտանգի տակ է, դժբախտաբար: Ու մեր ժողովուրդը անտարբերութեամբ կը դիտէ պատմութեան այս տխուր ժամանակամիջոցը:

Ո՞ր ժողովուրդը իր կամքով իր հայրենիքը կը յանձնէ իր թշնամուն: Հայրենիք, որի հողով, ջրով, բնութեամբ ու շնչով մեր ժողովուրդը, մեր հայրերը ստեղծագործեցին: Ո՞վ է իրաւունք տւել որեւէ մէկին իր հայրենի հողը «նւէր բաժնելու» իր թշնամուն: Չէ՞ որ միլիոնաւոր անմեղ նահատակների արեամբ թաթախւած է Հայ հողը: Մանաւանդ վերջին շրջանի երեսուն տարիներին մեր հայրենի հողը՝ մեր չքնաղ Արցախը դարձեալ թշնամու «Ձիերի Սմբակների ներքեւ» է տրորւում: Այո՛, ո՞վ հաշիւ պիտի տայ պատմութեանը, մեր անմահանուն եւ անզուգական ֆեդայիներին եւ բաց երկինքի տակ իրենց հոգին աւանդած մեր ժողովրդի անմեղ զաւակներին: Այս բոլորը մեր պարտականութիւնն է: Մենք պիտի յիշեցնենք պատմութեան եւ մեր գալիք սերունդներին, որ մենք պահանջատէր ենք եւ հետամուտ ենք մեր սրբադասւած նահատակների արեան կանչի արդար դատի իրականացման:

Քրիստոնէական մեր կրօնն ու կրօնական հաւատքը մեզ ո՛չ միայն զօրացնում են մեր քրիստոնէական ինքնուրոյնութեան մէջ, այլեւ մղում են արդար պայքարի յանուն մեր իրաւունքների ձեռքբերման:

ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ