Thursday, 12 January 2023
7-րդ օր Սուրբ Ծննդեան
Հռ 1։1_7;Ղկ 2.1_7
Հռոմեացիներ 1:1-7
1 Պօղոսը՝ Յիսուս Քրիստոսի ծառան, կոչումով առաքեալ, ընտրուած քարոզելու Աստծու Աւետարանը, 2 որ նա առաջուց խոստացել էր իր մարգարէների միջոցով սուրբ գրուածքներում 3 իր Որդու մասին, որը մարմնով սերում էր Դաւթի սերնդից եւ 4 որը, զօրութեամբ, Աստծու Որդի էր սահմանուած ըստ Սուրբ Հոգու՝ մեռելներից իր յարութեամբ, - մեր Տէր Յիսուս Քրիստոսը, 5 որի միջոցով ստացանք առաքեալ լինելու շնորհ՝ իր անուան համար հաւատի հնազանդութեան բերելու բոլոր հեթանոսներին, 6 որոնց թւում էք եւ դուք՝ կանչուածներդ Յիսուս Քրիստոսին. 7 ամենքիդ, որ Հռոմում էք, Աստծու սիրելիներիդ, կանչուած սրբերիդ, ձեզ շնո՜րհ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։
Ղուկաս 2:1-7
Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելաւ՝ ամբողջ երկրում մարդահամար անելու համար։ 2 Այս առաջին մարդահամարը տեղի ունեցաւ, երբ Կիւրենիոսը կուսակալ էր Ասորիքում։ 3 Եւ բոլորը գնում էին արձանագրուելու մարդահամարի՝ իւրաքանչիւրն իր քաղաքում։ 4 Յովսէփն էլ Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով՝ Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, 5 մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր։ 6 Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, 7 եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար։