Friday, 13 January 2023
Անւանակոչութիւն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի
Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Ծննուդ եւ մկրտութիւնից ութ օր յետոյ տօնում է Քրիստոսի անւանակոչութիւնը։ Համաձայն Գաբրիէլ հրեշտակապետի պատգամի, տանում են տաճար, հրեական օրէնքի համաձայն թլպատում Յովհաննէս Մկրտչի հօր` Զաքարիայի ձեռքով, եւ Յիսուս են կոչում: Յիսուս անունը Փրկիչ է նշանակում ։
Հին Ուխտում ընդունւած էր արու զավակներին թլպատել, որպեսզի նրանք ստանան աբրահամեան սերնդի եւ աստւածային ուխտի կնիքը: Նոյն միջոցին կատարւում էր նրանց անւանակոչութիւնը: Հրեաների մոտ մանուկներին թլպատում էին նաեւ այն պատճառով, որ Աբրահամի որդիները զանազանւէին հեթանոսներից,եւ սա խորհրդանշում էր մարդկային աւելորդ ցանկութիւնները, ինչը սրտի թլպատութեան խորհուրդն ունի:
Մանուկ Յիսուսը մեզ համար թլպատւեց, թէեւ չունէր դրա կարիքը, որովհետեւ Տէրը չունի ո՛չ սկզբնական եւ ո՛չ էլ ներգործական մեղքեր, այլ անսերմ յղութեամբ է կոյսի արգանդում մարդացել: Յիսուսի պարագային այս կարգը կատարւեց հաւատքի հօր` Աբրահամի Աստծու ուխտի ճշմարտութիւնը հաստատելու համար, որպէսզի հաւաստի սուրբ հայրերի կողմից տրւած աւետիսը: Յիսուսի թլպատութիւնը ոչ թէ անհրաժեշտութեան, այլ հաստատւած օրէնքը յարգելու եւ կատարելու համար էր:
Յիսուս յանձն առաւ թլպատւել, որպէսզի փաստւի Իր ճշմարիտ կատարյալ մարդեղութիւնը, որպէսզի չկարծեն, թէ թւացեալ է մարդացել եւ պէտք էր, որ Իր իսկ կարգած օրէնքը Ինքը անձամբ կատարեր ու պատւէր, որպէսզի հաւատային, որ Նա է օրէնքի սահմանողն ու հայրերի Աստւածը:
Յիսուս, սակայն, կրելով թլպատութիւնն ու օրէնքով սահմանւած այլ կարգերը, մեզ ազատեց թլպատութիւնից ու օրէնքի ծառայութիւնից եւ սրտի թլպատութե, այսինքն մկրտութեան եւ ապաշխարութեան շնորհով փրկվելու ուղին ցոյց տւեց մեզ։