Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



17-րդ շրջանի ՊԺ-ի հերթական նիստը զբաղւեց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացրած բիւջէի եւ ներհամայնքային հարցերով

Թեհրանի հայոց թեմի 17-րդ գումարման Պատգամաւորական ժողովի հերթական նիստը կայացաւ չորեքշաբթի թւականիս նոյեմբերի 26-ին, դոկտ. Սեւակ Հաթամեանի ատենապետութեամբ:

Տէրունական աղօթքով մեկնարկած նիստի սկզբում, ՊԺ-ի ատենադպիր Արտոյտ Զոհրաբեանը ստուգեց ժողովի թւային պատկերը, իսկ ատենադպիր Արփի Ալավերդեանը ընթերցեց նախորդ նիստի արձանագրութիւնը:

Առաջին օրակարգով ժողովը զբաղւեց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից ներկայացւած իրանական 1404 թւականի բիւջէի քննարկումով, որը մանրազնին կերպով ներկայացնում էր ազգային կառոյցների՝ եկեղեցիների, դպրոցների, գերեզմանատների, «Ա. Աւետիսեան» բուժարանի, ազգային առաջնորդարանի եւ յարակից այլ կառոյցների ծախսերը, գոյացած մուտքերը եւ բացերը: Պատկերը ներկայացւեց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի նիւթականի պատասխանատու Արին Ալեքսանդրեանի կողմից: Ապա ՊԺ-ի Տնտեսական յանձնախմբի անունից պատգամաւոր Ալֆրէդ Քեշիշեանը անդրադարձաւ Թեմական խորհրդի հետ յանձնախմբի ունեցած նիստերին եւ բիւջէի հարցերով, ներառեալ՝ ազգապատկան կալւածների լաւագոյնս օգտագործելու առումով ներկայացւած առաջարկութիւններին: Լսումներից յետոյ պատգամաւորները ներկայացրեցին իրենց հարցադրումները, թէ՛ Թեհրանի հայկական համայնքում եղած կալւածների, եւ թէ՛ Թեհրանի հայոց թեմին կից շրջանների՝ Ռաշտ, Անզալի, Արաք, Գորգան, Ղազւին եւ Սարիի կալւածների լաւագոյնս օգտագործման եղանակների վերաբերեալ, որպէսզի ըստ կարելոյն բիւջէի բացը հնարաւոր լինի նւազագոյնին իջեցնել: Ազգապատկան կալւածներից մի քանիսի վաճառման, ազգային որոշ կալւածների վարձակալութեան արդիւնքում գանձւած գումարների եւ վարձակալութիւնները աւելի օգտակար դարձնելու նպատակով Թ.Հ.Թ. Թեմական խորհդրի կիրառած քայլերի, այդ թւում՝ Նոր Բուրաստանի քարտաշների հարցով նոր միջոցառումների մասին բացատրութիւններ ներկայացրեցին խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ խորհրդի անդամ Հարմիկ Աւետեանը:

Քննարկումներից, առաջարկութիւններից եւ ըստ էութեան արտայայտութիւններից յետոյ ժողովը 28 թեր եւ 4 ձեռնպահ քւէներով հաստատեց բիւջէի նախահաշիւը եւ ժողովը առաջարկեց, որ Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը իրանական 1405 թւականի համար նախատեսւած բիւջէն ներկայացնի փետրւար ամսին:

Նիստին ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ.Արա Շահվերդեանը եւ Թ.Հ.Թ. Հաշւեքննիչ մարմնի անդամները:

Դադարից յետոյ ժողովը բուռն քննարկումներով անդրադարձաւ Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր Եղբայրակցութեան կառոյցային հարցերին եւ աշխատանքներին, որի մասին բացատրութիւններ ներկայացրեց պատգամաւոր Վալոդ Հախինեանը: Ապա պատգմաւորները ներկայացրեցին իրենց հարցադրումները Եղբայրակցութեան գործունէութեան եւ ընթացքի մասին, եւ որոշւեց յառաջիկայ նիստի ընթացքում շարունակել նշւած օրակարգը:

Լուրը՝ «Ալիք»-ից

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ