Երեխայի համար ամենաապահով վայրը Յիսուս Քրիստոսին մօտ լինելն ու նրան ճանաչելն է, չէ՞ որ հէնց նա ասաց. «թողէ՛ք, որ մանուկներն ինձ մօտ գան, արգելք մի՛ եղէք նրանց ...» (Մարկոս 10.14):
Այս մտայղացումով ուրբաթ, յունիսի 10-ին, բարձր հովանաւորութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի և նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի, Ս. Թարգմանչաց եկեղեցում տեղի ունեցաւ մանուկների օրհնութեան արարողութիւնը՝ մասնակցութեամբ 2015 թւի ծնեալ 53 մանուկների և իրենց ծնողների:
Արարողութիւնը գլխաւորում էր Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, ընկերակցութեամբ՝ Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի և եկեղեցու քահանայ հայրերի՝ Արժանապատիւ Տ. Կոմիտաս Ղարախանեանի, Տ. Յակոբ Քէշիշեանի և Տ. Խաչատուր Յարութիւնեանի:
Օրհնութեան արարողութիւնից յետոյ արտայայտւեց Առաջնորդ Սրբազան հայրը: Նա ասաց. «Մեր մանուկները, մեր ծնողների լոյսն են և յոյսը և ծնողները այնքան են տարւում նրանց գուրգուրանքով և սիրով, որ չեն զգում իրենց կեանքի անցումը: Ես ենթադրում եմ մանուկների օրհնութեան կարգը Քրիստոնէական եկեղեցու ամենանւիրական կարգերից է և ինչ գեղեցիկ է Աստծու տաճարում մեծանալ, որովհետև Աստծու տաճարն այն վայրն է, որ մարդ մշտատևօրէն զգում է Աստծու ներկայութիւնը: Աստծու ներկայութիւնը զգալ՝ նշանակում է վայելել Տիրոջ:
Առաջնորդ Սրբազան հայրն իր խօսքը ծնողներին ուղղելով՝ ասաց. «Ես գնահատում եմ Ձեզ, որ ձեր երեխաներին այստեղ էք բերել, որպէսզի արժանանան Աստծու օրհնութեանը և սրտանց աղօթում եմ, որ Աստծու հովանին անպակաս լինի Ձեր մանուկներից և նրանք էլ ձեր հովանաւորութեամբ, Աստծու շնորհքով մեծանանան: Դուք մեծ պատասխանատւութիւն ունէք, որ այս երեխաներին մեծացնէք Աստծու վախով, մեր եկեղեցու և մեր ազգի դաստիարակութեամբ, որովհետև սրանք լինելու են մեզ փոխարինողները և մեր ազգի ապագան: Իմ մաղթանքն է, որ Աստծով ձեր կեանքը երկար լինի և յաջորդ տարի ներկայ լինէք ձեր երկրորդ երեխայով: Մեր պարտականութիւնն է մեր տները, եկեղեցիները և միութիւնները շէնացնենք մեր մանուկների ներկայութեամբ, թող Աստւած իր շնորհքը, սէրը և խաղաղութիւնը պարգևի ձեզ և ձեր երեխաներին, որպէսզի այդ օրհնութեամբ մեծանաք և մեծացնէք ձեր զաւակներին»:
Սրբազան Հօր արտայայտութիւններից յետոյ ներկայ մանուկները Սրբազան Հօր ձեռամբ ստացան օրհնած խաչեր, որից յետոյ ներկաները հրաւիրւեցին «Նայիրի» սրահ՝ մասնակցելու ընդունելութեան միջոցառմանը:
Ուրախ ու զւարճալի մթնոլորտում ներկաները հիւրասիրւեցին օրւայ առիթով պատրաստւած կարկանդակով: Մանուկներին ուրախացրին ծաղրածուները և տիկնիկները մանկական հաճելի երգ ու պարով: Նաև նւէրներ ստացան ինն 40 օրեայ մինչև 6 ամսւայ մկրտւած մանկուկները և 4 զաւակ ունեցող մի ընտանիք:
Միջոցառման աւարտին ներկաները բաւարարւած թողեցին սրահը, իրենց հետ տանելով քաղցր յուշեր:
Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախումբ
{gallery}2016061402{/gallery}