«Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի խաղագետնի վերակառուցման մասին լուրը հրապարակւելով, Թեհրանի Հայոց թեմի Յարաբերական մարմնի ներկայացուցիչը զրոյց է ունեցել Թեհրանի Քաղաքի Բարեկարգման և Գեղեցկացման Կազմակերպութեան գործադիր տնօրէնի տեղակալ՝ դոկտ. Քէյհան Մոհամմեդխանիի հետ:
Դոկտ. Մոհամմեդխանին իր զրոյցի առաջին բաժնում բացատրեց Թեհրան քաղաքի բարեկարգման կազմակերպութեան հիմնական առաքելութիւնները, որոնք են՝
1. Քաղաքային կահոյքի նախագծում եւ տեղադրում, որը ներառում է նստարաններ, զբօսայգիների լուսաւորութիւն եւ աղբամաններ (աշխարհում քաղաքային կահոյքը ներառում է շուրջ 110 պարագաներ, սակայն ներկայումս տարածում ունեն դրանցից երեքը):
2. Հրապարակային գովազդ, որը ներառում է մշակութային ու առեւտրական գովազդները, որոնք քաղաքում ներկայացւում են ցուցատախտակների, բանէրների ու կամուրջի եզրերի միջոցով (Մշակութային գովազդները կատարւում են կրօնական տարբեր առիթներով, նաեւ մշակութային, քաղաքային ու պատմական իրադարձութիւնների հետ կապւած: Դրանց մի մասն էլ միտւած է փոփոխութիւն առաջացնելու քաղաքացիների վարմունքում, որը ներառում է տրանսպորտի, առողջապահութեան ու դաստիարակչութեան ոլորտները):
3. Խանութների, բժիշկների ընդունարանների, գրախանութների եւ այլն ցուցափեղկերի բարեկարգում:
4. Որմնանկարներ ու պատերի վրայ ստեղծւող այլ էլեմաններ այդ թւում գրաֆիտիներ, նկարչութիւններ ու սալիկապատումներ:
5. Արձանների եւ քաղաքային էլեմանների արտադրութիւն ու տեղադրում:
6. Շէնքերի, յատկապէս պատմական շինութիւնների ու կոթողների եւ գլխաւոր պողոտաներում գտնւող հաստաբուն ծառերի լուսաւորութիւն:
7. Որոշ հին շէնքերի վերանորոգում, վերակառուցում ու զարդարում:
Դոկտ. Մոհամմեդխանին ակնարկելով Թեհրանի Բարեկարգման և Գեղեցկացման Կազմակերպութեան ու քաղաքապետարանի վարած քաղաքականութեանը, ասաց. «Մեր նպատակն է Թեհրան քաղաքը պատրաստել գեղեցիկ դիտւելու համար, քաղաքի պատերը մաքրելով, քաղաքի խորհրդանիշները վերանորոգելով եւ դրանց լուսաւորելով: Մենք այս քայլերով պատերը վերադարձնում ենք իրենց պատկանած ժամանակաշրջանին ու քաղաքին բնական գեղեցկութիւն ենք փոխանցում: Քաղաքացիներն էլ նկատում են այս գեղեցկութիւնները եւ անդորրի զգացում են ապրում: Տեսողական ժխորն ու անսովոր գունաւորումները նեարդացնում են քաղաքացիներին եւ նրանք կորցնում են այն անդորրը, որ պիտի ունենան մեքենավարելիս կամ փողոցով քայլելիս»:
Դոկտ. Մոհամմեդանիի համոզմամբ Թեհրանի քաղաքապետարանի ծառայութիւնները հաւասարապէս պատկանում են Թեհրանում ապրող բոլոր քաղաքացիներին, ովքեր հարկեր են վճարում: Չի բացառւում նաեւ թեհրանահայութիւնը: Թեհրանի քաղաքապետարանը համագործակցում եւ անհրաժեշտ օժանդակութիւններ է կատարում հայերի միջոցով տնօրինւող ուսումնական, մշակութային, պատմական ու կրօնական շինութիւնների վերանորոգման ու լուսաւորման գործին:
«Թեհրան քաղաքի Բարեզարդման կազմակերպութիւնը Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից ներկայացւած շատ պարագաներում թէ ուղղակի եւ թէ 22 շրջանների քաղաքապետարանների միջոցով վերանորոգման, վերակառուցման ու լուսաւորման ուղղութեամբ անհրաժեշտ քայլեր է վերցրել»,-յաւելեց դոկտ. Մոհամմեդխանին:
Դոկտ. Մոհամմեդխանին զրոյցի ժամանակ անդրադարձաւ այդ ուղղութեամբ իրականացւած որոշ աշխատանքների՝
1. Վերջին վերանորոգութիւնը կատարւել է Թեհրանի «7 Թիր» հրապարակի հիւսիս-արեւելեան անկիւնում գտնւող «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզում, որի խաղագետինը վերանորոգւել է եւ տեղադրւել են վստահելի ու անվտանգ խաղամիջոցներ, որպէսզի մանուկները ապահով միջավայրում խաղան ու ծնողներն էլ այդ կապակցութեամբ մտահոգութիւն չունենան:
2. Լուսաւորման բնագաւառում նախագծւել ու իրականացւել է Թեհրանի Ս. Սարգիս եւ Ս. Մարիամ Աստւածածին եկեղեցիների եւ Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատռան լուսաւորումը: Նախագծւել է նաեւ Ս. Գէորգ եկեղեցու լուսաւորումը, որը շուտով կիրականացւի:
3. 2011 թւականին «Արարատ» մարզաւանում տեղադրւել է մարզական լրիւ մի փաթեթ, կահոյք ու նստարաններ, լուսաձողեր, մանկական խաղագետնի միջոցներ ու յատակի ապահով ծածկոյթ:
4. 2006 թւականին խաղամիջոցներ են տրամադրւել «Քուշէշ» եւ «Ա. Ահարոնեան» մանկապարտէզներին:
Բացի այդ Թեհրանի տարբեր ու յատկապէս հայաբնակ քաղաքամասերի քաղաքապետարաններում գտնւող բարեզարդման գրասենեակները կատարել են աշխատանքներ, որոնցից կարելի է յիշել՝
1. 3-րդ քաղաքամաս՝ Վանաքի Ս. Մինաս եկեղեցու դրսի բաժնի լւացումը:
2. 6-րդ քաղաքամաս՝ շրջանի եւ բաժնի քաղաքապետների այցելութիւնը նահատակ Գագիկ Թումանեանի բնակարանը եւ «Շոա» հրապարակի անւանափոխումը «Նահատակ Թումանեանի հրապարակ»-ի եւ համապատասխան ցուցատախտակի տեղադրում: Նաեւ հայ նահատակների ուղեւորութեան կազմակերպում դէպի պարտադրեալ պատերազմի ճակատներ:
3. 7-րդ քաղաքամաս՝ որպէս զրկւած շրջաններից մէկն, այստեղ բազմաթիւ աշխատանքներ են իրականացւել, որոնցից են 350քմ տարածութեամբ եկեղեցու դրսի բաժնի լւացումը, տհաճ պատկերով պատերի ծածկում, հայ նահատակների անւամբ կոչւող փողոցների ցուցատախտակների տեղադրում, փողոցների ցուցատախտակների մաքրում եւ անթոյլատրելի գովազդների հաւաքում:
4. 8-րդ քաղաքամաս՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու ներկում, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու բակի լւացում ու ներկում, նաեւ եկեղեցու լուսաւորում, որը կիրականացւի յառաջիկայ հոկտեմբեր ամսին:
5. 14-րդ քաղաքամաս՝ 500քմ տարածութեամբ Դուլաբի գերեզմանատան պատերի ծածկումը:
Դոկտ. Մոհամմեդխանին զրոյցի աւարտին յոյս յայտնեց, որ որպէս Թեհրանի ժողովրդի ծառայողներ՝ Թեհրանի քաղաքապետարանի եւ հայ համայնքի կապերը առաւել կսերտանան եւ ասաց. «Մենք որպէս Թեհրանի քաղաքացիներին ծառայութիւն մատուցողներ պատրաստ ենք վերանորոգման, բարեզարդման, ու անհրաժեշտ սարքերի տեղադրման աշխատանքներ իրականացնել Թեհրանի Հայոց Թեմական խորհրդի միջոցով տնօրինւող ու ազգային առաջնորդարանի կողմից մեզ ներկայացւող բոլոր վայրերում»: