Tuesday, 26 March 2024
Աւագ երեքշաբթի
Աւագ երեքշաբթին խորհրդով կապւած է նախորդ օրւայ հետ. Չորացած թզենու եւ թէ 10 կոյսերի առակը մեզ յիշեցնում է, որ մենք մեր առաքինի գործերով հոգեպէս պէտք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստեանը, այլապէս կը չորանանք թզենու պէս եւ երկնքի արքայութիւնից դուրս կը մնանք հինգ յիմար կոյսերի նման:
Աւագ երեքշաբթի, երեկոյեան ժամերգութեան ընթացքին, եկեղեցու ատեանում կանգնում են տասը մանուկներ` խորհրդանշելով տասը կոյսերին եւ իրենց ձեռքին պահելով մոմեր` հինգը վառւող, իսկ հինգը` հանգած: «Մանուկների ձեռքը վառւող մոմ են տալիս, որը խորհրդանշում է հաւատքի լոյսը ։
Օրւայ աւետարանական հատւածը հոգեւոր արթնութեան կոչ է անում. «Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք Տիրոջ գալստեան եւ ձեր բարի կամ չար գործերի քննութեան ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը»:
(Մատթ. 25 1-13)
Ըստ սաղմոսերգոյի Քրիստոսը որպէս արեգակ Գիշերւայ պահին ծագելու է Հօր փառքով՝ ինչպէս Փեսայ՝ ․ «Ինքն ասես Փեսայ լինի, որ ելնում է Իր առագաստից» (Սաղմ. 18։ 6), և պատրաստներին ներս է մտցնելու, իսկ ծոյլերի համար փակելու է արքայութեան դուռը: Այն, ինչ լինելու է այն ժամանակ, այժմ մեզ զգուշացնում է, որ զգաստ ու արթուն լինենք, այդ պատճառով էլ ասւում է. «Այն ժամանակ Երկնքի արքայութիւնը պիտի նմանւի տասը կոյսերի» (Մատթ. 25։ 1):
Արդ տեսնենք մարդու բնութեանը յարաբերաբար, ի՞նչ է խորհրդանշում տասը թիւը։
Ամէն մարդ ունի տասը զգայարան, որից հինգը հոգուն են պատկանում, հինգը՝ մարմնին։ Դրանոցով ենք մենք բարի եւ չար գործեր կատարում: Ովքեր ապաշխարութեամբ և ողորմածութեամբ սրբում են իրենց տասը զգայարանները, այսինքն՝ միտքն, հոգին ու մարմինը, նրանք արժանանալու են վերին կոչման եւ Աստծու արքայութեան:
Լապտերի լոյսը հաւատքի լոյսն է,եւ իւղը խորհրդանշում է ողորմութիւնն ու մարդասիրութիւնը: Սրանք գործելով է, որ յաւելում ենք մեր հաւատքը եւ նմանւում Աստծուն։
Իւրաքանչիւր մարդ, իր կատարած գործերով, պիտի կանգնի Քրիստոսի ահեղ ատեանի առջև:
«Նրանցից հինգը յիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն»:
Իմաստուն մարդիկ, նրանք են, ովքեր հոգու փրկութեան համար են սերմանում եւ յիմար են նրանք, ովքեր մարմնի գործերով զբաղւելով զրկւում են յաւիտենական կեանքից: