Կիրակի, թւականիս հոկտեմբերի 16-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Կրթականի խորհրդի հետ կապ տկն. Անի Միրզախանեանի, ներկայ եղաւ Կրթական խորհրդի հերթական նիստին:
Հանդիպման ընթացքում Կրթական Խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը ընդհանուր զեկոյց ներկայացրեց դպրոցների վերաբացման ընթացքում իրագործւած աշխատանքների կապակցութեամբ նաեւ ներկայացրեց հայկական բոլոր դպրոցների աշակերտութեան թւային պատկերը՝ դասարան առ դասարան:
Պրն. Նորայր Արամեանը իր արտայայտութիւնների ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ կրթական ոլորտին առնչւող աշխատանքներին եւ յայտնեց, որ Թեմական խորհուրդը բոլոր դժւարութիւններով հանդերձ՝ աշխատում է հնարաւորութեան սահմաններում նեցուկ հանդիսանալ դպրոցներին եւ դժւարութիւնները մեղմացնելով ապահովել եւ բարելաւել հայկական դպրոցների կրթական մակարդակը, որն իր կարեւորութեամբ միշտ առաջնահերթ է համարւել:
Նա անդրադառնալով որոշ դպրոցներում անհրաժեշտ շինարարական աշխատանքներին յայտնեց, որ ներկայիս ընթացքի մէջ է «Թունեան-Թովմասեան» դպրոցի սրահի յատակի նորոգման աշխատանքը նաեւ հաստատւել է «Շանթ-Մարիամեան» դպրոցում վերելակի տեղադրման ծախսերի նախահաշիւը, որը դա եւս իրագործման ընթացքի մէջ կը դրւի յառաջիկայ օրերին: Պրն. Արամեանը յաւելեց, որ ընթացքի մէջ է նաեւ Համակարգչային ճիւղի համար անհրաժեշտ սարքերի գնման աշխատանքը, որոնցից թւով 10-ը ստացել ենք Երկրի դպրոցները սարքաւորումներով օժտող, զարգացնող եւ վերակառուցող կազմակերպութիւնից (سازمان نوسازی توسعه و تجهیز مدارس کشور) եւ մնացեալը 28-ը կը տրամադրւի Թեմական խորհուրդի կողմից:
Հանդիպման աւարտին պրն. Նորայր Արամեանը բարձր գնահատեց Կրթական խորհրդի անձնակազմի հետեւողական աշխատանքը եւ յաջողութիւն մաղթեց ապագայ աշխատանքներին:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ