Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ՝ ՍՐԲՈՑ ԿՈՒՍԱՆԱՑՆ ՀՌԻՓՍԻՄԵԱՆՑ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Հոգեգալստեան «Պենտեկոստէի» տօնին յաջորդող կիրակին մեր եկեղեցին ոգեկոչում է յիշատակը Եղիա մարգարէի, իսկ նրա յաջորդ օրը յիշատակւում է Ս. Հռիփսիմէի եւ իր ընկերուհիների տօնը։

Մեր եկեղեցին սրբոց տօները տօնում է երկուշաբթի մինչեւ շաբաթ՝ բացի չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը, որոնք վերապահւած են ապաշխարութեան, բացառութեամբ Յիսնակաց շրջանին զուգադիպող չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին։

Արդարեւ Հոգեգալուստեան կիրակի օրւան յաջորդող երկուշաբթի օրը մեր եկեղեցին յատուկ շարականներով եւ հանդիսաւորութեամբ տօնում է Սրբոց Հռիփսիմեանց կոյսերի տօնը։

Հռիփսիմեանց կոյսերի նահատակութիւնը նախորդում է Հայաստանում 301 թւականին քրիստոնէութեան պետական կրօն հռչակման մեծ իրադարձութեան, որով Հայաստան աշխարհը հանդիսանում է առաջին երկիրը քրիստոնէութիւնը պաշտօնապէս, որպէս իր կրօնը ճանաչող։

Հռիփսիմեանց անունով ծանօթ նահատակ 37 կոյսերն, ըստ պատմական աղբիւրների Հռոմից փախուստ են տալիս օրւայ Դիոկղետիանոս կայսրից, որ լսած լինելով Հռիփսիմէի գեղեցկութեան մասին, ուզեցել էր իր հետ ամուսնանալ, սակայն կոյսն իր ընկերուհիների եւ իրենց պետի՝ Ս. Գայիանէի գլխաւորութեամբ Արեւելք են գալիս, Եգիպտոսի վրայով անցնում են Երուսաղէմ, ուր տիրակոխ վայրերը ուխտաւորաբար այցելելուց յետոյ գալիս են Հայաստան եւ մի ժամանակ Հոգեաց վանքում մնալուց յետոյ անցնում Վան եւ երկար ժամանակով մնում են Վարագայ լեռան վրայ, որից յետոյ գալիս են Վաղարշապատ։ Այստեղ Վաղարշապատի հնձաններում թաքնւելով շարունակում են իրենց աւետարանչական գործը։ Շուտով նրանց թաքստոցը յայտնւում եւ բացայայտւում է նաեւ Հռիփսիմէի գեղեցկութեան համբաւը եւ Տրդատ հայոց թագաւորը ուզում է ամուսնանալ Հռիփսիմէի հետ։ Թագաւորը իր պալատը բերել է տալիս Հռիփսիմէին եւ հմայւած իր գեղեցկութեամբ, ուզում է ամուսնանալ նրա հետ։ Հռիփսիմէն մերժում է։ Թագաւորին կոյսը համոզելու բոլոր ճիգերը ի դիւրին են անցնում, վերջին փորձը անում է փորձելով Գայիանէին համոզի, որ այս վերջինը իր սանուկը համոզի, սակայն բոլոր ջանքերը իզուր են անցնում։ Թագաւորը յուսահատ իր ջղագրգիռ վիճակի մէջ հրահանգում է սպանել Հռիփսիմէին եւ բոլոր ընկերուհիներին, որոնցից երեքը ազատւում եւ անցնում են Վրաստան եւ այնտեղ շարունակում են իրենց առաքելական պարտականութիւնը։ Պատմութիւնը յուշում է, որ Տրդատ թագաւորը խորապէս յուզւած կոյսերի նահատակութիւնից խոր տխրութեան մէջ է մտնում, մոլեգնում է եւ սկսում թափառել դաշտերը։ Թագաւորի այս ծանր վիճակը մտահոգում է պալատականներին, բժիշկները անզօր են թագաւորին վերադարձնել իր առողջութիւնը։ Այդ օրերին արքայի քոյր Խոսրովիդուխտը երազ է տեսնում, ըստ որի՝ միայն Խոր վիրապ նետւած Գրիգորը կարող է բժշկել հիւանդ թագաւորին։ Երազը մի քանի անգամ կրկնւում է. Խոսրովիդուխտի պնդումի վրայ, պալատի իշխաններից Օտա Ամատունին գնում է Խոր վիրապ, եւ ի՜նչ հրաշք, Գրիգորը դեռ ողջ էր։ Նրան շտապ հանում են գբից, բերում Վաղարշապատ, որտեղ Գրիգոր նախ հնգօրեայ պահեցողութեան մի շրջան է հաստատում եւ ապա բժշկում հայոց թագաւորին, որ այնուհետեւ ընդունում է քրիստոնէութիւնը եւ այն հռչակում պետական կրօն։

Ահա թէ ինչու Սրբոց Հռիփսիմեանց տօնը ե՛ւ ազգային ե՛ւ կրօնական խոր իմաստ ունի եւ դրա համար էլ մեր եկեղեցին այդ հանդիսաւորապէս տօնում է։

Այս տարի յունիսի 5-ին, տօնն էր Սրբոց Կուսանացն Հռիփսիմեանց: Այս տօնն համընկնում է Ղազւինի Ս. Հռիփսիմէ եկեղեցու անւանակոչութեան տօնին: Այս առիթով ուրբաթ 23 յունիս 2023 թւականին, Հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի եւ Կազմակերպութեամբ Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհուրդների տեղի ունեցաւ միօրեայ ուխտագնացութիւն դէպի Ղազւինի Սորբ Հռիփսիմէ եկեղեցի:

Ուխտագնացութեան ընթացքին տեղի ունեցաւ Սուրբ եւ Անմահ պատարագ: Կրօնական աարարողութեան նախագահում էր Առաջնորդ Սրբազան Հայրը եւ պատարագիչն էր Արժ․ Տ․ Սահակ․ Քհնյ․ Խոսրովեանը։ Խորանում սպասարկում էին Բարեշնորհ Սարկաւագուհի Անի Քրիստի Մանուէլեանը, Բարեշնորհ Սարկաւագ Անանաիա Յարութիւնեանը եւ Կիսասարկաւագուհի Լիոդա Խոսրովեանը։ Ս. Պատարագի երգեցողութիւնը կատարում էր ուխտագնացութիւնների յատուկ երգչախումբը։

Արարողութեանը ներկայ էին Ի.Ի.Հ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, Թեմական խորհրդում Եկեղեցական խորհուրդների հետ կապ՝ պրն. Հայկազ Շիրւանեանը, եկեղեցիների խորհուրդների ներկայացուցիչները, Կրօնական խորհրդի Ա Ատենադպիր Արժ․ Տ․ Գրիգորիս Քհնյ Ներսէսեանը եւ նշմարելի թւով հաւատացեալներ:

Առաջնորդ Սրբազան Հայրը յընթացս քարոզի անդրադառնալով Սուրբ Հռիփսիմէ եւ Սուրբ Գայիանէ կոյսերի վարքին եւ գործունէութեան ասաց․-«Հռիփսիմեանց կոյսերն մեր եկեղեցու կեանքի մէջ մեծ դերեկատարութիւն են ունեցել, յատկապէս քրիստոնէութեան պետականացման նւիրական աշխատանքում»։ Նա յաւելեց, որ Սրբուհիները եւ նրանց ընկերուհիները Հայաստանում՝ իրենց նահատկութեամբ եղան Քրիստոսի սիրով վառւած կոյսեր, որոնք իրենք զիրենք ընծայեցին Քրիստոսին․ Նրանց նահատակութիւնը մեր ժողովրդի եւ եկեղեցու պատմութեան ամենայուզիչ եւ միեւնոյն ժամանակ դաստիրակիչ երեւոյթն է եղել, որովհետեւ նրանք իրենց հաւատքը պահպանելով Քրիստոսին խոստովանեցին եւ Քրիստոնէական հաւատքով ապրեցին ու գործեցին եւ իրենց ընկերուհիների հետ նահատակւեցին։

Սրբազան Հայրը բնութագրելով մարտիրոսներին ասաց, որ նահատակները Աստծու ամենայ մտերիմ անձնաւորութիւններն են, որովհետեւ նրանք խոստովանեցին Քրիստոսին եւ իրենց քրիստոնէական հաւատքով վկայեցին իրենց արեամբ։ Նա յաւելեց, որ մեր եկեղեցին միշտ պատւել է նահատակներին, որովհետեւ նրանք հանդիսացել են որպէս եկեղեցու սէրն ու կենդանի օրինակը։

Սրբազան Հայրը իր խօսքը եզրակացնելով ասաց.-«Մենք ամէն տարի ուխտագնացութեամբ գալիս ենք մեր հաւատքը նորոգելու եւ ամրապնդելու»։ Նա իր գնահատանքը ուղղեց հաւատացեալ ժողովրդին եւ կազմակերպիչ յանձնախմբին եւ բոլորի համար առ բարձրեալն Աստւած ցանկացաւ արեւշատութիւն եւ ուխտի կատարում։

Ս. պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն եկեղեցու բարերարի, նրա վաղամեռիկ Հռիփսիմէ դստեր ինչպէս նաեւ եկեղեցու երկար տարիների հոգեւոր հովիւ Երանաշնորհ Տ. Յարութիւն Աւ. Քհնյ. Տէր-Մեսրոպեանի (Բալայեան) հոգիների խաղաղութեան համար։

Պատարագից յետոյ Սրբազան հայրն իրեն ընկերակցող քահանաների հետ շրջագայեց եկեղեցու շրջափակում, գնահատեց եւ շնորհաւորեց ուխտաւորներին եւ բոլորին յաջողութիւն մաղթեց։ Այնուհետ Սրբազան Հայրն ու իր ընկերակիցները ճաշի հիւր եղան Զազւինի Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան:

Յայտնենք, որ Ղազւինում ներկայ դրութեամբ բնակւում է 25 շունչ հայ բնակչութիւն:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ