Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ներբող՝ Թարգմանչաց Պսակ Ս. Մեսրոպ Մաշտոցի Յիշատակին

Դու քաջ հերոս ու պալատական, աշխատող ձեռք ու ստեղծող միտք, Աստւածապաշտ ու հայրենասէր, Քրիստոսատրոփ ու ազգամեծար, խորաթափանց ու խորագէտ, տագնապող սիրտ ու խռովեալ հոգի, ո՛վ մեծասքանչ ու մեծատառ անո՛ւն Մեսրոպ՝ Մաշտոցն ես դու։

Դո՛ւ իրատես հայորդին ես, ապագայատես մարգարէն ես, Քրիստոսակիր կուսակրօնն ես ու հայ ազգի՝ մեծ Ռաբբին ես։ Ո՛վ մեծահրաշ Ադամորդի, դո՛ւ պարգեւալի ու շնորհաճառագ, որպէս հոգեզաւակ մի հայորդի ու Թարգմանչիդ մի յետնորդի, անխօս կանգնած ու ապշահար՝ խոնարհւում եմ առջեւը Մեծիդ։ 

Դո՛ւ ճաշակողն քաղցրութեան աստւածային ճշմարտութեան, ո՛վ ինքնազոհ ու անձնւէր, եկեղեցու սպասաւոր ու ազգի ծառայ դու անձնդիր, ո՛վ Հայկազուն ու հայաբոյր, հայկեան կեանքի ու ինքնութեան ազատարար Մեսրո՛պդ դու, որ Մաշտո՛ցն ես փրկչահամբաւ։ 

Գո՛վքդ ենք հիւսում, փա՛ռքդ ենք երգում, ո՛վ պանծալի, ո՛վ հրաշալի, նայում ենք քեզ եւ ի՜նչ տեսնում, եթէ ոչ այն՝ ինչ իսկ քոնն է. անխորտակելի կամք, անսպառելի ուժ, անկասելի ընթացք, անպարտելի հաւատք, անսահմանելի սէր, անթաքչելի լոյս ու յոյս մշտավառ։ Դու մեզ համար անյաղթ տիտան, անմառ փարոս, լապտեր ձիթալի, աննմանակելի արարածն ես դու, ո՛վ մեծ Մաշտոց՝ Սուրբդ Մեսրոպ։

Աստծուն փառք, Բարձրեալին օրհներգ, Անմահին ալէլուք եւ Արարչին բարեբանութիւն, քե՛զ՝ մեծիդ, այո՛, բայց խոնարհիդ ստեղծելուն համար. քե՛զ, մեծապատիւիդ, այո՛, բայց ծառայիդ մեզ ընծայելուն. քե՛զ՝ Ուսուչապետիդ, այո՛, բայց յարատեւ աշակերտողիդ իբրեւ Վարդապետ մեզ շնորհելուն. քե՛զ՝ հարուստիդ, այո՛, բայց ինքնաղքատացմամբ բազմամիլիոններիս հարստացնողիդ գոյակերպելուն համար. քե՛զ՝ հողեղէնիդ, այո՛, բայց ոգեղինացածիդ կազմողին համար եւ քե՛զ՝ մահկանացու երկրաբնակիդ, այո՛, բայց Քրիստոսով անմահ երկնաքաղաքացուդ լոյս աշխարհ բերելուն ու մեզ ժառանգելուն համար։ Հազա՜ր երախտիք ու բի՜ւր փա՛ռք քեզ, ո՛վ բարեգութ Հայրը հայուն, բազումողորմ ու մարդասէր յաւիտենականութեան Աստւածը մեր։

Ի՛նչպիսի ո՛ւժ ու հզօր կամք են ամբարւած քո մէջ, ո՛վ սուրբ Մեսրոպ։  Ի՛նչպիսի սէ՛ր ու յո՛յս են դրանք, որոնցով պարուրւել ես ու ժայռացել, այդ ի՜նչ հաւատ է ու զօրութիւն, աստւածահաստատ վստահութիւն, ի՜նչ խոր ու վսեմ եւ անքակտելի կապւածութիւն հանդէ՛պ հողին, հայրենիքին, արմատներին, ցեղի ոգուն ու էութեան, ո՛վ առաքինի Սուրբդ Մաշտոց։ 

Դո՛ւ գիտակից ու նախանձախնդիր, ժիր ու արի հովիւն ես դու, եւ զոհւելու պատրաստակամ՝ եղբայրասէր Մեծ մարդն ես դու։ Երրեակ ուրոյն յատկանիշներ են քեզ անվերջ պատմուճանել. աստւածատո՛ւր կոչում վերին, Քրիստոսակնի՛ք ներուժ-եռանդ եւ ամբողջակա՛ն յանձնառութիւն. որոնց առջեւ չկան արգելք ու խոչընդոտ, որ չխորտակւեն ու չվերանան, եւ անհնարը դառնայ հնարաւոր ու անկարելին՝ կարելի։   

Անցել են օրեր ու տարիներ, թաւալել են դարեր ու ժամանակներ, ընդ որում բուք ու մռայլ ամպրոպ, քամի, կայծակ, շանթ ու անձրեւ եւ ալիքներ, շարունակ տեղալով, անկաս փչելով, սերտ շփւելով, մերթ սուլելով, պինդ խփելով ու բախւելով՝ նոյնիսկ լեռներ են մաշեցրել ու ժայռեր էլ՝ անհետացրել։ Բայց ո՛վ դիւցազն մա՛րդ Աստծու, հաւատարիմ ու բարեգործ, Քրիստոսահաստատ Ժայռին կանգնած՝ իբրեւ հսկայ մի ապառաժ, որ ո՛չ միայն դարերի հարող՝ փոշիացնող զարկի ներքոյ ու մոռացութեան ծածկոյթի տակ չմաշւեցիր ու չնսեմացար, այլ ՕՇԱԿԱՆԻ անկիւնից խոնաւ՝ դու հայելով ու նայելով՝ աւելի զօրեղ, աւելի պայծառ ու փառահեղ ես դու դարձել, աւելի փայլուն ու կենդանացած՝ տարուց-տարի, սերնդից-սերունդ ու դարուց-դար վիթխարակեպ անկաս երթով՝ շարունակում ես դու մնալ ու դեռ տոկալ, բարձրաղաղակ վկայել անվերջ, շնչել, ապրել ու ստեղծագործել, պատերազմել ու յաղթանակել եւ ի վերա՛յ ամենայնի՝ գոյատեւել ու սերմանել։

Քեզ փա՛ռք, պատիւ ու մեծարանք, ո՛վ հայ գրի մեծ Գիւտարար։ 

Երնե ՜կ քեզ սուրբ, հազար երնե՜կ, ո՛վ հայ լեզւի աննինջ Պահակ։ Քեզ սէ՛ր ու յարգանք անյա՛ղթ հերոս, ո՛վ Քրիստոսի անվախ Զինւոր, խո՛ւնկ ու աղօթք եւ օրհնութիւն քո անթառամ յիշատակին, ո՛վ ճգնաւոր ու աղօթասաց հրեշտակների ընկերակից, սրբակենցաղ ու ցանկալի Աստծւածաշնչի Մեծ Թարգմանիչ եւ Աղբիւրից յաւերժ ըմպող՝ Կենդանի Խօսքի քա՛ջ քարոզիչ, ընկալ այժմ ներբողն իմ այս, որ անւան քո եմ ես ձօնած։  

Երեսուն եւ վեց անմահների, հսկաների դո՛ւ Սպարապետ, անվերջ կռւող ու մարտնջող եւ միշտ յաղթող վեհ Զօրավար, ոսկեդարու շղթան կազմող դու մշտափայլ անժանգ Օղակ, սերնդներիս համար դու մի՛շտ, մագնէտացեալ ուժն ես հզօր։ 

Օրհնութի՜ւն քեզ ո՛վ մեծահանճար, օրհնութի՜ւն քեզ ու քո անւան, Հայու պարծանք ու փառքի պսակ, ո՛վ Սուրբդ դու՝ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ։

Մակար եպս. Աշգարեան            

Թեհրան, 03/10/ 2016

ՏՕՆԵՐ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ