2022 թւականի փետրւարի 22-ին տօնն էր Ղեւոնդեանց քահանայից։ Հոգեւոր հայրեր, որ Աւարայրի մեծ ճակատամարտին 451 թւականին Ղեւոնդ երէցի նման արիացեալ ոգով՝ զինավառեցին վասն հաւատքի եւ վասն հայրենեաց մարմնաւոր բանսարկոյի դէմ դուրս եկած զօրավարներին։
Այս տարի եւս այդ առիթով Նախագահութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի, Սրբոց Թարգմանչաց եկեղեցում Արժ․ Տ․ Մաշտոց Քհնյ․ Խաչատրեանի ձեռամբ մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ։ Արարողութեանը ներկայ էին, թեմիս քահանայ հայրերը, որոնցից ոմանք խոնարհաբար սպասարկում էին Սուրբ եւ Անմահ Պատարագին․ նաեւ իրենց մասնակացութիւնն էին բերել եկեղեցիների խորհուրդների ներկայացուցիչներն ու նշմարելի թւով հաւատացեալներ։Արարրողութեանը նաեւ ներկայ էր Թեմական խորհրդի անդամ պրն.Հայկազ Շիրւանեանը:
Սրբազան Հայրը յընթացս քարոզի ասաց. այսօր մեր եկեղեցին ոգեկոչում է մի խումբ եկեղեցականների տօնը,որոնք իրենց արեամբ վկայեցին իրենց քրիստոնէական հաւատքը։Ապա անդրադառնալով օրւայ աւետարանական հատւածին,որ ասում է.«Մի վախեցէք նրանցից, որոնք մարմինն են սպանում եւ ապա ուրիշ բան անել չեն կարող: Ասեմ, թէ ումից պէտք է վախենաք: Վախեցէք Աստծուց, որ սպանելուց յետոյ իշխանութիւն ունի դժոխք գցելու»,հաստատեց այն իրողութեան որ բազում քրիստոնեաներ իրենց կոչումի համար նահատակւել են, բայց իրենց մահը եղել է ֆիզիկական,ուստի ապրել է նրանց հաւատքը։ նա յաւելեց որ Ղեւոնդեանք քահանաները Յովսէփ կաթողիկոսից սկսեալ մինչեւ երէցը ճանաչւեցին որպէս Ղեւոնդեանք քահանաներ, անձինք որոնք իրենց զօրեղ հաւատքով դէմ կանգնեցին Յազկերտին՝ արհամարելով մահը եւ նրա սնօտի հաւատը եւ իրենց մահով վկայեցին իրենց քրիստոնէական հաւատքը եւ չվախեցան նրանցից որ միայն մարմինն են սպանում, եւ այդպիսով կատարեցին Քրիստոսի պատւէրը, քանի ով հաւատքով է գօտեպնդւած հոգեղինացած է եւ ապրեցնում է իր հաւատքը:
Սրբազան Հայրը նաեւ անդրադառնալով օրւայ խորհրդին, յաւելեց,ըստ եկեղեցու հայրերի այս օրը նւիրագործւել է որպէս քահանաների օր,եկեղեցու այն սպասաւորրների տօն՝ որոնց պարտականութիւնն է մարդկանց դէպի փրկութիւն առաջնորդել եւ իրենց բարի վարքով նրանց համար օրինակ դառնան,սպասաւորներ որոնք Պօղոս առաքեալի ուսուցումներով ներշնչւած ընտրւած են հաւատացեալներին,կարիքաւորներին,անմխիթար այրիներին մխիթարելու, թէ եւ այսօր կեանքի պայմանները փոխւած են, բայց օրւայ պայմանների լոյսի տակ պիտի կատարեն իրենց պարտականութիւնները։
Նա յաւելեց որ բոլորս ուխտաւորներ ենք, որ եկել ենք այս երկրի վրայ կատարելու Աստծու կամքը,եւ Աստծու կամքը այն է որ հաւատանք Քրիստոսին եւ նրա ուսուցումներին:Հաւատքի մասին եւս անդրադառնալով ասաց, որ հաւատքը թէ զսպանակիչ եւ խթանի ուժն է որ մարդուն մղում է գործելու Աստծու անդաստանում։
Սրբազան Հայրը եզրակացնելով իր խօսքը, ողջունելով Հայոց Զոյգ Սուրբ Աթոռների Գահակալ Հայրապետներին եւ Հայոց Առաքելական Եկեղեցու անդաստանում ծառայող հոգեւորականներին շնորհաւորեց Սրբոց Ղեւոնդեաց՝ քահանայից տօնը:
Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն հանգուցեալ քահանայ հայրերի հոգւոյ հանգստեան համար:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ